Կգործարկվի՞, արդյոք, երկաթուղու աբխազական ճյուղը

10.02.2018, 16:36
Բազմաթիվ վերլուծաբանների կարծիքով, Հայաստանի տնտեսական զարգացումն արգելակող հիմնական պատճառներից մեկը հուսալի և տնտեսապես շահավետ տրանսպորտային հաղորդակցության բացակայությունն է:
Կգործարկվի՞, արդյոք, երկաթուղու աբխազական ճյուղը
ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Բազմաթիվ վերլուծաբանների կարծիքով, Հայաստանի տնտեսական զարգացումն արգելակող հիմնական պատճառներից մեկը հուսալի և տնտեսապես շահավետ տրանսպորտային հաղորդակցության բացակայությունն է, որը երկիրը կկապեր ինչպես հարավային հարևանի` Իրանի, այնպես էլ հյուսիսային ռազմավարական և ԵՏՄ–ում հիմնական գործընկեր Ռուսաստանի հետ, իսկ նրանց տարածքով` նաև ողջ աշխարհի հետ։

Գոյություն ունեցող ավտոմոբիլային ճանապարհները, իհարկե, չեն կարող դիմանալ երկաթուղային փոխադրումների մրցակցությանը, ինչպես` վրացական Փոթիից դեպի Նովոռոսիյսկ իրականացվող լաստանավային հաղորդակցությունը։ Այդ պատճառով հայկական ապրանքների ինքնարժեքը նույն եվրասիական շուկայում բավականին բարձր է` անգամ միության կազմում չներառված երկրների ապրանքների համեմատ։

Օրինակ, չնայած հայկական գինու, հանքային ջրի, գյուղատնտեսական արտադրանքի համար տուրքերի բացակայությանը, նմանատիպ արտադրանքն օրինակ հարևան Վրաստանից, Ադրբեջանից և անգամ Մոլդովայից (էլ չխոսենք Թուրքիայից ներմուծված լոլիկի մասին) գին–որակ հարաբերակցության հարցում տրանսպորտային քիչ ծախսերի պատճառով դառնում է ավելի մրցակցային, քան հայկականը։

Հայաստանը ոչ շահավետ իրավիճակում է նաև որպես տարանցիկ երկիր, ասենք Իրանից եկող ապրանքների համար դեպի նույն ռուսական շուկա և հակառակը։ Թվում է, թե այս հարցում որոշակի լավատեսություն ներշնչեց Հայաստանի տրանսպորտի նախարարի` նախորդ տարի արված հայտարարությունը Վրաստանի և Հայաստանի տարածքով դեպի Իրան և հակառակ ուղղությամբ ապրանքների տարանցման հիբրիդային գծի փորձնական գործարկման մասին, որը, ցավոք, դեռ չի զարգանում։

Կարելի՞է, արդոք, ակնկալել իրական տնտեսական արդյունք

Խնդրի հետ քիչ թե շատ ծանոթ բոլոր փորձագետների համար ակնհայտ է, որ արտաքին աշխարհի հետ Հայաստանի տրանսպորտային կապի վրա հիմնված բոլոր ծրագրերը կարող են հանգեցնել իրական տնտեսական արդյունքների միայն երկաթուղու առկայության դեպքում։

Ընդ որում խոսքն ինչպես Վրաստանի տարածքով Ռուսաստանի հետ, այնպես էլ Իրանի հետ երկաթուղային կապի մասին է։ Հիշեցնենք, որ վերջին դեպքում խոսքը տարբեր գնահատականներով 3–3,5 մլրդ դոլար արժողությամբ նախագծի մասին է, ինչի կապակցությամբ արդեն երկար տարիներ բանակցություններ են ընթանում տարբեր հովանավորների հետ։

Սակայն, ինչպես ասում են` սայլը դեռ տեղից չի շարժվել։ Հիմնական խնդիրը, իհարկե, նման նախագծի շահութաբերությունն է, այդ իսկ պատճառով բոլոր մասնագետները միաձայն պնդում են այն մասին, որ առանց Վրաստանի և Աբխազիայի տարածքով երկաթուղային հաղորդակցության անօգուտ է խոսել հարավային ուղղությամբ դեպի Իրան երկաթուղային ճանապարհի մասին։

Ի՞նչ է խանգարում կողմերին պայմանավորվել

Դեռ 2017 թ.–ի նոյեմբերին նախատեսվում էր, որ Թբիլիսին և Մոսկվան SGS շվեյցարական ընկերության հետ միասին (Société Générale de Surveillance SA, տեսչական ծառայությունների, փորձաքննության, սերտիֆիկացման ոլորտում գործող համաշխարհային առաջատարներից մեկը) կստորագրեն համաձայնագիր, որը ճանապարհ կհարթի դեպի 2011թ.–ի պայմանավորվածությունների իրականացում, որոնք վերաբերում են Ռուսաստանի և Վրաստանի միջև տրանսպորտային միջանցքների ստեղծմանը։

