Ե՞րբ է ՀՀ-ում սպասվում կորոնավիրուսով վարակման պիկը․ Թորոսյանը մանրամասնել է (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի․ /Նովոստի-Արմենիա/․ Հայաստանում COVID-19-ով վարակման գագաթնակետը կարող է գրանցվել ցանկացած պահի, հինգշաբթի ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Պիկի կանխատեսում անել հնարավոր չէ, և պիկ կարող է լինել ցանկացած պահի։ Այն երևում է պոստֆակտում, այսինքն՝ երբ արդեն սկսում ենք ունենալ ամեն օր նվազող դեպքեր։ Եթե մենք ազգովի այդ բոլոր միջոցառումներն իրականացնեքն, մենք էլ շարունակենք հայտնաբերումները և ինչ-որ մի պահից սկսված ամեն օր ավելի քիչ դեպքեր արձանագրել, ապա կարող ենք ասել, որ օրինակ՝ երկու օր առաջ պիկն էր։ Մենք ամեն ինչ պետք է անենք, որ այդ օրը մոտենա»,- ասաց նա։
Նախարարը նաև տեսականորեն հնարավոր է համարել թեստավորել Հայաստանի ողջ բնակչությունը կորոնավիրուսով, միաժամանակ նշելով, որ մոտ ապագայում նախաձեռնությունը գործնականում անհնար է:
Ըստ նրա դա նշանակում է, որ ամբողջ ազգաբնակչությունը պետք է պարբերաբար թեստավորվի։
«Ուրիշ խնդիր է թեստավորման ծավալների ավելացումը, գոնե բժշկական ցուցումներով, որովհետև եթե բժշկական ցուցում չկա թեստավորումը առաջացնում է նախորդ հարցը, թե որքան հաճախ թեստավորել։ Շուտով կհասնենք օրական 400-500 թեստի, իսկ մի քիչ ավելի ուշ՝ նոր սարքավորումների ձեռքբերումներից հետո, մենք կկարողանանք օրական մոտ 1500 թեստ անել»,- ասաց նախարարը։
Մարտի 16-ից ապրիլի 14-ը Հայաստանում գործում է կորոնավիրուսի տարածումը կանխելու համար արտակարգ դրություն: Արտակարգ դրության պայմաններում Հայաստանում ազատ տեղաշարժի և տնտեսական գործունեության որոշ տեսակների սահմանափակումները երկարաձգվել են մինչև ապրիլի 12-ը ներառյալ:
Ապրիլի 2-ի դրությամբ, Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի վարակման 663 դեպք: 33 հիվանդ բուժվել է, հինգը, ցավոք, մահացել: -0-

