Երևանի կինոփառատոն. օրհնված ծիրան, Օռնելլա Մուտի և Մալյանի աստղ
ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Կիրակի Երևանում մեկնարկեց արդեն ավանդական դարձած և տարածաշրջանի ամենահեղինակավոր փառատոներից մեկը` «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը։
Կիրակի Երևանում մեկնարկեց արդեն ավանդական դարձած և տարածաշրջանի ամենահեղինակավոր փառատոներից մեկը` «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը։Ըստ ավանդույթի` փառատոնին նախորդեց Հայաստանի խորհրդանիշ ծիրանի օրհնության արարողությունը։ Այս տարի եկեղեցական կարգն անցկացվեց Երևանի Սուրբ Աննա եկեղեցում, այն գլխավորեց Արարատյան Հայրապետական Թեմի փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը։
Կինոփառատոնի առաջին օրը նշանավորվեց նաև համաշխարհային կինոյի լեգենդ Օռնելլա Մուտտի հետ լրագրողների հանդիպմամբ և մեծանուն հայ ռեժիսոր Հենրիկ Մալյանի աստղի բացմամբ։
Կինոփառատոնը սկիզբ դրեց նոր եկեղեցական ծիսակարգի
«Ոսկե ծիրան» փառատոնը, փաստորեն, սկիզբ դրեց նոր եկեղեցական ծիսակարգի` ծիրանի օրհնությանը։ Սա բացառիկ երևույթ է պահպանողական ավանդույթներ ունեցող Հայկական եկեղեցու համար։
«Հայկական եկեղեցում ծիրանի օրհնության ծիսակարգի առիթ դարձավ «Ոսկե ծիրան» կինոփառատոնը։ Ուրախ եմ, որ հենց ծիրանը դարձավ օրհնության առարկա», – ասաց Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Պետրոս Մալյանը։
Նոր ծիսակարգը բավականին արագ սիրվեց երևանցիների և մայրաքաղաքի հյուրերի կողմից, ովքեր այդ օրը սպասում են սուրբ արարողության ավարտին` օրհնված միրգը համտեսելու համար։
Օռնելլա Մուտի. Առաջին անգամ եմ «կախարդական» Հայաստանում
Հայտնի իտալացի դերասանուհի Օռնելլա Մուտին, ով Երևան է եկել «Ոսկե ծիրան» կինոփառատոնի կազմակերպիչների հրավերով, ներկայացրեց Հայաստանի այցելությունից ստացած առաջին տպավորությունները։
Նա նշեց, որ թեև առաջին անգամ է Հայաստանում, սակայն լսել է այս երկրի մասին ռուս ընկերուհուց, ով ամուսնացել է հայի հետ։
«Ի՞նչ է երջանկությունը` գեղեցկությունը և ոճը», – հարցրեցին իտալուհուն։
«Երջանկությունը ներսում վերապրած պահերն են, ներդաշնակությունը։ Մարդը ծնվում է ուրախության համար», – նշեց Մուտին։
Դերասանուհին խոստովանեց, որ որպես հաճոյախոսություն է ընդունում հարցերն այն մասին, թե ինչպես է պահպանել գեղեցկությունը, սակայն ինքը, ցանկացած կնոջ պես, մտահոգվում է այն փաստից, որ ծերանում է։
Խոսելով ստեղծագործական ծրագրերի մասին` դերասանուհին տեղեկացրեց, որ աշխատում է մի քանի նախագծերում, այդ թվում` Ռուսաստանում, ինչպես նաև բաց է հայ ռեժիսորների և դերասանների հետ համագործակցության համար։Հենրիկ Մալյանի աստղը
«Ոսկե ծիրան» երևանյան XII միջազգային կինոփառատոնի շրջանակում տեղի ունեցավ ևս մի կարևոր իրադարձություն. «Մոսկվա» կինոթատրոնի առջևում գտնվող Ազնավուրի հրապարակում բացվեց կինոյի և թատրոնի ռեժիսոր, սցենարիստ, մանկավարժ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հենրիկ Մալյանի աստղը։
Վարպետի աստղը բացեցին «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հիմնադիր–տնօրեն Հարություն Խաչատրյանը, Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ Ռուբեն Գևորգյանցը, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանն ու Հենրիկ Մալյանի դուստրը` Նարինե Մալյանը։
«Այսօր Հենրիկ Մալյանի աստղի ծննդյան զարմանահրաշ օրն է։ Մալյանի աստղը կդառնա ոչ միայն մեր ժողովրդի զարդը, այլ նաև` վարպետի նկատմամբ մեր սիրո արտահայտությունը, որի ֆիլմերը սիրված են բազմաթիվ սերունդների կողմից», – ասաց Մանսուրյանը։
Մալյանը հայկական կինոյին նվիրել է այնպիսի ֆիլմեր, ինչպիսիք են «Նվագախմբի տղաները», «Եռանկյունի», «Մենք ենք, մեր սարերը», «Հայրիկ», «Նահապետ», «Կտոր մը երկինք», որոնք ընդմիշտ ներառվել են հայկական կինոյի ոսկե ֆոնդում։
«Ոսկե ծիրան» XII միջազգային կինոփառատոնն անցկացվում է Երևանում հուլիսի 12–19–ը։ Փառատոնն անցկացվում է Երևանում 2004 թ.–ից, այն տարածաշրջանի ամենահեղինակավոր փառատոներից է։
Այդ տարիների ընթացքում Հայաստան են ժամանել հայտնի դերասաններ և ռեժիսորներ, որոնց թվում նաև` գրող և սցենարիստ Տոնինո Գուերան, հայտնի դերասանուհիներ Կլաուդիա Կարդինալեն և Ֆանի Արդանը։ 2010 թվականին Երևանի կինոփառատոնն արժանացավ Ficts Plate D'honneur կինոյի, հեռուստատեսության և սպորտի միջազգային միության գլխավոր մրցանակին:
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը կինոփառատոնի ինֆորմացիոն հովանավորն է։ –0–

