ԱԳՆ–ն թարմ տեղեկատվություն է հրապարակել Հայաստան մուտքի և ելքի սահմանափակումների վերաբերյալ
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի./Նովոստի–Արմենիա/. Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածումը կանխարգելող միջոցառումների արդյունավետության բարձրացման նպատակով ՀՀ կառավարությունը որոշում է ընդունել 2020 թվականի մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ը Հայաստանի Հանրապետության տարածքում արտակարգ դրություն սահմանելու մասին:
Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ–ն, սահմանափակվում է այն օտարերկրացիների մուտքը Հայաստան, ովքեր ժամանում են կորոնավիրուսի էպիդեմիկ բարձր ռիսկային երկրներից /տարածքներից/ կամ այցելել են այդ երկրներ /տարածքներ/ Հայաստան ժամանելուց առնվազն 14 օր առաջ:
Մարտի 22-ի դրությամբ այդպիսի երկրների ցանկում են Ամերիկայի Միացյալ Նահանգները, Ավստրալիայի Միությունը, Եվրոպական Միության անդամ պետությունները (Ավստրիա, Բելգիա, Բուլղարիա, Գերմանիա, Դանիա, Էստոնիա, Իռլանդիա, Իսպանիա, Իտալիա, Լատվիա, Լեհաստան, Լիտվա, Լյուքսեմբուրգ, Խորվաթիա, Կիպրոս, Հունաստան, Հունգարիա, Մալթա, Նիդերլանդներ, Շվեդիա, Չեխիա, Պորտուգալիա, Ռումինիա, Սլովակիա, Սլովենիա, Ֆինլանդիա, Ֆրանսիա), Շվեյցարիան, Նորվեգիան, Թուրքիան, Չինաստանը, Իրանը, Կորեայի Հանրապետությունը, Իսրայելը, Ճապոնիան, Մեծ Բրիտանիան, Կանադան, Ռուսաստանի Դաշնությունը, Վրաստանը:
ԱԳՆ–ին նաև նշում են որ վերը նշված ցանկը ենթակա է փոփոխման:
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և նրանց ընտանիքների անդամների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմքով բնակվելու իրավունք ունեցողանձանց մուտքը Հայաստանի Հանրապետության տարածք թույլ է տրվում առանց սահմանափակումների», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
ՀՀ քաղաքացիները չեն կարողանա լքել Հայաստանի տարածքը ցամաքով, բացառությամբ բեռնափոխադրող մեքենաների վարորդները:
Հայաստան ժամանելիս սահմանային անցակետերում ՀՀ քաղաքացիները և օտարերկրացիները անցնելու են ինտենսիվ զննման ընթացակարգեր, և համապատասխան համախտանիշների հայտնաբերման պարագայում տվյալ անձի/անձանց նկատմամբ կիրառվելու հոսպիտալացում, մեկուսացում (ինքնամեկուսացում) և/կամ այլ սահմանափակող միջոցառումներ:
Կորոնավիրուսի համաճարակի բարձր ռիսկային գոտու երկրներից ժամանողների նկատմամբ կիրառվելու են պարտադիր ինքնամեկուսացման կամ հատուկ նախատեսված կարանտինային տարածքներում կարանտինային ռեժիմներ:
Նշենք, որ ՀՀ այսօրվա դրությամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակման 194 դեպք, 2 մարդ առողջացել է։
Կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը հաստատվել է մարտի 1–ին, պացիենտն արդեն առողջացել է և դուրս է գրվել հիվանդանոցից։ Վարակակիրների շրջանում են Իրանից և Իտալիայից ժամանած ՀՀ քաղաքացիներ` Երևանի, Էջմիածնի, Մեղրիի և Չարենցավանի բնակիչներ, նրանց հետ շփված անձինք, ինչպես նաև Իտալիայի մեկ քաղաքացի և Ֆրանսիայից ժամանած անձ։ Վարակակիրների մեծ մասը, այդ թվում` դպրոցահասակ երեխան, Էջմիածնի բնակիչներ են, ինչպես նաև Երևանի արտադրամասում վարակակիրների հետ շփված անձինք։–0–

