Հայաստանը չի կենտրոնանում միայն իր սեփական ցավի վրա, այլ ապագայում ցեղասպանությունների կանխման առաջամարտիկ է

09.12.2016, 21:11
Դեկտեմբերի 9-ը «Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության եւ այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրն» է։
Հայաստանը չի կենտրոնանում միայն իր սեփական ցավի վրա, այլ ապագայում ցեղասպանությունների կանխման առաջամարտիկ է
ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. 2015 թվականին Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) Գլխավոր ասամբլեան դեկտեմբերի 9-ը հռչակեց «Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության եւ այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր»։

Բանաձևը կոչ է անում պետություններին, միջազգային կազմակերպություններին և քաղաքացիական հասարակությանն ու անհատներին նշել այդ օրը ցեղասպանության դեմ պայքարի և կանխարգելման հարցում 1948 թ. Կոնվենցիայի նշանակության բարձրացման ու իրազեկման նպատակով, ինչպես նաև հանուն ցեղասպանության զոհերի հիշատակի ու հարգանքի։

Բանաձևով վերահաստատվում է նաև յուրաքանչյուր պետության պատասխանատվությունը` պաշտպանելու բնակչությանը ցեղասպանությունից և դրա հրահրումից։ Բանաձևում նաև ամրագրվում է ցեղասպանության անպատժելիության դեմ պայքարը` որպես կանխարգելման կարևորագույն գործոն։

Այս բանաձևը ներկայացվել էր Հայաստանի նախաձեռնությամբ և ընդունվեց կոնսենսուսով` ստանալով ավելի քան 80 անդամ պետությունների աջակցությանը։ Հայաստանի դերակատարությունը պատահական չէ, քանի որ Հայաստանի հանրապետությունը այս ոլորտում կարելի է առաջատար համարել: Դեռ 1998 թվականից, երբ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը մեր երկրի արտաքին քաղաքական առաջնահերթություն հռչակվեց, Հայաստանն ակտիվորեն մասնակցում է Ցեղասպանության մասին 1948 թ.Կոնվենցիայի արդիականացման եւ զարգացման գործընթացին:

Այսպես, Հայաստանի առաջարկությամբ Մարդու իրավունքների հանձնաժողովի կողմից 1998 թ. ընդունվել են «Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժման մասին կոնվենցիայի 50-ամյակին նվիրված» բանաձևը, հետագա տարիների 1999, 2001, 2003 և 2005 թ` «Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժման մասին» բանաձևերը, իսկ 2008, 2013 թ. և 2015 թ. մարտի 27-ին թթ. «Ցեղասպանության կանխարգելման մասին» բանաձևերը: Հայաստանին է պատկանում նաև Երկու տարին մեկ Ցեղասպանությունների կանխարգելման Գլոբալ ֆորումներ անցկացնելու նախաձեռնությունը, որոնք կայացան 2015, 2016 թթ. (հաջորդը նախատեսված է 2018 թթ.) և Երևանում հավաքեցին այդ ոլորտում ներգրավված հայտնի քաղաքական գործիչներին և ցեղասպանագետներին` ստեղծելով աշխարհով մեկ ցեղասպանությունների կանխման գործին ուղղված հարթակ:

Նման ներգրավվածությունը չափազանց ողջունելի է, քանի որ Հայաստանը ցույց է տալիս, որ, լինելով ցեղասպանություն վերապրած ժողովուրդ, չի կենտրոնանում միայն իր սեփական ցավի վրա, այլ ապագայում նման ոճրագործության կանխման առաջամարտիկ է: Հիշատակի և արժանապատվության և ցեղասպանության հանցագործության կանխարգելման միջազգային օրը պատահական չի ընտրվել:

1948 թ. դեկտեմբերի 9-ին ՄԱԿ ԳԱ ընդունեց Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին կոնվենցիան: Այն առաջին անգամ միջազգային իրավունք ներմուծեց «Ցեղասպանություն»՝ «Genocide» եզրը, տվեց դրա բնորոշումն իբրև մարդկության դեմ ծանրագույն հանցագործություն, ինչպես նաև սահմանեց ցեղասպանությունը կանխող և դրա համար պատիժ սահմանող փաստաթուղթ:

Genocide եզրի հեղինակ, ինչպես նաև կոնվենցիայի մշակման ու ընդունման գործում վճռական դեր խաղացած հրեական ծագում ունեցող լեհ իրավագետ Ռաֆայել Լեմկինն իր «Ինքնակենսագրություն»-ում նկարագրում է, որ իրավաբանության ոլորտ է եկել Սողոմոն Թեհլերյանի դատավարությունից հետո:

Լվովի համալսարանի լեզվաբան-ուսանողը ցնցվել է, երբ Բեռլինում հայ վրիժառուի կողմից Թալեաթի սպանությունից հետո փորձել է իր հետաքրքրությունը բավարարել և պրոֆեսորից իմացել, որ եթե մեկ մարդու սպանության համար գոյություն ունի համապատասխան օրենք, ապա միլիոնների սպանության գործողությունը դուրս է մնում իրավաբանական հստակ ձևակերպումների դաշտից: Միջազգային օրենք, որը կվերաբերի ազգի, ռասայի կամ կրոնական խմբի ոչնչացմանը, ուղղակի գոյություն չուներ:

Եվ Լեմկինն իր ամբողջ կյանքը նվիրում է հենց այս անարդարության վերացմանը: 1948 թ. Կոնվենցիայի ընդունումն այս պայքարի գագաթնակետն էր, սակայն դրան նախորդել էին անդադար աշխատանքի ու հուսահատության երկար տարիներ: Մոտ երկու տարի անց՝ 1951-ի հունվարի 12-ին այն ուժի մեջ մտավ: Այսօր կոնվենցիան վավերացվել է 141 երկրների կողմից: Իսկ երբ ԱՄՆ-ն վավերացրեց այն 1988 թվականին, Կոնվենցիան երկրորդ կյանքը ստացավ: Հենց դրա հիմքի վրա դատապարտվեցին Ռուանդայի և Բոսնիայի ցեղասպանությունների կազմակերպման և իրականացման մեջ ներգրավված անձինք: Վերջապես 2005 թ. ընթացքում մշակվեց Պաշտպանելու պատասխանատվության սկզբունքը՝ R2P (The responsibility to protect), որի շրջանակներում բոլոր երկրները պարտավոր են միջոցներ ձեռնարկել` կանխելու և պատժելու ցեղասպանությունները: Յուրաքանչյուր ինքնիշխան պետություն պարտավորություն էր ձեռք բերում իր բնակիչներին ցեղասպանություններից և զանգվածային կոտորածներից (Massive atrocities crimes) պաշտպանելու համար, իսկ այն դեպքում, երբ պետությունը անզոր է կամ չի ցանկանում դա իրականացնել, ապա այս պատասխանատվությունն անցնում է միջազգային հանրությանը: Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին կոնվենցիան նաև երևի եզակի կոնվենցիաներից է, որ բազմաթիվ աղերսներ ունի հայերի հետ: Բացի այդ նրա պահպանման, իրականացման և բարելավման հարցում Հայաստանը կենսականորեն հետաքրքրված է: -0-

Սուրեն Մանուկյան, ցեղասպանության ինստիտուտի տնօրենի տեղակալ, հատուկ «Նովոստի–Արմենիա» գործակալության համար

Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