Խոսքը երեք տրանսպորտային միջանցքների մասին է, սակայն Հայաստանին ավելի շատ հետաքրքրում է հենց աբխազականը, չնայած մյուս ուղղությունները ևս կարող են ապահովել որոշակի առաջընթաց երկրի փաստացի տրանսպորտային շրջափակման հարցում։

Կողմերի միջև պայմանավորվածությունների ձեռքբերման, մասնավորապես`ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի հետ (որը համակարգում է հարցը Ռուսաստանի կողմից) հանդիպման արդյունքների վերաբերյալ «Կոմերսանտ» թերթի հետ խոսել է Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն։

Հիշեցնենք մի շատ կարևոր պահ. Համաձայնագիրը թույլ էր տալիս երկու երկրներին զարգացնել առևտրատնտեսական հարաբերություններն Աբխազիայի և Հարավային Օսեթիայի տարածքներով` շրջանցելով այս նախկին վրացական ինքնավարությունների կարգավիճակի խնդիրը:

Այնուամենայնիվ, համաձայնագրի ստորագրումը չկայացավ: Չի կարելի է խոսել այդ հարցում ճեղքման մասին նաև այս տարվա հունվարի 31-ին Պրահայում կայացած Կարասինի և Աբաշիձեի հանդիպմանը:

Загружается новость ... "Право"

Պետք է խոստովանել, որ նոյեմբերյան բանակցություններից հետո փորձագետներն առանձնապես սպասելիքներ չունեին Պրահայի հանդիպումից, քանի որ Մոսկվան ու Թբիլիսին չէին դադարում մեղադրել միմյանց համաձայնության ձեռքբերումը տապալող գործողությունների համար:

Մասնավորապես, ռուսական կողմի կարծիքով, գլխավոր խնդիրը Թբիլիսիի դիրքորոշումն է պայմանավորվածությունների կատարման հարցում Աբխազիայի և Հարավային Օսեթիայի անմիջական կամ անուղղակի մասնակցությունն է, թեև դեռ նախորդ տարվա փետրվարին Աբաշիձեն և Կարասինը պայմանավորվածություն են ձեռք բերել տվյալ հարցով:

Վրացական կողմն իր հերթին ի դեմս նույն Աբաշիձեի մեղադրում էր Մոսկվային նրանում, որ, նախևառաջ, Ռուսաստանը դեռևս չի ստորագրել պայմանագիր շվեյցարացիների հետ, մինչդեռ նախորդ տարվա դեկտեմբերին Վրաստանն արդեն հարաբերություններ էր հաստատել նրանց հետ: Երկրորդ` Աբաշիձեի կարծիքով, Ռուսաստանը նորովի է սկսել մեկնաբանել համաձայնագիրը, ինչը սկզբունքորեն հակասում է 2011 թվականի համաձայնագրի դրույթներին և բովանդակությանը և լուրջ սպառնալիք է ստեղծում դրա իրագործման համար:

Մասնավորապես, Աբաշիձեն մատնանշում էր Կարասինի վերջին հարցազրույցը նույն «Կոմերսանտին», որում ռուս դիվանագետը խոսում է Վրաստանի և Աբխազիայի, ինչպես նաև Վրաստանի և Ծխինվալի միջև, այսպես կոչված, մաքսային սահմանների մասին, մինչդեռ որևէ մաքսային սահմանի մասին խոսք լինել չի կարող: Խոսքը տերմինալների մասին է, որոնք պետք է տեղակայված լինեն 2011 թվականի համաձայնագրով սահմանված առևտրային միջանցքների մուտքում և ելքում:

Ինչպես և ակնկալվում էր, փոխադարձ մեղադրանքների նույն մարտավարությունը շարունակվել է նաև Պրահայում: Այս անգամ արդեն արտահայտած մեղադրանքներին ռուսական կողմին մեղադրել են Ռուսաստանի ԶՈՒ-ին Հարավային Օսեթիայի զինված միավորումների միացման և կիսաճանաչված հանրապետութւյան Ալակգորի շրջանում մաքսակետի բացման համար:

Չարժե միջամտել երկու երկրների պաշտոնյանի վեճին և պարզել, թե ով է նրանցից ճիշտ և որքանով, առավել ևս, որ, ինչպես հայտնի է դիվանագետին լեզուն տրված է սեփական մտքերը թաքցնելու համար: Առավել արդյունավետ է փորձել հասկանալ, թե որտեղ են թաքնած իրական ստորջրյա քարերը, որոնց կարող են բախվել վրացական և ռուսական կողմերը, իսկ արդյունքում ամենից շատ կտուժի հայկական կողմը:

Կրքերը թեժանում են, կամ համաձայնագրի շուրջ անիմաստ աղմուկ

Միանգամից ասեմ, որ Երևանը շահագրգռված է Վրաստանի և Ռուսաստանի միջև համաձայնագրի ստորագրմամբ և դրա իրագործմամբ: Ինչպես հայտնել է Կարասինը վերոնշյալ հարցազրույցում, Երևանը համապատասխան խնդրանքով դիմել է երկու կողմերին:

