Հայաստանի քաղաքական հույսերը կամ ե՞րբ սպասել նոր ընտրություններին. մեկնաբանում է փորձագետը

10.05.2018, 16:32
ՀՀ ԱԺ–ն մայիսի 8–ի հատուկ նիստում վարչապետ ընտրեց ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանին, որի թեկնածության օգտին քվեարկեց 59 պատգամավոր, դեմ` 42։
Հայաստանի քաղաքական հույսերը կամ ե՞րբ սպասել նոր ընտրություններին. մեկնաբանում է փորձագետը
ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ ԱԺ–ն մայիսի 8–ի հատուկ նիստում վարչապետ ընտրեց ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանին, որի թեկնածության օգտին քվեարկեց 59 պատգամավոր, դեմ` 42։

Այս իրադարձությունները տեղի ունեցան ապրիլի 13–ից հանրապետության տարածքում անցկացվող բողոքի մասշտաբային ակցիաների ֆոնին, որոնց հետևեց վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականը։

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանն է ներկայացրել իր տեսլականն այն մասին, թե ինչպես են զարգանալու իրադարձությունները։

Նոր նախարարներ, ովքե՞ր են նրանք

Հակոբյանի կարծիքով, առաջին հերթին կնշանակվեն առաջին փոխվարչապետը և ուժայինները, այսինքն` պաշտպանության նախարարը, ոստիկանապետն ու ԱԱԾ տնօրենը։ «Առաջին փոխվարչապետը կհամակարգի կառավարության տնտեսական բլոկը», – ասաց նա։
Միաժամանակ փորձագետն այս փուլում ձեռնպահ մնաց կոնկրետ անուններ նշելուց։
«Փաշինյանը նրանց մասին չի խոսել, իսկ մնացածը շրջանառվող խոսակցությունների մակարդակում է, և ամեն օր հայտնվում են նորանոր դեմքեր։ Իսկ խոսակցություններ մեկնաբանելն անշնորհակալ գործ է։ Ամեն դեպքում, նա խոստացել է, որ կառավարությունում չեն լինի օլիգարխներ և գործարարներ», – ասաց Հակոբյանը։

Ե՞րբ սպասել արտահերթ ընտրությունների

Քաղաքագետի խոսքով, Հայաստանի ԱԺ արտահերթ ընտրությունները կանցկացվեն մեկ տարվա ընթացքում։

«Ամեն ինչ կախված է նրանից, թե երբ կճշգրտվի օրենսդրական բազան։ Բայց եթե դիտարկենք քաղաքական իրավիճակը, ապա, կարծում եմ, որ այժմ շատ հրատապ ընտրությունները ոչ ոքի պետք չեն։ Այդ ամենը կես տարուց ոչ պակաս կտևի»,– ասաց Հակոբյանը։

Նա նշեց, որ ընտրությունների գործընթացը կսկսվի ոչ շուտ, քան կավարտվի Երևանում հոկտեմբերի 11–12–ին Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային գագաթնաժողովը։
«Ամենայն հավանականությամբ, ընտրություններին կսկսեն պատրաստվել ուշ աշնանը։ Դա ամենավաղ ժամկետն է»,– ասաց փորձագետը։

Ինչ վերաբերում է անմիջապես օրենսդրական փոփոխություններին, ապա, նրա կարծիքով, նախևառաջ, դրանք պետք է կատարվեն «Ընտրությունների մասին» և «Կուսակցությունների մասին» օրենքներում։

«Հնարավոր են փոփոխություններ, մասնավորապես, կապված Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համալրման հետ։ Գլխավոր հարցը ռեյտինգային ընտրական համակարգի չեղարկումն է, որը, ինչպես հայտնի է, բուռն քննադատությունների է արժանացել ոչ միայն այն ժամանակի ընդդիմադիր կուսակցությունների, այլ նույնիսկ Հայաստանի հանրապետական կուսակցության կողմից։ Դա ամենասկզբունքային հարցերից մեկն է»,– ասաց Հակոբյանը։

Լինե՞լ, թե՞ չլինել ՀՀԿ–ին

Հակոբյանը կարծում է, որ ՀՀԿ-ն կհավաքի շատ ավելի քիչ ձայն, քան հիմա, երբ խմբակցությունը 6–րդ գումարման խորհրդարանում ներկայացված է 58 պատգամավորով:

«Կարծում եմ` ամեն ինչ կապված է նրանից, թե հանրապետականները որքանով կկարողանան կուսակցության ռեբրեդինգ իրականացնել, կենտրոնացնել սեփական ռեսուրսները», - ասաց նա:

Ըստ քաղտեխնոլոգի, ՀՀԿ-ի անդամների թիվը կարող է կրճատվել`այժմ հրապարակված 140-180 հազարից մինչև 5-7 հազար:

Հակոբյանը նշեց նաև, որ ՀՀԿ–ն երկար ժամանակ ասոցացվում էր ոչ թե քաղաքական կուսակցության, այլ «կերամանին» մոտենալու հնարավորության հետ:
«Հիմա նրանք հնարավորություն ունեն դառնալ իրական քաղաքական կուսակցություն, այսինքն ոչ գաղափարական կազմակերպությունից (որը փաստացի իշխանական կուսակցություն էր) վերծավել իսկական ընդդիմության», - ասաց Հակոբյանը:

Ըստ նրա, շատ բան կախված է նաև նրանից, թե որքանով Փաշինյանին կհաջողվի ժամանակավոր կառավարության շրջանում չկորցնել անհավանական բարձր վարկանիշն ու արդարացնել իր հետ կապվող մեծ հույսերը:-0-