Ձեզ եմ ներկայացնում Covid-19 Armenia հավելվածը. Ավինյանը ներկայացրել է կորոնավիրուսի բժշկական թեստավորման հայկական հավելվածը (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Կորոնավիրուսի դեմ պայքարում մեծ թափով շարունակում ենք օգտագործել տեղեկատվական տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունները և նոր գործիքներով զինվել, Facebook-յան իր էջում հայտնել է ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության ժամանակ պարետատան պարետ Տիգրան Ավինյանը:
«Այսօր ձեզ եմ ներկայացնում Covid-19 Armenia հավելվածը, որը ստեղծվել է Հայաստանում և ամբողջությամբ հայ մասնագետների աշխատանքի արդյունքն է: Ձեզ արդեն ծանոթ AC19 հավելվածի (որը այլևս չի գործելու) տվյալների բազաները տեղափոխվել են Covid-19 Armenia», – նշել է Ավինյանը:
Հավելվածի ամենակարևոր կետը օգտատիրոջ բժշկական թեստավորումն է: Մի շարք հարցերի պատասխանների արդյունքում համակարգը գնահատում է Ձեր առողջական վիճակը և անհրաժեշտության դեպքում խորհուրդ տալիս թե ինչ քայլեր ձեռնարկել: Բացի այդ, ռիսկի գոտում հայտնված օգտատերերի հետ կապ կհաստատեն պարետատան համաճարակաբանները և կանցկացնեն հարցազրույց, որի արդյունքում կորոշեն թե արդյոք անձը կարիք ունի հետագա բժշկական ուշադրության: Կարևոր է խուսափել սխալ տվյալներ մուտքագրելուց, որպեսզի բժիշկները կապ հաստատեն իրապես օգնության կարիք ունեցողների հետ:
«Covid-19 Armenia-ն բազմաֆունկցիոնալ է ու ներառում է նաև վերջին նորությունները կորոնավիրուսի դեմ պայքարի մեր գործողությունների վերաբերյալ, առողջապահական խորհուրդներ տարբեր իրավիճակներում վարակից զերծ մնալու մասին, կորոնավիրուսի հետ կապված վերջին վիճակագրությունը և այլն», – նշել է Ավինյանը:
Հավելվածում կարող եք լրացնել ու պահպանել այս օրերին անհրաժեշտ տեղաշարժման թերթիկի էլեկտրոնային տարբերակը:
Covid-19 Armenia-ն հասանելի է թե՛ Google Play, թե՛ AppStore հարթակներում:–0–