Այնուամենայնիվ, բանակցությունների ձախողման մտահոգություններ կան, և դրանք բավականին լուրջ են: Այսպես, Թբիլիսիում բազմաթիվ քաղաքական գործիչներ և փորձագետներ հակված են համաձայնագրի ստորագրման մեջ տեսնել
«անմիջական պետական դավաճանություն», ինչը, բնականաբար, չի կարող չզսպել վրացական կողմին:

Ինչպես հայտնում է վրացական apsny.ge տեղեկատվական ռեսուրսը, համաձայնագրի արմատական հակառակորդների կարծիքով, « օկուպացված Աբխազիայի, մնացած վրացական տարածքով դեպի Հայաստան ձգվող երկաթգիծը լուրջ տնտեսական ծանրաբեռնվածություն չունի: Ըստ էության, ներկա իրավիճակում նրա միակ նշանակությունն է ռազմական բեռների մատակարարումը Հայաստանի տարածք` ռուսական ռազմաբազայի ու ՀՀ Զինված ուժերի համար: Նման ֆենոմենի ի հայտ գալը լուրջ վտանգ է պարունակում իր մեջ»։

Վրաստանում համաձայնագրի նկատմամբ առավել չափավոր հակառակորդները վստահ են, որ այն չի ստորագրվի, քանի որ «այն ձեռնտու չէ Ռուսաստանին, քանի որ ստորագրելով այն` Ռուսաստանը ստիպված կլիներ անուղղակիորեն ճանանչել Վրաստանի լիազորությունները Աբխազիայի ու Ցխինվալի տարածաշրջանի նկատմամբ»:

Մասնավորապես, նման դիրքորոշում ունի Վրաստանի խորհրդարանի «Եվրոպական Վրաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Սերգի Կապանաձեն` Սահակաշվիլիի կառավարության օրոք արտաքին գործերի նախկին փոխնախարարը, ում կառավարման ժամանակ էլ սկսվել է այս համաձայնագրի շուրջ պատմությունը: Նրա խոսքով, հենց այդ պատճառով «Ռուսաստանը կձգձգի պայմանագրի ստորագրումը շվեյցարական ընկերության հետ»:

Աբխազիայի ու Հարավային Օսիայի տարածքներում նշանակության որոշակի կետերի նկատմամբ «անանուն» մոտեցումը, որն ամրագրված է համաձայնագրի տեքստում, ըստ «Կոմերսանտի», ամենևին ձեռնտու չէ այդ հանրապետությունների ղեկավարությանը: Նրանց նաև դուր չի գալիս, որ ՌԴ-ից Վրաստան տեղափոխվող ապրանքները դրոշմանշվելու են շվեյցարացիների կողմից միջանցքներ մտնելիս, ինչից հետո վերահսկվելու են GPS տեխնոլոգիաների միջոցով առանց Աբխազիայի ու Հարավային Օսիայի համապատասխան ծառայությունների մասնակցության:

Հաշվի առնելով Ցխինվալի ու Սուխումիի վրա Մոսկվայի ազդեցության աստիճանը` այս հանրապետությունների ղեկավարների նման վերաբերմունքը հաստատում է այն ենթադրությունը, որ Ռուսաստանին այսօր ձեռնտու չէ աբխազական երկաթգծի գործարկման համաձայնագրի ստորագրումը:

Իսկ կողքից դիտողի համար այս համաձայնագրի շուրջ առաջացած ամբողջ քաշքշուկն ավելի շատ բերում է այն եզրակացության, որ կողմերը ցանկանում են ոչ թե համաձայնության գալ կոնկրետ հարցի շուրջ, այլ արդեն այս ձևաչափում պարզում են առանց այդ էլ բարդ միջպետական հարաբերությունները։

Հայաստանի սկզբունքային մոտեցումը

Բնական է, որ նման տրամադրությունների ֆոնին թերևս միամտություն է ակնկալել աբխազական երկաթգծի շուրջ համաձայնագրի շուտափույթ ստորագրում: Ու սա դեռ չհաշված Թուրքիայի ու Ադրբեջանի գործոնը, որոնց համար Վրաստանի ու Աբխազիայի տարածքով Հայաստանի շրջափակման ճեղքումը կնշանակի Երևանի նկատմամբ վարած երկար տարիների քաղաքականության ձախողում:

Կարծում եմ, որ նման հանգամանքներում Հայաստանի իշխանություններին անհրաժեշտ է ԵՏՄ գործընկերների առաջ դնել ՀՀ-ի համար որոշակի արտոնություններ հատկացնելու հարցը, ինչը կարող էր փոխհատուցել փոխադրումների ժամանակ գրանցված կորուստները ու հայկական ապրանքները գոնե հավասար պայմաններում դնել այն երկրների ապրանքների հետ, որոնք ԵՏՄ անդամ չեն:-0-

Մանվել Ղումաշյան, միջազգային քաղաքականության փորձագետ` հատուկ «Նովոստի Արմենիա» գործակալության համար

Հեղինակի կարծիկքը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