Տուլայում վթարված ավտոբուսի բոլոր տուժածները դուրս են գրվել հիվանդանոցից

22.12.2015, 14:09
Ուզլովսկի քաղաքի մոտ տեղի ունեցած Մոսկվա-Երևան երթուղու ուղևորատար ավտոբուսի վթարից տուժած հայերից չորսն ապաքինմամբ դուրս են գրվել:
Տուլայում վթարված ավտոբուսի բոլոր տուժածները դուրս են գրվել հիվանդանոցից

ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Ուզլովսկի քաղաքի մոտ տեղի ունեցած Մոսկվա-Երևան երթուղու ուղևորատար ավտոբուսի վթարից տուժած հայերից չորսը, որոնք դեռևս շարունակում էին բուժումը Ռուսաստանի Դաշնությունում, ապաքինմամբ դուրս են գրվել:

Ինչպես հաղորդում է ՀՀ ԱՆ առողջապահության նախարարությունը, տուժածները վերականգնողական փուլում են և շարունակում են գտնվել մասնագտեների հսկողության տակ:

«Այժմ քննարկվում է նրանց Երևան տեղափոխելու մանրամասները», – նշվում է նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

Տուժածներից մեկը, ով բուժում էր ստանում Տուլայի շրջանային կլինիկական հիվանդանոցի վնասվածքաբանության բաժանմունքում, դեկտեմբերի 14-ին տեղափոխվել է Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի նույն բաժանմունք: Տուժածի տեղափոխման կազմակերպմանն աջակցել է նաև Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը: 

«Երկու տուժած մասնագիտական բժշկական օգնություն էին ստանում Մոսկվայի Սկլիֆոսովսկու անվան շտապօգնության քաղաքային գիտահետազոտական ինստիտուտում», – նշվում է հաղորդագրության մեջ։

Վթարից տուժած մի քաղաքացու հարազատների ցանկությամբ բուժումը շարունակվում էր Բուրդենկոյի անվան զինվորական կլինիկական հոսպիտալում, մյուսինը` Սոլնիչնագորսկի շրջանային հիվանդանոցում: 

ՀՀ ԱՆ–ի հաղորդագրության մեջ նշվում է, որ վթարից տուժած ՌԴ-ում գտնվող բոլոր հիվանդների բուժումը գտնվում է Հայաստանի և Ռուսաստանի առողջապահության նախարարների անմիջական հսկողության ներքո:

«Մոսկվա-Երևան երթուղու ուղևորատար ավտոբուսի վթարից տուժած քաղաքացիների բուժօգնության և տեղափոխման հետ կապված բոլոր հարցերը շարունակում է համակարգել ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված հանձնաժողովը», – նշվում է հաղորդագրության մեջ։

Նոյեմբերի 3–ի լույս գիշերը Մոսկվա–Երևան ուղևորվող ավտոբուսը կողաշրջվել է Տուլայի մարզում։ «Կինգ Դելյուքս» ՍՊԸ-ին պատկանող ավտոբուսում եղել է 63 մարդ: Վթարի հետևանքով զոհվել է 9 մարդ, 30 հոգի ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ։ Բոլոր ուղևորները Հայաստանի քաղաքացիներ են։–0–