416.92
4.78
387.22
+22
Եղանակը Երևանում
Հայ

ՀՐԱՏԱՊ. ՀՀ նախագահը հրաժարական է տվել

20:27
23 Հունվարի 2022
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարել է հրաժարականի մասին:

Ստորև ներկայացնում ենք Արմեն Սարգսյանի հայտարարությունը:

«1990-ականների սկզբին աշխարհաքաղաքական մեծ փոփոխությունների հետևանքով մեր ժողովրդին մեծագույն հնարավորություն ընձեռվեց ստեղծել իր անկախ պետությունը: Մեր առաքելությունը ոչ թե մի դրոշը մեկ ուրիշով փոխարինելն էր, այլ՝ կառուցել երկիր, որը դարեր անց վերստին կապահովի հայերի անվտանգությունը, առաջընթացը և բարգավաճումը:

Ընդգծում եմ՝ անկախ պետության գոյության հիմնական իմաստը պատասխանատվություն ստանձնելու ու կրելու կարողությունն է, երբ ինքներս ենք գիտակցում, որ միայն մենք ենք, որպես մեկ միասնական մարմին, սեփական հաղթանակներ կերտողը և սեփական պարտությունների մեղավորը:

Նման պատմական հնարավորությամբ ոգևորված՝ ես, ինչպես և իմ շատ հայրենակիցներ, նվիրվեցի այդ առաքելությանը: Տարբեր պատճառներով այս կամ այն փուլերում իմ մասնակցության ակտիվությունը փոխվում էր, բայց ես չէի դադարում հավատալ մեր վերջնական համազգային հաջողությանը: Եվ հենց դա էր Հայաստանի նախագահի պաշտոնը զբաղեցնելու առաջարկությանը համաձայնելու իմ գլխավոր շարժառիթը:

Ընդունելով այդ կարևոր որոշումը՝ ես ելնում էի ինձ արված առաջարկությունից, ըստ որի՝ նախագահական նոր ինստիտուտը ունենալու է գործիքներ և հնարավորություններ՝ ազդելու արտաքին քաղաքական և տնտեսական, ներդրումային քաղաքականության վրա, Սփյուռքի հետ հարաբերությունների վրա, ինչպես նաև միջազգային ասպարեզում համազգային շահերն առաջ մղելու և նոր գիտակրթական ու բարձր տեխնոլոգիական միջավայր ձևավորելու համար:

Որոշ ժամանակ անց տեղի ունեցան 2018թ. ապրիլ-մայիսյան իրադարձությունները...

Կարող է հարց ծագել՝ ինչու՞ ես հրաժարական չտվեցի այդ պահին: Պատասխանն ակնհայտ է՝ այն պատասխանատվության պատճառով, որը ես վերցրել էի ինձ վրա՝ ստանձնելով Հանրապետության նախագահի պաշտոնը: Ես պարտավոր էի անել ինձնից կախված ամեն ինչ՝ բացառելու ներքին պառակտման հետագա խորացումը, հնարավոր բախումները, որոնք կարող էին հանգեցնել չափազանց բացասական հետևանքների: Ես նաև ձգտում էի իմ երկարամյա աշխատանքի շնորհիվ ձեռք բերած հեղինակությունը, կապերը և իմ միջազգային քաղաքական ու տնտեսական ներուժը ծառայեցնել ուժեղ և կայուն պետականության կառուցմանը:

Կրկին կարող է հարց առաջանալ, թե ինչու՞ Նախագահը չկարողացավ ազդել այն քաղաքական իրադարձությունների վրա, որոնք մեզ հասցրել են ներկայիս համազգային ճգնաժամի: Պատճառը կրկին ակնհայտ է՝ համապատասխան գործիքների պակասը, գործիքներ, որոնցով ցանկացած պետական պաշտոնյայի օժտում է բացառապես մեկ փաստաթուղթ՝ Սահմանադրությունը: Հենց գործող Հիմնական օրենքի մեջ են թաքնված մեր որոշ կարևոր խնդիրների արմատները:

Մենք ունենք պարադոքսալ իրավիճակ, երբ Նախագահը ստիպված է պետականության երաշխավոր լինել՝ փաստացի չունենալով որևէ իրական գործիք: Սահմանադրությունը նաև ենթադրում է մեկ ինստիտուտի գերակայություն մյուսի նկատմամբ, Սփյուռքի հայտնի մասնագետների համար ստեղծում է խոչընդոտներ՝ պատմական Հայրենիքի պետական ինստիտուտների կառավարմանը մասնակցելու համար, և այլն:

