ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչը, որով նա որոշ ժամանակ առաջ հանդես է եկել Facebook–ում։
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը
հայտարարել է. «Առաջնագծի զինվորների տասնյակ տեսանյութեր դիտեցի այսօր։ Ապշած եմ տղաների խորագիտությունից։ Տղերք՝ դուք ճիշտ եք։ Սպասում եմ ձեզ Երեւանում։ Վերջնականորեն լուծելու պատերի տակ վնգստացողների հարցերը։ Հպարտ եմ ձեզանով»։
«ՀՀ վարչապետի գրառումը՝ կապված առաջնագծի զինվորներին ուղղված կոչի հետ, խիստ վտանգավոր է հատկապես այս պատասխանատու, գերզգայույն օրերին: Դրանով, ըստ էության, կոչ է արվում դուրս գալ քաղաքացիական բախումների», – նշվում է Մարդու իրավունքների պաշտպանի Facebook–յան էջում հրապարակված հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ այդ գրառումը հատկապես դատապարտելի է այն տեսանյութերի ֆոնին, որոնք վերջին օրերին պարբերաբար հրապարակվում էին զինվորական համազգեստով ու զինված անձանց կողմից և պարունակում էին ատելություն, բռնության կոչեր ու սպանությունների սպառնալիքներ:
«Ակնհայտ է, որ առաջնագծի զինվորները զինված են ու այդ գրառումը ենթադրում է հենց այդ կոչերի ու սպառնալիքների իրականացում, հաշվեհարդար:
Մարդու իրավունքների պաշտպանը բոլորին կոչ է անում դրսևորել զսպվածություն, իսկ իրավապահ մարմինները պարտավոր են գործել օրենքին խիստ համապատասխան՝ բացառապես իրավունքի գերակայության սահմաններում: Անհրաժեշտ է կանխել որևէ տեսակի բախման կամ ինքնադատաստանի փորձ», – նշվում է ՄԻՊ–ի հայտարարության մեջ։–0–