ՀՀ քաղաքացին կորոնավիրուսից մահանալու մատերիալ չէ. Փաշինյան (ՎԻԴԵՈ)

09.07.2020, 11:57
ՀՀ քաղաքացին կորոնավիրուսից մահանալու մատերիալ չէ. Փաշինյան. ՎԻԴԵՈ
ՀՀ քաղաքացին կորոնավիրուսից մահանալու մատերիալ չէ. Փաշինյան (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Միայն երեկվա դրությամբ` մեկ օրում, աշխարհում կորոնավիրուսի դեպքերը գերազանցել են հարյուր հազարը, ընդհանուր դեպքերի թիվը գերազանցել է 12 միլիոնը, հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստի ժամանակ։

«Երկրներ, որոնք հայտարարել էին, ոչ հաղթահարել են կորոնավիրուսի համաճարակը, ցավոք, վերադառնում են կրկին համաճարակի ամենաակտիվ փուլ։ Ուզում եմ ընդգծել, որ երեկ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարեց, որ ըստ էության հաստատված է համարում՝ օդի միջոցով վարակը կարող է տարածվել, սա այն է, ինչի վերաբերյալ մենք նախորդ շաբաթ կամ գուցե ավելի շուտ, հիմնվելով գիտական նոր տվյալների վրա, հայտարարել էինք, ու այս առումով է հատկապես կարևորվում դիմակների կրումը, այդ թվում` բաց տարածքներում», - ասաց նա։

«Ես կրկին ուզում եմ ընդգծել, որ հակահամաճարակային մեր ռազմավարությունը շարունակում է մնալ նույնը, այն է՝ սովորել ապրել այնպիսի կանոններով, որոնք մեզ թույլ կտան զրոյացնել նոր դեպքերի թիվը կամ մոտեցնել զրոյի», - ասաց նա։

«Այո, մենք ասում ենք, որ այդ թվում ամենախիստ վարչական միջոցներով պետք է կարողանանք ապահովել հակահամաճարակային կանոնների պահպանումը, և այս ճանապարհին մենք շատ հետևողական ենք լինելու, անհրաժեշտության դեպքում ներդնելու ենք նոր խստացումներ, և մեր նպատակն այս ճանապարհին ոչ թե մարդկանց տուգանելն է, այլ՝ այնպես անելը, որ մեր այն հայրենակիցները, ում համար մոտիվացիան կարող է լինել տուգանքից խուսափելը, այդ քաղաքացիներին կարողանանք քաջալերել, որպեսզի նրանք դիմակ կրեն, որովհետև Հայաստանի Հանրապետության քաղաքացին կորոնավիրուսից մահանալու մատերիալ չէ։ Եվ մենք պետք է քաղաքացիների գիտակցությունը բարձրացնենք, այդ թվում` վարչական միջոցներով», - ասաց ՀՀ վարչապետը։

Հուլիսի 9-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 30346 դեպք, որոնցից 18000-ն` առողջացած, 535-ը` մահվան ելքով։–0–