ԵՐԵՎԱՆ, 13 մարտի./Նովոստի–Արմենիա/. Կիրակի՝ մարտի 15-ին, Հռոմի ժամանակով ժամը 18:30-ին հայկական «Atlantis EuropeanAirways» ավիաընկերության կողմից Հռոմի Ֆիումիչինո (Fiumicino Airport) օդանավակայանից կազմակերպվելու է չարթերային թռիչք դեպի Երևան ներկայումս Իտալիայում գտնվող և Հայաստան վերադառնալու ցանկություն հայտնած ՀՀ քաղաքացիների համար, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը։
«Թռիչքի ընթացքում ուղևորներին կտրամադրվեն դիմակներ, կապահովվեն առողջապահական անվտանգության միջոցառումներ: Հայաստան վերադարձած մեր քաղաքացիները կգտնվեն 14-օրյա կարանտինում», – նշել է նա Facebook–յան իր էջում:
Ինչպես հայտնել էինք ավելի վաղ, ֆինանսական ծախսերը կհոգան ՀՀ կառավարությունը, «Atlantis European Airways» ավիաընկերությունն ու «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը։
Հայաստանում այս պահին գրանցվել է կորոնավիրուսի վարակման 8 դեպք։ Առաջինը գրանցվել էր մարտի 1–ի գիշերը, փետրվարի 28–ից Թեհրանից Երևան ժամանած ՀՀ 29–ամյա քաղաքացու կրկնակի թեստը տվել է դրական արդյունք։ 31 մարդ, ովքեր շփվել են հիվանդի հետ, մեկուսացվել են Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցում։ Մարտի 11–ին կորոնավիրուս է ախտորոշվել ՀՀ երկու քաղաքացիների (45 և 27 տարեկան) և Իտալիայի 51–ամյա քաղաքացու մոտ, ովքեր վերադարձել են Իտալիայից։ Նրանցից մեկը ջերմում է և ունի աջակողմյան բազալ թոքաբորբ, որի կապակցությամբ ստանում է ախտանշանային բուժում: Մեկուսացվել է 57 մարդ։ Այնուհետև մարտի 12-ին գրանցվել է կորոնավիրուսով վարակման ևս 2 դեպք: Այսօր` մարտի 13–ին, հայտնի դարձավ վարակման ևս 2 դեպքի մասին։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում