Գալու է մի պահ, երբ առողջապահական համակարգը զբաղվելու է միայն միջին ծանրության պացիենտներով. Թորոսյան (ՎԻԴԵՈ)
15:54
02 Ապրիլի 2020
ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Կա կետ, երբ մենք կասենք, որ այլևս հնարավոր չէ, օրինակ, գնալ ցանկացած նոր դեպքի հետևից, գտնելու, թե նա որտեղից է առաջացել և ում հետ է շփվել, այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
Загружается новость ... "Лево"
«Բայց մենք դեռ հեռու ենք այդ կետից, և մեր խնդիրն է այդ կետը հեռվացնել կամ այնքան հեռվացնել, որ երբեք չհասնենք դրան։ Բայց եթե դա հնարավոր չլինի անել տարբեր պատճառներով, ապա գալու է մի պահ, երբ որ առողջապահական համակարգը զբաղվելու է միայն միջին ծանրության պացիենտներով, իսկ թեթև ծանրության պացիենտներին պարզապես խորհուրդ է տրվելու կամ ցուցվելու է բուժվել տանը։ Նման մոտեցում որդեգրել են աշխարհի շատ երկրներ։ Եվ մեր խնդիրն է չհասնել այդ կետին», – նշեց նախարարը։
Ապրիլի 2–ին դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 92 նոր դեպք, ընդհանուր` 663 դեպք։ Բուժվել է 33 մարդ, այս պահին փաստացի բուժում է ստանում 626 մարդ, բացասական թեստերի թիվը` 2940, մահացել է 5 մարդ։–0–