Համագործակցություն «բարձր» մակարդակով. հայ և իրանցի ալպինիստները նոր բարձունքներ են գրավում
ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Իրանի իսլամական հանրապետության Ալպինիզմի և ժայռամագլցման ֆեդերացիայի նախագահ Ռեզա Զարեի Թուդեշկին վերջերս այցելել է Հայաստան։ Այցի ընթացքում համագործակցության հուշագիր է ստորագրվել Հայաստանի Ալպինիզմի և լեռնային տուրիզմի ֆեդերացիայի և ԻԻՊ ալպինիզմի և ժայռամագլցման ֆեդերացիայի միջև։
Համաձայնագիրը նախատեսում է լայն փոխհամագործակցություն, համատեղ ալպինիստական ուսումնական հավաքների անցկացում, փորձի փոխանակում։ Մասնավորապես, խոսքը փրկարար աշխատանքների իրականացման հարցում փորձի և գիտելիքների փոխանակման մասին է։
Փոխօգնություն
«Հայ ալպինիստները լեռնային փրկարարների լավ հմտություններ ունեն։ Իրանը մեծ երկիր է, սակայն լեռներում փրկելու այնպիսի զարգացած հմտություններ, որոնք ունեն հայ ալպինիստները, չունեն իրենց իրանցի գործընկերները։ Համաձայնագրի կարևորագույն կետերից է` սովորել հայերից լեռնային տեղանքում փրկարարական աշխատանքներ իրականացնելու հմտությունները», – ասել է Թուդեշկին «Նովոստի Արմենիա» գործակալությանը` նշելով, որ համագործակցության հուշագիրը բաց տիպի փաստաթուղթ է, և, ցանկության դեպքում կողմերը կարող են փոփոխություններ կամ լրացումներ անել։
Իրանական ալպինիզմը 70 տարեկան է։ Թուդեշկիի խոսքերով` իր հայրենիքում շատ ուժեղ զարգացած են սառցամագլցումը, ժայռամագլցումը և բուն ալպինիզմը, հետևաբար, իրանցիները կարող են օգնել հայ ընկերներին զարգացնել այդ ուղղությունները։
Փաստաթուղթը նաև նախատեսում է երկու երկրներում ալպինիստական տուրերի անցկացում, լեռնային արշավներ, սկսնակների և սիրահարների համար ուսուցողական դասընթացներ և պրոֆեսիոնալ մասնագետների թրեյնինգներ։
Թվերը, որոնք բերում է ֆեդերացիայի ղեկավարը, իսկապես տպավորիչ են. Իրանում ներկա պահին կան 300 հազար պրոֆեսիոնալ ալպինիստներ և 54 հազար` ոչ պրոֆեսիոնալ։ Այս ոլորտում հայ–իրանական համագործակցության կարգավորման մեջ մեծ ներդրում ունի իրանահայ ալպինիստ Սուրեն Ստեփանյանը, որն ունի 25 տարվա ալպինիստական ստաժ։ «Մենք ուրախ ենք, որ ստորագրված փաստաթուղթը կնպաստի երկու պետությունների միջև հարաբերությունների ամրապնդմանը, երկու հանրապետություններում ալպինիզմի զարգացմանը, ինչպես նաև կօգնի կնքել նոր պայմանագրեր», – ասել է Թուդեշկին։
Նրա խոսքերով, հայ ալպինիստները հաճախ են այցելում Իրան, որտեղ նրանք կարող են մարզվել և մագլցումներ իրականացնել։ «Հայերը մեծ դեր ունեն իրանի ալպինիզմի զարգացման գործում։ Հենց իրենք են բարձրացել ամենաբարձր կետերը, և արել են դա առաջիններից։ Որոշ իրանական լեռների անվանումները հայերն են տվել», – ասել է ալպինիզմի իրանական ֆեդերացիայի ղեկավարը։
Լեռներում մարդիկ ազգություն չունեն
Թուդեշկին ավելացրեց, որ իրանցի ալպինիստների մեջ կան նաև շատ ուժեղ մարզուհիներ։ «Ես կարող եմ հաստատ ասել, որ մեր 300 հազար ալպինիստների կեսը կանայք են», – նշել է նա։ Հարկ է նշել, որ հենց Թուդեշկիի կինը առաջին մահմեդական է, ով գրավել է Էվերեստը։
Ֆեդերացիայի ղեկավարի խոսքերով` իրանցի ալպինիստների շարքում չկան նաև էթնիկ կամ կրոնական տարբերություններ։ «Յուրաքանչյուրը կարող է մասնակցել վերելքներին։ Սարերում ոչ ոք չի հարցնում` դու ինչ ես ազգությամբ կամ որ կրոնին ես պատկանում։ Այնտեղ մենք բոլորս հավասար ենք», – ասաց Թուդեշկին։
Պատմությունը և արդիականությունը
Ալպինիզմը, ինչպես Իրանում, այնպես ել Հայաստանում, ծագել է մոտ 70 տարի առաջ, սակայն իրանցի ալպինիստները, Ֆեդերացիայի նախագահի խոսքերով, կարողացան առաջ անցնել։ Չնայած դրան` նա նշել է, որ իրանցիների համար ամենասիրված լեռը Արագածն է։ «Մենք ունենք ստորագրված հուշագրեր Ֆրանսիայի, Նեպալի, Չինաստանի, Պակիստանի հետ, սակայն Հայաստանի հետ մենք գտնվում ենք ավելի սերտ հարաբերությունների մեջ։ Դա պայմանավորված է ոչ միայն աշխարհագրական մոտիկ դիրքով, այլև մեր ժողովրդի միջև եղած բարեկամությամբ», – ընդգծել է Ֆեդերացիայի նախագահը։
Նրա խոսքերով` ինչպես Հայաստանը, այնպես էլ Իրանը ունեն լավ լեռնային բարձունքներ, որոնց վրա կարող են բարձրանալ երկու երկրների ալպինիստները։ Սա նույնպես նախատեսված է պայմանագրով։
Օրինակ, Իրանում օգոստոսին կանցկացվի ալպինիստական փառատոն, որին կմասնակցեն մարզիկներ տարբեր պետություններից, և Հայաստանի ներկայացուցիչները նույնպես կարող են իրենց միանալ։ «Ներկա պահին արդեն 40 օտարազգի ալպինիստներ հայտ են ներկայացրել այդ միջոցառմանը մասնակցելու և Դեմավենդ լեռը բարձրանալու համար», – ասել է Թուդեշկին։
Բացի այդ նա հիշեցրել է, որ տարբեր երկրներից ալպինիստներ են այցելում Իրան նաև ամեն տարի փետրվարին` իսլամական հեղափոխության հաղթանակի տոնակատարության շրջանակներում։ -0-

