Գյումրիի 2 կարի արտադրամասերում վարակակիրների մեծ թիվ է հաստատվել. մարզպետ

09.06.2020, 16:28
Գյումրիի 2 կարի արտադրամասերում վարակակիրների մեծ թիվ է հաստատվել
Գյումրիի 2 կարի արտադրամասերում վարակակիրների մեծ թիվ է հաստատվել. մարզպետ
ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Շիրակ մասնաճյուղի իրականացրած նմուշառումների արդյունքում Գյումրիի երկու խոշոր կարի արտադրամասերում՝ «Լենտեքսում» ու «Սվետտեքսում» կորոնավիրուսով վարակվածների մեծ թիվ է հաստատվել, հաղորդում է shantnews.am–ը:

Կարի արտադրամասերում թեստավորում անցկացվել է այն բանից հետո,երբ մի քանի աշխատակիցներ դիմել են առաջնային օղակներ բուժօգնություն ստանալու համար։

«Երկու ընկերություններում էլ կատարվել է մեծ թվով աշխատակիցների նմուշառում՝ յուրաքանչյուրում 60-70 աշխատակից։ Թեստավորումից հետո և՛ «Լենտեքսում», և՛ «Սվետտեքսում» կան հաստատված դրական դեպքեր, յուրաքանչյուրում այս պահին վարակակիրները 20-ից ավելին են»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել էՇիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը։

Загружается новость ... "Лево"

Մարզպետի փոխանցմամբ` երկու ընկերություններում էլ այս պահին աշխատանքները դադարեցված են։

«Սվետտեքսում» տնօրինությունը որոշում է կայացել առայժմ չաշխատել երկշաբաթյա ժամկետով, իսկ «Լենտեքսում» դեռ քննարկումներ են ընթանում։

«Անհրաժեշտության դեպքում հնարավոր է նաև երկու ընկերություններին վերաբերող պարետի որոշում էլ լինի, բայց այս պահին դեռ չկա։ Բոլոր աշխատակիցներին հստակ ինքնամեկուսացման ցուցում է տրված։ Նրանց հետ կոնտակտավորների շրջանակն է ճշտվում, իսկ ընտանիքների անդամները գտնվում են պոլիկլինիկաների ու ամբուլատորիաների անմիջական հսկողության տակ։ Մեր մարզը բաժանված է 14 գոտիների, յուրաքանչյուր գոտին ունի իր պատասխանատու բժիշկն ու ոստիկանը, հենց նրանք էլ վերահսկում են մեկուսացածներին», – նշել է Տիգրան Պետրոսյանը։

Իսկ մարզում վարակակիրների ու մեկուսացվածների թվի ավելացման մասին խոսելիս մարզպետը նշել է, որ սկսած հունիսի առաջին շաբաթվանից՝ մարզում նկատվում է վարակակիրների ու կոնտակտավորների թվի աճ, այս պահին մարզում տնային ինքնամեկուսացման մեջ է գտնվում 621 քաղաքացի, նրանցից 93-ի մոտ վիրուսը հաստատված և ունի անախտանիշ ընթացք։

«Մարտ ամսից սկսած՝ մարզում կար երկու խոշոր օջախ՝ Անիի տարածաշրջանն ու Գյումրին։ Հիմա ամենամեծ օջախը համարվում է Գյումրին, իսկ քաղաքում էլ երկու արտադրամասերն են փաստացի խոշոր օջախները։ Բայց գյուղական բնակավայրերից նույնպես ունենք կոնտակտավորներ ու վարակակիրներ, որոնց թիվը, ցավոք, ավելանում է»,- ասել է Տիգրան Պետրոսյանը։

Շիրակի մարզպետը նաև անդրադարձել է մարզում գործող ընկերություններում ու արտադրամասերում տեսչական մարմինների անցկացվող ստուգումներին, որոնք լինելու են շարունակական ու առաջնահերթությունը տրվելու է այն ընկերություններին, որտեղ աշխատողների թիվը մեծ է, ու վարակման ռիսկերը՝ մեծ։

Հունիսի 9-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 13675 դեպք, որոնցից 4451-ն` առողջացած, 217-ը` մահվան ելքով:–0–