Մենք խորհրդարանական հանրապետություն ենք ձևով, բայց ոչ բովանդակությամբ: Իմ առաջարկության իմաստը և նպատակը եղել է ոչ թե կառավարման մի ձևից մյուսին (խորհրդարանականից կիսանախագահականի կամ նախագահականի) անցնելը, այլ՝ զսպումների և հակակշիռների վրա հիմնված պետական համակարգ ստեղծելը: Առանց դրա դժվար է խոսել նշանակալից ձեռքբերումների մասին, քանի որ առաջընթացի և հաջողության հնարավոր է հասնել միայն կանխատեսելի և ներդաշնակ համակարգի պայմաններում:
Ուրախ եմ, որ ստեղծվել է սահմանադրական փոփոխությունների հանձնաժողով, ինչի համար շնորհակալություն եմ հայտնում կառավարությանը: Ես հույս ունեմ, որ, ի վերջո, սահմանադրական փոփոխությունները տեղի կունենան, և հաջորդ նախագահն ու նախագահական ինստիտուտը կկարողանան աշխատել ավելի հավասարակշռված և համակարգված միջավայրում:

Մենք ապրում ենք յուրատեսակ իրականության մեջ, իրականություն, որտեղ Նախագահը չի կարող ազդել պատերազմին և խաղաղությանը վերաբերող հարցերի վրա:

Իրականություն, երբ նա չի կարող վետո կիրառել այն օրենքների վրա, որոնք համարում է պետության և ժողովրդի համար ոչ նպատակահարմար:

Իրականություն, երբ Նախագահի հնարավորություններն ընկալվում են ոչ թե որպես առավելություն պետության համար, այլ՝ տարբեր քաղաքական խմբերի կողմից դիտարկվում են որպես իրենց սպառնացող վտանգ:

Իրականություն, որտեղ Նախագահն իր ներուժի գերակշիռ մասը չի կարողանում օգտագործել ի նպաստ համակարգային ներքին և արտաքին քաղաքական խնդիրների լուծման:

Իրականություն, որտեղ աշխարհը գտնվում է մշտական տուրբուլենտության գոտում, սակայն Նախագահը սահմանադրական գործիք չունի՝ օգնելու իր երկրին:

Իրականություն, որտեղ պետության գլուխը և երբեմն նաև նրա ընտանիքը թիրախավորվում են տարբեր քաղաքական խմբավորումների կողմից: Վերջիններս այնքան էլ հետաքրքրված չեն նախագահական ինստիտուտի կողմից ի շահ երկրի իրականացված ձեռքբերումներով, որքան իմ անցյալով, դավադրության զանազան տեսություններով ու միֆերով: Իմ անձի հանդեպ այդ «մտահոգվածությունը» դուրս է գալիս նաև բարոյականության սահմաններից՝ վերջնական արդյունքում ուղղակիորեն բացասաբար ազդելով առողջության վրա:

Ես շատ երկար եմ մտածել և որոշել եմ մոտ չորս տարի ակտիվ աշխատելուց հետո հրաժարական տալ Հանրապետության նախագահի պաշտոնից:

Այդ որոշումը բացարձակապես էմոցիոնալ չէ և բխում է որոշակի տրամաբանությունից:

Նախագահը չունի անհրաժեշտ գործիքներ՝ երկրի և ազգի համար ներկայիս բարդ ժամանակներում ազդելու ներքին և արտաքին քաղաքականության արմատական գործընթացների վրա:

Մեր պետության համար այս բարդ փուլում, երբ անհրաժեշտ է համազգային միասնություն, նախագահական ինստիտուտը չպետք է դառնա բամբասանքների ու դավադրության տեսությունների թիրախ՝ դրանով իսկ շեղելով հասարակության ուշադրությունը կարևորագույն խնդիրներից:

Այսօր, ինչպես երբեք, անհրաժեշտ են իմաստալից, խորը մտածված,կշռադատված և բովանդակալից գործողություններ: Այլապես մենք՝ ողջ աշխարհի հայությունը, չենք հասնի մեր առաքելության նպատակին և կհայտնվենք պատմության լուսանցքում:

Մենք այլևս սխալվելու իրավունք չունենք:

