Փաշինյան. այս պահին պատվաստված է ընդամենը 2690 մարդ, սա խայտառակ ցածր ցուցանիշ է, մի շաբաթում կառավարության բոլոր անդամները պետք է պատվաստվեն

29.04.2021, 12:14
Փաշինյանը նշել է, որ Հայաստանում այս պահին պատվաստված է ընդամենը 2690 մարդ, սա խայտառակ ցածր ցուցանիշ է, և մի շաբաթում կառավարության բոլոր անդամները պետք է պատվաստվեն
Փաշինյան. այս պահին պատվաստված է ընդամենը 2690 մարդ, սա խայտառակ ցածր ցուցանիշ է, մի շաբաթում կառավարության բոլոր անդամները պետք է պատվաստվեն

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Մի շաբաթվա ընթացքում կառավարության բոլոր անդամները պետք է պատվաստվեն, ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստի ընթացքում։ 

Նա նշեց, որ ավելի քան մեկ տարի աշխարհն ապրում է համավարակի պայմաններում, ու ՀՀ կառավարության ռազմավարությունն ի սկզբանե եղել է հետևյալը՝ սովորել ապրել կորոնավիրուսի պայմաններում, այսինքն՝ բնականոն կյանքից մաքսիմալ պակաս շեղումներով, բայց կա նաև երկրորդ կարևոր բաղադրիչը` պատվաստման գործընթացը:

«Պատերազմի պատճառով գուցե ուշադրություն չենք դարձրել պատվաստումներին, սակայն հիմա կա պատվաստման բավականին մեծ պոտենցիալ, բայց բախվում ենք մի խնդրի, որ այդ պոտենցիալը պատշաճ մակարդակով չի իրականացվում, ինչը որոշակի ռիսկեր է առաջացնում ոչ միայն առողջապահության ոլորտում, այլև տնտեսական տեսանկյունից», – ասաց Փաշինյանը։

«Եկեք պատվաստումը սկսենք մեզնից և պայմանավորվենք, որ մի շաբաթվա ընացքում կառավարության բոլոր անդամները պետք է պատվաստվեն։ Այս պահին պատվաստված է ընդամենը 2690 մարդ, սա խայտառակ ցածր ցուցանիշ է, հիմա աշխարհում պատվաստված մարդկանց թիվը կյանքի որակի նշան է բոլոր ասպեկտներում` տնտեսական, քաղաքակրթական, քաղաքական, և դա պետք է լինի մեր ամենօրյա աշխատանքը», – ասաց Փաշինյանը։

Նա նշեց, որ եթե իշխանություններն ասում են, որ 18 տարեկանից բարձր բոլոր անձինք կարող են պատվաստվել, ապա անհրաժեշտ է սկսել հենց սեփական անձից, ինչից հետո պատվաստել պետական գերատեսչությունների բոլոր աշխատակիցներին։

Նրա խոսքով, Զինված ուժերում ևս պետք է կազմակերպվի պատվաստման գործընթացը։

«Եթե որևէ պատվաստանյութ ներկայացնի որևէ վտանգ քաղաքացիների առողջությանը, կյանքին, ՀՀ կառավարությունն ուղղակի այդ պատվաստանյութը չի ընդունի», – ասաց Փաշինյանը։ 

«Ամենևին զարմանալի չէ այն արշավը, որ կա Հայաստանում, որովհետև պատվաստումների դեմ, ցավոք, վերջին տարիներին Հայաստանում շարժումներ են սկսվել, որոնք չգիտես, թե ինչ նպատակ ունեն: Մենք բոլորս պետք է պատվաստվենք», – նշեց նա։–0–