Անկախության 25–ամյակին նվիրված զորահանդես` հաղթանակի իրական տոն Հայաստանի քաղաքացիների համար

21.09.2016, 17:37
Չորեքշաբթի Երևանում տեղի ունեցավ Հայաստանի անկախության 25–ամյակին նվիրված շքեղ զորահանդես։
Անկախության 25–ամյակին նվիրված զորահանդես` հաղթանակի իրական տոն Հայաստանի քաղաքացիների համար
ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Չորեքշաբթի Երևանում տեղի ունեցավ Հայաստանի անկախության 25–ամյակին նվիրված շքեղ զորահանդես։

Զորահանդեսն իսկապես զարմացրեց Հանրապետության հրապարակում հավաքված հազարավոր մարդկանց։ Զորահանդեսի ընթացքում առաջին անգամ ներկայացվեցին «Իսկանդեր» օպերատիվ–մարտավարական հրթիռային համալիրներն ու «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը։

 - рис.1

Բացի այդ, ներկայացվեցին «Տոչկա-Ու» և «Էլբրուս» մարտավարական հրթիռային համակարգերը, С-300 զենիթահրթիռային համալիրները, 152-մմ «Գիացինտ» թնդանոթը` կրակի բարձր հեռավորությամբ, ռադիոէլեկտրոնային պայքարի կայաններ, տանկեր, հետևազորի մարտական մեքենաներ, ինքնագնաց հրետանային կայաններ, հակատանկային և դաշտային հրետանի, «Գրադ» ՀԿՌՀ-ներ, WM-80, ՀՕՊ համակարգեր, հայկական արտադրության անօդաչու թռչող սարքեր և այլն։

Տոնական միջոցառման մասնակիցներից մեկը` Մարինա Թակմազյանը, «Նովոստի–Արմենիա» գործակալությանն ասաց, որ նա ընտանիքի հետ միասին առաջին անգամ է Հայաստանում։

«Եկել ենք այստեղ արձակուրդն անցկացնելու, երկար ժամանակ պատրաստվում էինք և, վերջապես, մեզ դա հաջողվեց», – ընդգծեց Թակմազյանը։

Նա ավելացրեց, որ արձակուրդն այնպես էին կազմակերպել, որպեսզի մասնակցեն Հայաստանի անկախության 25–ամյակին նվիրված զորահանդեսին։

«Շատ տպավորված ենք, մեզ ամեն ինչ շատ դուր եկավ, մասնավորապես, ներկայացված տեխնիկան։ Կարծում եմ` վերջին անգամ չէ, որ Հայաստան ենք այցելում», – նշեց Թակմազյանը։

Գոռ Հակոբյանը, ով ընտանիքի հետ եկել էր զորահանդեսը դիտելու, նշեց, որ մեծ հետաքրքրությամբ էր սպասում միջոցառմանը։

 - рис.2

«Անհամբերությամբ սպասում էինք այս զորահանդեսին, շատ էի ցանկանում, որ այն կարողանան տեսնել նաև իմ երեխաները և համոզվել, թե ինչ հզոր և ուժեղ երկրում են ապրում։ Դա շատ կարևոր է կրտսեր սերնդի համար», – ասաց Գոռը։

Տոնի մասնակից Սյուզաննան, ներկայացնելով իր տպավորությունները, նշեց, որ այսպիսի միջոցառումների շնորհիվ ժողովուրդն ավելի ինքնավստահ է դառնում:

 - рис.3

«Մենք այժմ հարևան երկրների հետ խնդիրներ ունենք, և այսպիսի պահին զորահանդեսը մեծ իրադարձություն է: Այն ապացուցեց մեր զորությունը և այն, որ հայերը շարունակում են իրենց պայքարը: Մենք բազմադարյան պատմություն ունենք և երբեք չենք անհետանա պատմության էջերից»,- ավելացրեց աղջիկը:

 - рис.4

Մի խումբ երիտասարդներ խոստովանեցին, որ ռազմական տեխնիկան միշտ հեռուստացույցով են տեսել և իսկական երջանկություն են զգում՝ այն տեսնելով սեփական աչքերով:

«Մենք շատ տպավորված ենք, շքերթը մեզ շատ դուր եկավ: Ուրախ ենք, որ հնարավորություն ունենք այստեղ գտնվելու և ներկա լինելու այս պատմական իրադարձությանը»,- ասաց երիտասարդներից մեկը՝ Արենը:

 - рис.5

Չորեքաբթի՝ սեպտեմբերի 21-ին, Հայաստանը նշում է Անկախության 25-ամյակը:

Հայաստանի Գերագույն խորհրդի որոշմամբ, 1991թ. սեպտեմբերի 21-ին հանրաքվե անցկացվեց՝ ԽՍՀՄ կազմից դուրս գալու և անկախ պետականություն հաստատելու վերաբերյալ։

Ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 99%-ը կողմ էր քվեարկել: Երկու օր անց հանրապետության Գերագույն Խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ, ինքնիշխան հանրապետություն։ -0-