ՀԱԿ–ը պահանջում է տեղափոխել խորհրդարանական ընտրությունների ամսաթիվը

21.01.2017, 20:50
Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը շաբաթ օրը հայտարարություն է տարածել, որում պահանջում է տեղափոխել խորհրդարանական ընտրությունների ամսաթիվը։
ՀԱԿ–ը պահանջում է տեղափոխել խորհրդարանական ընտրությունների ամսաթիվը

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը շաբաթ օրը հայտարարություն է տարածել, որում պահանջում է տեղափոխել խորհրդարանական ընտրությունների ամսաթիվը։

Խորհրդարանական ընտրությունները նախատեսված է անցկացնել այս տարվա ապրիլի 2–ին։

«Հասարակական արդարացի դժգոհություն է առաջացել առաջիկա խորհրդարանական ընտրությունները ապրիլի 2-ին նշանակելու առիթով։ Մեկ տարի առաջ այդ օրը սկսվեց Ապրիլյան պատերազմը։ Հերոսական ինքնապաշտպանությամբ, բայց նաև հարյուրից ավելի ցավալի զոհերի գնով հնարավոր եղավ կանխել դրա ավելի ծանր հետևանքները», – նշվում է հայտարարության մեջ։

Հայտարարության հեղինակները նշում են, որ այս տարի ապրիլի 2-ին լրանում է հերոսների մահվան առաջին տարին։ ։ Որպես այդպիսին, այն ավանդական արարողությունների օր է զոհվածների հարազատների ու մտերիմների, և հիշատակի օր` ողջ հայ ժողովրդի համար։

«Արդեն արձանագրվել է, որ ընտրությունների օրվա նշանակումը կատարվել է գործող Սահմանադրության համապատասխան դրույթի խախտմամբ։ ։ Չմտնելով այդ խախտման եւ ընտրությունները ապրիլի 2-ին նշանակելու՝ իշխանության հնարավոր շարժառիթների մեջ, Հայ Ազգային Կոնգրեսը պահանջում է հարգել Ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակը, իսկ ընտրությունների օրը նշանակել գործող Սահմանադրության անցումային դրույթների 209 հոդվածով նախատեսված՝ նախկին Սահմանադրության 68 հոդվածի պահանջներին համապատասխան, այն է՝ ապրիլի 21-30-ի միջակայքում»,– նշվում է հայտարարության մեջ։

2016 թ.–ի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա–ադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկեց բացահայտ հարձակողական գործողություններ` հրետանիով, զրահապատ տրանսպորտային միջոցներով և ավիացիայով: Քառօրյա պատերազմի ընթացքում հայկական կողմն ունեցավ 90–ից ավել զոհ։–0–