ՀՔԾ պետի հարազատներին հեռացրել են աշխատանքից. թերթ

16.06.2016, 13:50
Հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանի մտերիմ բարեկամներն ազատվել են աշխատանքից:
ՀՔԾ պետի հարազատներին հեռացրել են աշխատանքից. թերթ
ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանի մտերիմ բարեկամներն ազատվել են աշխատանքից, գրում է «Հրապարակ» թերթը:

Թերթի տվյալներով, ՀՔԾ-ի պետի դուստր Հասմիկ Շահինյանը ազատվել է ՊԵԿ-ի հետաքննության բաժնի պետի պաշտոնից: Ընդ որում, ՊԵԿ-ի կայքում նրա վերաբերյալ տվյալներն արդեն հանված են:

Աշխատանքից ազատման լուրը ճշտելու համար թերթը դիմել է ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության բաժին, որտեղից ստացել է պատասխան, որ ՀՀ ԿԱ ՊԵԿ իրավախախտումների հայտնաբերման և վարչական վարույթների իրականացման վարչության հետաքննության բաժնի պետ Հասմիկ Շահինյանը հունիսի 6-ին նշանակվել է ՊԵԿ ներքին աուդիտի վարչության պետի տեղակալ: Ընդ որում, հունիսի 14-ին ՊԵԿ Իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչության պետ է նշանակվել Սամվել Մինասյանը։

Ինչ վերաբերում է ՀՔԾ պետի փեսային, ապա Նոր Նորքի քննչականի պետ Արամ Հարությունյանը մոտ մեկ շաբաթ առաջ է ազատվել աշխատանքից:

Ընդ որում, ինչպես նշում է թերթը, ժամանակին, երբ Հարությունյանը Արտաշատի քննչականի պետն էր, նրա դեմ ՀՔԾ-ում գործ է եղել հարուցված Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը, որն էական վնաս է պատճառել անձանց):

Քննչական կոմիտեից թերթի աշխատակիցներին հայտնել են, որ ՀՀ ՔԿ նախագահի 08.06.16թ. հրամանով աշխատանքից ազատվել է Երևանի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի պետ Արամ Հարությունյանը՝ սեփական դիմումի համաձայն։

Թերթի աշխատակիցները փորձել են զրուցել անձամբ Շահինյանի հետ, սակայն վերջինս հերքել է լուրերը՝ ասելով. «Նման բան չկա»: Ի պատասխան նկատառման, որ տվյալներն արդեն հանված են կայքերից, իսկ քննչականից էլ հաստատել են լուրը` նա ավելացրել է. «Միգուցե ինչ-որ տեղ ինչ-որ բան սխալ է»: Թերթի տվյալներով, ՀՔԾ պետի փեսան պատրաստվում է արտագաղթել Մոսկվա: -0-