Հանգստյան օրերին ընդլայնվել են թեստավորման հնարավորությունները, Թորոսյանը տվյալներ է ներկայացնում (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Կորոնավիրուսի թեստերի թիվն ամեն օր ավելանալու է, ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը երկուշաբթի կառավարության արտահերթ նիստի ժամանակ։
Նա նշեց, որ վերջին տվյալներով, երկրում գրանցվել է վարակի 26 նոր դեպք, ինչի արդյունքում հիվանդացածների թիվը հասել է 1039–ի։ Նրանցից ևս 14 մարդ առողջացել է և դուրս է գրվել հիվանդանոցից, առողջացածների թիվը հասել է 211–ի։
«Ցավոք, մեզ մոտ արձանագրվել է ևս մեկ մահ, մահացածների թիվը հասել է 14–ի, այս պահին փաստացի վերահսկողության տակ է 814 ակտիվ դեպք», – ասաց Թորոսյանը։
Նա նշեց, որ հանգստյան օրերին ընդլայնվել են թեստավորման հնարավորությունները, և կատարված թեստերի թիվը զգալիորեն ավելացել է, մասնավորապես, շաբաթ թեստավորվել է 680 մարդ, իսկ կիրակի` 467։
Այս կապակցությամբ վարչապետ Փաշինյանը նշեց, որ փաստորեն երկրում կա հնարավորություն օրական 1000 թեստ անցկացնելու համար։
«Ունենք օրական հազար թեստ անցկացնելու հնարավորություն, սակայն անհրաժեշտ են ցուցումներ դրանք անցկացնելու համար, մենք չենք կարող փողոցից հրավիրել մարդկանց թեստավորելու համար», – ասաց Փաշինյանը։
Նախարարն իր հերթին ընդգծեց, որ թեստերն արվում են ցուցումներով, բոլոր բուժհաստատությունների անձնակազմներին հրահանգվել է, թե ինչպես պետք է վերցնել կենսանյութը, ուր ուղարկել թեստերը, ստեղծվել է նոր լոգիստիկ համակարգ, ներդրվում է էլեկտրոնային համակարգ։
«Ամեն օր թեստերի թիվն ավելանալու է։ Այսօր թեստեր անցկացվում են 6 լաբորատորիաներում, մեկ շաբաթվա ընթացքում դրանց կավելանա ևս մեկը», – ասաց Թորոսյանը։
Ապրիլի 13–ի դրությամբ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1039 դեպք, առողջացել է 211 մարդ, 14 մարդ, ցավոք, մահացել է։–0–

