«Ադրբեջանցիները՝ 1974 թվականի քարտեզ ձեռքներին, եկել ինչ-որ բարձունքի վրա, ասում են, թե սա իրենցն է».ի՞նչ իրավիճակ է Սյունիքում, պարզաբանում է պատգամավորը

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Սյունիքում սահմանային միջադեպի առնչությամբ տեղի են ունենում բանակցություններ՝ այդ թվում ռուսական կողմի ներկայացուցչի ներգրավվածությամբ. կրակոցներ չեն եղել, վիրավորներ չկան:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ նշելով, որ հիմա ընթանում է այդ լարվածության հետ կապված խնդիրների լուծման և հստակեցման պրոցես:
Նշենք, որ այսօր ՊՆ–ն հայտնեց, որ մայիսի 12-ի վաղ առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում։ Հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։ Այս պահին ընթանում են բանակցություններ՝ ստեղծված իրավիճակը հարթելու ուղղությամբ։ Ինչպես հայտնում են հայկական ԶԼՄ–ները, ադրբեջանցիները Սև լճի տարածքում առաջ են եկել և տեղակայվելու փորձ են կատարել։ Լուրը «Ռադիոլուրի» հետ զրույցում հաստատել է Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը։ Նա նշել է, որ որևէ միջադեպ չի եղել, վիրավորներ չկան։ Ավելի վաղ որոշ լրատվամիջոցներ հայտնել էին, որ Իշխանասարի ուղղությամբ հարձակումներ են եղել։
«Հարձակում չի եղել, ուղղակի գիշերը լավ առաջ են եկել, բայց այս պահին 1–ին բանակային կորպոււսը բանակցություններ է վարում, որպեսզի ադրբեջանական ուժերը հետ գնան դեպի քարտեզով նախատեսված դիրքերը», – ասել է փոխքաղաքապետը։
«Ադրբեջանցիները՝ 1974 թվականի քարտեզ ձեռքներին, եկել ինչ-որ բարձունքի վրա, ասում են, թե սա իրենցն է: Բնականաբար, դա չի կարող վերածվել լարվածության, որովհետև հրադադարի ռեժիմը, նաև Հայաստանի պետական սահմանի հետ կապված խնդիրները լուծվում են լրիվ այլ փաստաթղթերի և այլ պայմանագրերի շրջանակում: Այս հարցն առաջացել է սահմանային ճշտումների պատրվակով»,-ասաց Քոչարյանն ու նկատեց, որ Ադրբեջանը, թեև ոչ պետական մակարդակով, սակայն սկսել է բարձրաձայնել, թե Ռուսաստանի ներկայությունն այս հրադադարի ռեժիմում այնքան էլ ցանկալի չէ:
Նրա խոսքով՝ հակառակորդի նման գործողությունները քաղաքական կոմպոնենտ են պարունակում, որի նպատակը նաև ՀՀ ներքաղաքական կյանքում լարվածություն առաջացնելն է:
Քոչարյանը վստահեցրեց, որ հենց հիմա ընթանում են բանակցություններ:
«Հենց հիմա այնտեղ է գտնվում հրադադարի ռեժիմի մեջ ներգրավված ռուսական կողմի ներկայացուցիչը, մեր սահմանապահ զորքերի հրամանատարը, բանակցությունների փուլում ենք: Եվ ես համոզված եմ, որ դա ավարտվելու է հանգուցալուծմամբ»,- ասել է հանձնաժողովի նախագահը:
Քոչարյանն ընդունում է՝ խնդիր կա, բայց դա այն խնդիրը չէ, որի համար մարդկանց վախի մեջ պահեն:
«Պրոբլեմի լուծումը շատ մոտ է: Զոհեր չկան, վիրավորներ չկան, կրակոցներ չկան, չեն էլ եղել»,- ասել է Քոչարյանը:
Կրակոցների մասին տեղեկությունները Քոչարյանը համարեց պլանավորված պրովոկացիա՝ հորդորելով չտրվել դրանց, հասարակության գերլարված վիճակում չպահել:
Նրա վստահեցմամբ՝ տարածվող տարատեսակ լուրերն իրականությանը չեն համապատասխանում:–0–