Դավիթ Սանասարյանը մեկնաբանել է իրեն առաջադրված մեղադրանքները

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը մեկնաբանել է առաջադրված մեղադրանքները։
«Սիրելիներ ջան, հանուն Նոր Հայաստանի պայքարը շարունակվում է, չընկրկել, չվհատվել ու շատ կարևոր է, որ մեր գործողությունների հիմքը միմիայն լինի սերը առ հայրենիք», – գրել է Սանասարյանը Facebook–յան իր էջում։
«Միշտ պետք է հիշենք, որ պայքարի ճանփաները փշոտ ու քարքարոտ, իսկ վերջնական հաղթանակը երբեք հեշտ չի տրվում։ Իմ դեմ իրականացվողը շինծու է, դա անգամ ապացուցման կարիք չունի։ Մանրամասներրի մասին կխոսեմ հետագայում։ Բոլորիդ սիրող, Նոր ու հզոր Հայաստանի անուղղելի հավատավոր մարտիկ, Ձեր բոլորի խոնարհ, բայց հպարտ ծառա, Դավիթ», – նշել է նա։
Այսօր ԱԱԾ–ն հաղորդագրություն է տարածել` մասնավորապես նշելով, որ ՀՀ ՊՎԾ պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և ծանր հետևանքներ առաջացնելու, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ փաստաթղթեր կեղծելու, իրացնելու և օգտագործելու դեպքերի առթիվ 2019 թվականի փետրվարի 20-ին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 325-րդ հոդվածի 2-րդ մասով (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա 2019 թվականի ապրիլի 18-ին Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով։ Սանասարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը։ Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի համաձայնությամբ քննիչի կողմից ապրիլի 18–ին որոշում է կայացվել ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու մասին, որն ուղարկվել է ՀՀ վարչապետին:–0–