Կորոնավիրուսի դեպք է գրանցվել Փրկարար ծառայությունում

27.03.2020, 22:06
Կորոնավիրուսի դեպք է գրանցվել Փրկարար ծառայությունում
Կորոնավիրուսի դեպք է գրանցվել Փրկարար ծառայությունում
ԵՐԵՎԱՆ, 27 մարտի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության աշխատակիցների շրջանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման մեկ դեպք, ուրբաթ տեղեկացրեց Փրկարար ծառայության տնօրեն, գեներալ–մայոր Վրեժ Գաբրիելյանը։

«Երևանի քաղաքի ջոկատներից մեկում ունենք մեկ վարակված աշխատակից, ով մեկուսացվել է և հիմա բուժվում է», – ասաց նա Հայկական միասնական տեղեկատվական հարթակում կայացած ասուլիսի ժամանակ։

Նրա խոսքով, վարակված գործընկերոջ հետ ակտիվ շփում ունեցած 11 փրկարարները մեկուսացված են Լուսակերտում գտնվող գերատեսչության համապատասխան կառույցում։

Загружается новость ... "Лево"

«Բոլոր մեկուսացվածները գտնվում են Առողջապահության նախարարության համապատասխան ծառայությունների աչալուրջ հսկողության տակ։ Արվում է հնարավոր ամեն ինչ` նրանց վիճակը վերահսկելու և բարդություններից խուսափելու համար», – նշեց գեներալ–մայորը։

Նրա խոսքով, ևս 6 մարդ ինքնամեկուսացվել է, քանի որ շփվել են հավանաբար վարակված մարդկանց հետ։

Փրկարար ծառայության տնօրենն ընդգծեց, որ գերատեսչության ողջ անձնակազմը գտնվում է կորոնավիրուսով վարակվելու բարձր ռիսկային շրջանում, քանի որ նրանցից շատերը պարբերաբար շփվում են վարակակիրների հետ նրանց տեղափոխելու կամ մեկուսացնելու ժամանակ։

«Իրականացվում են օպերատիվ–կանխարգելիչ աշխատանքներ, որոնք ուղղված են վարակի ռիսկը նվազեցնելուն», – նշեց Գաբրիելյանը։

Նա նաև հայտնեց, որ արդեն ստեղծվել են ռեզերվային ստորաբաժանումներ նախարարության պրոֆեսիոնալ կադրերից, որոնք կարող են հարկ եղած դեպքում փոխարինել մյուս աշխատակիցներին։

Հայաստանում մարտի 16–ից ապրիլի 14–ը հայտարարվել է արտակարգ դրություն` երկրում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով, ինչի կապակցությամբ մարտի 24–ին ժամը 23։59–ից մինչև մարտի 31–ը ժամը 23։59–ը Հայաստանում գործում են քաղաքացիների տեղաշարժման և տնտեսական գործունեության իրականացման նոր սահմանափակումներ։

Հայաստանում մարտի 27–ի ժամը 10։00–ի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակման 329 դեպք։ Արձանագրվել է մահվան 1 դեպք:–0–