Վերջում ցանկանում եմ առանձնակի երախտագիտություն հայտնել մեր քաղաքացիներին և Սփյուռքի մեր հայրենակիցներին՝ երկրի համար այս բարդ ժամանակներում հաստատակամություն, տոկունություն, համբերատարություն և արիություն ցուցաբերելու համար:

Առանձնահատուկ շնորհակալություն մեր քաջարի բանակի զինվորներին և սպաներին, խոնարհումս մեր Հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած հերոսների ընտանիքներին:

Շնորհակալ եմ նաև Հանրապետության նախագահի աշխատակազմի բոլոր աշխատակիցներին և պետական կառույցների իմ գործընկերներին՝ համատեղ արդյունավետ աշխատանքի համար»:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:50
03 Հունիսի 2023
Խորասուզվելով գինու արբեցնող ալիքների մեջ. Երևանում մեկնարկել են «Գինու օրերը» (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
«Ճշմարտությունը գինու մեջ է»․ այսպես էին ասում մոտ 2 հազարամյակ առաջ, և այն դեռ չի կորցրել իր հետաքրքրությունը: «Երևանի գինու օրեր» 7- րդ փառատոնի մեկնարկը տրված է. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
12:36
03 Հունիսի 2023
Բացօթյա շախմատային խաղաշար՝ Գաբրիել Սարգսյանի և 15 դպրոցականի միջև (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ Բիբլոս Բանկ Արմենիան յուրահատուկ միջոցառում նվիրեց փոքրիկներին ու դպրոցականներին. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
19:37
02 Հունիսի 2023
Երևանի կենտրոնում փողոցներ են փակ լինելու. ոստիկանությունը զգուշացնում է
ՀՀ ոստիկանությունը զգուշացնում է, որ Երևանի կենտրոնում փողոցներ են փակ լինելու
16:17
02 Հունիսի 2023
Վարչապետի աշխատակազմը կեղծ լուրերի դեմ պայքարի ռազմավարություն է մշակում
Վարչապետի աշխատակազմը և «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ–ը մշակում են ֆեյք լուրերի դեմ պայքարի ռազմավարություն
15:59
02 Հունիսի 2023
Երևանում մեկնարկում են «Գինու օրերը» (ՖՈՏՈ)
Հունիսի 2, 3, 4-ին Երևանի Թումանյան, Սարյան և Մոսկովյան փողոցներում կանցկացվի ավանդական դարձած «Երևանի Գինու Օրեր» փառատոնը. ՖՈՏՈ
14:12
02 Հունիսի 2023
Չինաստանը 10 մլրդ դրամ կտրամադրի ՀՀ ամենամեծ հեռուստատեսային տաղավարի կառուցման համար. ի՞նչ տեսք կունենա տաղավարը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Չինաստանը 10 մլրդ դրամ կտրամադրի ՀՀ ամենամեծ հեռուստատեսային տաղավարի կառուցման համար. ի՞նչ տեսք կունենա տաղավարը. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
11:54
02 Հունիսի 2023
Երևանի կենտրոնում մի շարք փողոցներ 3 օր փակ են լինելու (ՍԽԵՄԱ)
Ուշադրություն. Երևանի կենտրոնում մի շարք փողոցներ 3 օր փակ են լինելու. ՍԽԵՄԱ
10:01
02 Հունիսի 2023
1975 թվի քարտեզով ՀՀ 29.800 քկմ մեջ մտնում են նաև Սոթք-Խոզնավար հատվածը. Փաշինյան
Փաշինյանը հայտարարել է, որ 1975 թվի քարտեզով ՀՀ 29.800 քկմ մեջ մտնում են նաև Սոթք-Խոզնավար հատվածի այն տարածքները, որոնք օկուպացվել են վերջին հարձակումների հետևանքով
22:28
01 Հունիսի 2023
Հնարավորություն ունեցանք անդրադառնալու բոլոր թեմաներին, որոնք քննարկել ենք մայիսին Բրյուսելում. Միշելը՝ հնգակողմ հանդիպման մասին
Միշելը նաև հայտարարել է, որ մտադիր է կրկին հրավիրել Ալիևին, Փաշինյանին, Շոլցին և Մակրոնին Եվրոպական քաղաքական համայնքի հաջորդ հանդիպմանը, որը տեղի կունենա Իսպանիայում
22:19
01 Հունիսի 2023
Սահմանազատում, տրանսպորտային, տնտեսական ենթակառուցվածքներ. ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը Քիշնևում
Սահմանազատում, տրանսպորտային, տնտեսական ենթակառուցվածքներ. ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը Քիշնևում