Ավարտում ենք ուստարին. հայտնի է հեռավար ուսուցման վերջին օրը

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. 5–օրյա ուսուցմամբ դպրոցներում հեռավար ռեժիմով պարապմունքները կավարտվեն մայիսի 22–ին, իսկ 6–օրյայի դեպքում` մայիսի 23–ին, երեքշաբթի հայտարարեց ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։
«Հեռավար ռեժիմով բաց թողնված դասերը կվերականգնվեն հաջորդ ուսումնական տարվա ընթացքում հատկացված ռեզերվային օրերի հաշվին։ Ամեն ինչ կախված է նրանից, թե որքանով կկատարվի կրթական ծրագրերի ծավալը մինչև ուսումնական տարվա ավարտ», – ասաց նա Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում։
Նրա խոսքով, կիսամյակի և ողջ ուսումնական տարվա արդյունքները կորոշվեն այն գնահատականների հիման վրա, որոնք դրվել են ինչպես մինչև արտակարգ դրության ռեժիմը, այնպես էլ էլեկտրոնային մատյաններում։
«Բազմաթիվ աշակերտներ, ընդհանուր դպրոցականների մոտ 15-20%–ն ունեցել են տեխնիկական խնդիրներ` կապված ինտերնետ հասանելիության և տեխնիկայի հետ։ Սյդ քայլով նախարարությունն ընդառաջ է գնացել նաև այն սովորողներին, որոնք իրենցից անկախ պատճառներով հետ են մնացել ուսումնական պրոցեսից», – ասաց փոխնախարարը` նշելով, որ եթե աշակերտները չունեն երկրորդ կիսամյակի գնահատականներ, ապա տարեկան գնահատականը որոշվում է առաջին կիսամյակի հիման վրա։
Ինչպես նշեց Անդրեասյանը, հեռավար ռեժիմով ուսումնական տարվա շարունակությունը հիմնականում ուղղված է կրթական ցիկլի անընդհատությունը ապահովելուն, այլ ոչ թե դպրոցականներին գնահատականներ դնելուն։
«Ուսումնական պրոցեսի շարունակության մոտիվացիան պետք է դառնա գիտելիքներ, այլ ոչ թե գնահատականներ ստանալը։ Ստեղծված իրավիճակը պետք է առիթ դառնա կրթության նկատմամբ վերաբերմունքը վերանայելու համար, պետք է հրաժարվել նաև այն մոտեցումից, որ գիտելիքների մակարդակը պայմանավորված է միայն գնահատականներով։ Անհրաժեշտ է գիտակցել, որ հեռավար կրթության շրջանակում ստացված բոլոր գիտելիքներն ապագայում կվերածվեն հմտությունների և կօգնեն քաղաքացիներին կայանալ որպես մասնագետներ», – ընդգծեց նա։
Փոխնախարարը կարևորեց այն գործոնը, որ հեռավար կրթության շնորհիվ ուսուցիչները ստիպված չեն լինի կրկնել կրթական ծրագիրը նոր ուսումնական տարում, այդ կերպով կապահովվի հանրակրթական ցիկլի անընդհատությունը։