ԱՆ–ն մեկնաբանել է Արմավիրի մարզում Արևմտյան Նեղոսի տենդից 3 մարդու մահվան մասին տեղեկությունները

04.09.2024, 21:33
ԶԼՄ–ները հայտնում են, որ Արմավիրի մարզում վերջին երկու ամսվա ընթացքում 51 մարդու մոտ հաստատվել է Արևմտյան Նեղոսի տենդ հիվանդությունը, արձանագրվել՝ 3 մարդու մահ, որից 2-ը՝ Արմավիր քաղաքում, մեկը՝ Տանձուտ գյուղում
ԱՆ–ն մեկնաբանել է Արմավիրի մարզում Արևմտյան Նեղոսի տենդից 3 մարդու մահվան մասին տեղեկությունները

ԵՐԵՎԱն, 4 սեպտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Արմավիրի մարզում վերջին երկու ամսվա ընթացքում 51 մարդու մոտ հաստատվել է Արևմտյան Նեղոսի տենդ հիվանդությունը, արձանագրվել՝ 3 մարդու մահ, որից 2-ը՝ Արմավիր քաղաքում, մեկը՝ Տանձուտ գյուղում։

Այս մասին հայտնում է «Հետքը»՝ հղում անելով Արմավիրի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Ասթինե Ապիտոնյանին։

Մահացած անձինք եղել են մեծահասակներ և ունեցել են ուղեկցող հիվանդություններ։

Ասթինե Ապիտոնյանը նաև հայտնեց, որ հիվանդությունը մարզում տարածվել է 2024թ․ հուլիսի 4-ից մինչև սեպտեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում։ Հիվանդության հիմնական դեպքերն արձանագրվել են Արմավիր և Մեծամոր համայնքներում։

Ասթինե Ապիտոնյանի խոսքերով՝ սեպտեմբեր ամսին Արարատյան դաշտավայրում ևս շոգ է, սպասվում է, որ հիվանդների թիվը կավելանա։

Առողջապահության նախարարությունն արձագանքել է այս հրապարակմանը՝ նշելով, որ «Հետք» լրատվական կայքում հրապարակած տեղեկատվությունը, թե «Արմավիրի մարզում Արևմտյան Նեղոսի տենդից 3 մարդ է մահացել», հաստատված չէ, քանի որ դեռևս արձանագրված չէ մահվան դեպքերի պատճառաբանական կապը հիվանդության հետ։

«ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը ամեն շաբաթ թարմացնում է Արևմտյան Նեղոսի տենդով պայմանավորված համաճարակային իրավիճակի մասին տեղեկատվությունը», – նշվում է հաղորդագրության մեջ։

Նշենք, որ ըստ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տվյալների՝ օգոստոսի 30-ի դրությամբ Հայաստանում Արևմտյան Նեղոսի տենդով վարակման 92 դեպք է հաստատվել։