Հայաստանից Բելառուս թռչող ինքնաթիռը, որը ռադիոակտիվ նյութեր էր տեղափոխում, մեկնել է Բուլղարիա

20.03.2017, 20:33
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանից դեպի Եվրոպա մեկնող ինքնաթիռում, որը տարանցիկ վայրէջք է կատարել Բելառուսում, հայտնաբերվել են ռադիոակտիվ նյութեր։
Հայաստանից Բելառուս թռչող ինքնաթիռը, որը ռադիոակտիվ նյութեր էր տեղափոխում, մեկնել է Բուլղարիա
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանից Բելառուս թռչող ինքնաթիռը, որը ռադիոակտիվ նյութեր էր տեղափոխում, ստուգումից և նման նյութեր տեղափոխելու իրավական հիմքերի հաստատումից հետո շարունակել է ճանապարհը` մեկնելով Բուլղարիա, երկուշաբթի հաղորդել է Բելառուսի պետական սահմանային կոմիտեն։

Ավելի վաղ Բելտա գործակալությունը, հղում անելով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին, տեղեկացրել է, որ Հայաստանից դեպի Եվրոպա մեկնող ինքնաթիռում, որը տարանցիկ վայրէջք է կատարել Բելառուսում, հայտնաբերվել են ռադիոակտիվ նյութեր։ ՏԱՍՍ–ի հաղորդմամբ, Բելառուսի սահմանային վարչության ներկայացուցիչը տեղեկացրել է, որ այս փաստն արձանագրվել է մարտի 19–ին Գոմելի օդանավակայանում` Հայաստանից Բուլղարիա մեկնող ինքնաթիռում։

«Բոլոր հանգամանքների ստուգումից հետո ինքնաթիռը շարունակել է ճանապարհը...Լիազոր մարմինների կողմից բեռին վերաբերող բոլոր փաստաթղթերի ուսումնասիրումից և տարանցիկ ճանապարհով Բելառուսի տարածքով նման բեռի տեղափոխման իրավական հիմքերի առկայության հաստատումից հետո որոշում է կայացվել թույլատրել, որպեսզի օդանավը նման բեռով անցնի պետական սահմանը», – նշել են կոմիտեից։

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, մարտի 19–ին ժամը 12։30–ին Գոմելի օդանավակայանում վայրէջք է կատարել ԱՆ–12 ինքնաթիռը, որը Հայաստանից Բելառուսի տարածքով մեկնում էր Բուլղարիա, այնուհետև Խորվաթիա։

«Մաքսային ծառայության պաշտոնյաների և սահմանային ծառայության մարմինների աշխատակիցների կողմից համատեղ ստուգումից հետո հայտնաբերվել է բեռ (ոչ կոնտակտային թեստավորման համար նախատեսված մանիպուլյատոր)` իոնացնող ճառագայթման աղբյուրի առկայության մասին դրոշմով։ Օդանավակայան է ժամանել Գոմելի սահմանային խմբի ռադիացիոն և քիմիական անվտանգության խումբն ու ԱԻՆ աշխատակիցները, ովքեր ստուգել են տեղափոխվող բեռը։ Ստուգման արդյունքում հայտնաբերվել է ճառագայթման ֆոնի մակարդակի չնչին գերազանցում», – նշել են գերատեսչությունից։

Ավելի վաղ Բելառուսի սահմանային կոմիտեից հայտարարել էին, որ նշված բեռի ն ճառագայթման ֆոնը գերազանցել է նորման 250 անգամ։–0–