Արտակ Դավթյանն իրավունքի ուժով համարվում է նշանակված ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնին. Փաշինյան

22.03.2021, 11:23
Փաշինյանը հայտարարել է, որ Արտակ Դավթյանն իրավունքի ուժով համարվում է նշանակված ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնին
Արտակ Դավթյանն իրավունքի ուժով համարվում է նշանակված ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնին. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 22 մարտի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Facebook–յան իր էջում գրել է, որ Արտակ Դավթյանն իրավունքի ուժով համարվում է նշանակված ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնին։

Փաշինյանը հրապարակել է կառավարության կայքում տեղադրված համապատասխան հայտարարությունը։

«Առաջնորդվելով Սահմանադրության և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի վերաբերելի դրույթներով՝ վարչապետի կողմից 2021թ. մարտի 10-ին Հանրապետության նախագահին էր ներկայացվել առաջարկություն՝ Արտակ Դավթյանին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ նշանակելու վերաբերյալ՝ կցելով համապատասխան հրամանագրի նախագիծը», – նշվում է հայտարարության մեջ:

2021թ. մարտի 11-ին վարչապետի աշխատակազմ են մուտք եղել Հանրապետության նախագահի առարկությունները վերոնշյալ նախագծի վերաբերյալ:

Հանրապետության նախագահի կողմից ներկայացված առարկությունները վարչապետի կողմից չեն ընդունվել, ինչի մասին նույն օրը գրություն է ուղարկվել Հանրապետության նախագահին՝ համապատասխան հիմնավորումներով:

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 35.1-ին հոդվածի 3-րդ մասով սահմանված ժամկետներում Հանրապետության նախագահը չի ստորագրել վարչապետի կողմից ներկայացված նախագիծը և չի դիմել Սահմանադրական դատարան, ղեկավարվելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 3-րդ մասով, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 35.1-ին հոդվածի 6-րդ մասով՝ 2021թ. մարտի 22-ից Արտակ Դավթյանն իրավունքի ուժով համարվում է նշանակված ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնին», – նշվում է կառավարության կայքում տեղադրված հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ 2021թ.–ի մարտի 10–ին կառավարության կայքում հրապարակվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ գեներալ–լեյտենանտ Օնիկ Գասպարյանը համարվում է ազատված ԳՇ պետի պաշտոնից իրավունքի ուժով։ Համաձայն չլինելով այդ որոշման հետ` Գասպարյանը դիմել էր Վարչական դատարան, որը կայացրել էր հայցի ապահովման միջոց կիրառելու որոշում։ Մարտի 18–ին Գասպարյանի փաստաբանը հայտարարել է, որ նա կշարունակի զբաղեցնել ԳՇ պետի պաշտոնը։ Նույն օրը վարչապետի աշխատակազմը պարզաբանում է ներկայացրել` նշելով, որ Օնիկ Գասպարյանը սահմանադրական նորմի հիմքով ազատվել է ԳՇ պետի պաշտոնից։–0–