ՀՀ նախագահը ցավակցական հեռագիր է հղել Բելգիայի վարչապետին Բրյուսելի ահաբեկչությունների կապակցությամբ

22.03.2016, 16:22
ՀՀ նախագահը ցավակցական հեռագիր է հղել Բելգիայի Թագավորության վարչապետ Շառլ Միշելին՝ երեքշաբթի առավոտյան Բրյուսելի միջազգային օդանավակայանում և մետրոյում տեղի ունեցած պայթյունների կապակցությամբ:
ՀՀ նախագահը ցավակցական հեռագիր է հղել Բելգիայի վարչապետին Բրյուսելի ահաբեկչությունների կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 22 մարտի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ցավակցական հեռագիր է հղել Բելգիայի Թագավորության վարչապետ Շառլ Միշելին՝ երեքշաբթի առավոտյան Բրյուսելի միջազգային օդանավակայանում և մետրոյում տեղի ունեցած պայթյունների կապակցությամբ, որոնց զոհ են դարձել տասնյակ անմեղ մարդիկ, հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

«Այս ծանր պահին իմ ցավակցությունն ու զորակցությունն եմ հայտնում Ձեզ, բարեկամ Բելգիայի ժողովրդին և զոհվածների հարազատներին՝ մաղթելով ոգու արիություն և համբերություն», – նշվում է ցավակցական հեռագրում։

Բելգիայի վարչապետ. Բրյուսելում գրանցվել է երեք պայթյուն>>

ՀՀ նախագահի խոսքով` Հայաստանը խստորեն դատապարտում է ահաբեկչության ցանկացած դրսևորում և հանձնառու է այդ չարիքի դեմ միջազգային պայքարին իր ներդրումը բերելու հարցում։

Երկու պայթյուն է որոտացել Բրյուսելի օդանավակայանում երեքշաբթի առավոտյան, այնուհետև պայթյունների շարք է գրանցվել նաև Բրյուսելի մետրոյում։

Օդանավակայանում չեղյալ են հայտարարվել բոլոր մեկնումներն ու ժամանումները, ինչպես նաև երկաթուղային հաղորդակցությունը։ Փակվում են դպրոցները, մանկական հաստատությունները։ Կառավարությունը հայտարարել է ահաբեկչական սպառնալիքի ամենաբարձր աստիճան։ -0-