Արդյունավե՞տ են, արդյոք, հակակարկտային կայանքները. Սուրենյանը ներկայացնում է ուսումնասիրության ադյունքները
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի ամենաաղետալի, ամենամեծ հաճախականություն ունեցեղ կարկտահարությունները գրանցվում են Արմավիրում, Շիրակում,Արագածոտնում:
Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում ասաց «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
Նրա խոսքով՝ փորձ է արվել օդերևութաբանական ռադարի օգնությամբ ուսումնասիրել, թե ամպը ինչպիսի փոփոխություններ է կրում, երբ կայանքները սկսում են ազդել:
«Պետք է ասեմ, որ կարկտաբեր ամպերի փոփոխության ուսումնասիրության միակ գիտական մեթոդը օդերևութաբանական ռադարի ստացված տվյալներն են: Այսինքն օդերևութաբանական ռադարը 300 տրամագծով ճառագայթներ է բաց թողնում մթնոլորտ, և կախված ամպի կառուցվածքից այդ ճառգայթների մեծ մասն անդրադառնում է դեպի ալեհավաք և արդեն վիզուալիզացվում և տվյալներ են ստացվում» ,- ասաց Սուրենյանը:
Նա նշեց, որ ամենասկզբում ուսումնասիրվել են 2015, 2016, 2017 թ.-ի Արմավիրի, Շիրակի, Արագածոտնի աղետալի կարկտահարությունները:
«Եվ պարզվեց, որ շատ դեպքերում ոչ կարկտաբեր ամպը, որն իր մեջ միայն ջրային կաթիլներ է պարունակում, տեղափոխվելով ներգործման տարածք, որտեղ գործում են հակակարկտային կայանքները, զարգանում է և վերածվում կարկտաբեր ամպի»,-ընդգծեց «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալը:
Նրա խոսքով՝ եթե հակակարկտային կայանքներն ազդում են ամպի թուլացման վրա, ապա ինչպես է ստացվում, որ Արմավիրի մարզում, որը սահմանի երկայնքով շրջապատված է կայանքներով, հենց այդ կայանքների գլխավերևում գոյացող ոչ կարկտաբեր ամպը զարգանում է և դառնում կարկտաբեր ու վնասում մարզի ցանքատարածությունները:
«Ամբողջ աշխարհին հայտնի է, որ կարկտաբեր ամպը բնության ամենագերհզոր երևույթներից մեկն է, այն ունենում է մոտ 5-8 կմ ուղաձիգ հզորություն, իսկ առանձին դեպքերում նույնիսկ կարող է հասնել մինչև 10-15 կմ: Այսինքն 2 Արաարտ լեռան չափի գոյացություն է մթնոլորտում, որի վրա փորձում են ազդել հակակարկտային կայաքներից բաց թողնվող ձայնային ալիքներով, երբ վիճելի է, թե ինչ ազդեցություն են ունենում այդ ալիքները»,-ասաց Սուրենյանը:
Նրա պնդմամբ՝ ինչ պետք է անի ձայնային ալիքը ամպին, եթե այդ ամպն իր մեջ պարունակում է մի քանի հազար անգամ ավելի ուժեղ ձայնային ալիքներ: Մանագետը նշում է, որ բոլոր կարկտավտանգ ամպերը ամպրոպային գոյացություններ են, որոնք մի քանի հազար անգամ գերազանցում են այդ կայանքներից արձակած ձայնային ալիքնների ուժգնությանը:
«Մենք հանրապետությունում ունենք մի շարք տարածքներ, որտեղ այդ հակակարկտային կայանքներից չկան: Եվ այդ հատվածներում մենք ունենում ենք տարիներ, որ ընդհանրապես կարկտահարության դեպքեր չենք գրանցվում: Այսինքն կարկուտի բացակայությունը տվյալ տարի որակել որպես այդ կայանքների ներգործության արդյունք, մեղմ ասած, չի կարելի»,-ընդգծեց մասնագետը:
Նա նաև նշեց, որ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի կողմից իրականացված վիճակագրական վերլուծությունը ցույց է տալիս, որ երբ չեն եղել հակակարկտային կայանքներ, կարկուտի դեպքերը եղել են ավելի պակաս: Իսկ, երբ աստիճանաբար սկսեցին հակակարկտային կայանքներ տեղադրել, վերջին տարիներին նույնիսկ գրանցվել է ամպրոպային երևույթների աճ:
ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժ/պ Լևոն Ազիզյանի խոսքով էլ՝ 2021 թ.-ի օգոստոսի 13-ի դրությամբ արդեն գործում է 612 հակակարկտային կայանքներ, որոնցից 234-ը՝ պետական նշանակության են, 329-ը՝ համայնքային նշանակության, 49-ը պատկանում է ֆիզիկական կամ իրավաբանական անձանց:
Լևոն Ազիզյանի դիտարկմամբ՝ հակակարկտային կայանքների խտությամբ աչքի է ընկնում Արմավիրի մարզը, որտեղ առկա է 225 կայանք: Հաջորդում է Արարատի մարզը՝ 99 կայանքով, Շիրակ մարզում՝ 87, Լոռու մարզում՝ 75, Արագածոտնում՝ 73 հակակարկտային կայանք:
«Փորձագետների կողմից կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Հայաստանում տարիներ շարունակ օգտագործվող հակակարկտային մեթոդի գազագեներատորային կայանքների կողմից կարկտաբեր ամպերի վրա կիրառվող ներգործության արդյունավետությունը խիստ ցածր է: Իսկ առանձին դեպքերում, նույնիսկ զրո»,-ասաց Ազիզյանը:
Որպես լուծում մասնագետներն առաջարկում են, որ գյուղացիներին պաշտպանելու համար տրամադրվի գյուղատնտեսական ապահովագրություն, ինչը կիրառվում է մի շարք զարգացած երկրներում:–0–