Ցավից ծնված ճշմարտություն. դահճի թոռը պատմությանը դեմ հանդիման
ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. 2012 թվականին Ստամբուլում լույս տեսավ թուրք հայտնի լրագրող և գրող Հասան Ջեմալի «1915։ Հայոց ցեղասպանություն» գիրքը, որը մեծ աղմուկ առաջացրեց Թուրքիայում։
Քննարկումները, հեղինակի հասցեին հնչած քննադատությունն ու մեղադրանքները չեն դադարում մինչ օրս։ Այդ ամենի մեջ կարևոր դեր է խաղացել հեղինակի անձը` Հասան Ջեմալը (Hasan Cemal) 1915 թվականի Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներից մեկի` Ահմեդ Ջեմալ փաշայի թոռն է։
«Ամեն ինչ սկսվեց ցավից, գիտե՞ք, իմ գիրքը ցավից ծնված ճշմարտությունն է»,– հինգշաբթի ասաց Ջեմալը Civilitas հիմնադրամի` «Սարն ի վեր» նախագծի շրջանակում կազմակերպած հանդիպման ժամանակ։
Ամեն ինչ սկսվեց հեռավոր 1973 թվականին, երբ Ջեմալի մտերիմ ընկերը` Բահադըր Դեմիրը, ով ԱՄՆ–ում դիվանագիտական պաշտոնում էր ստացել, սպանվեց Լոս Անջելեսում մի տարեց հայի կողմից։
«Դա ինձ համար անձնական մեծ ողբերգություն էր։ Երբ Դեմիրը պատրաստվում էր մեկնել ԱՄՆ, ինձ կատակով ասաց. «Հուսով եմ` հայերն ինձ այնտեղ ոչինչ չեն անի քո պապի արկածների պատճառով»։ Այն ժամանակ ծիծաղեցինք, չգիտեինք, թե ինչ է լինելու հետո... Երբ ասպարեզ դուրս եկավ ԱՍԱԼԱ–ն (Հայաստանի ազատագրության հայկական գաղտնի բանակ), ամբողջ աշխարհում սպանվեց 48 թուրք դիվանագետ, որոնց թվում ես շատ ընկերներ ունեի։ Ես միշտ քննադատել եմ այդ գործողությունները, բայց, գիտե՞ք, պատմությունը հակասական է` ԱՍԱԼԱ–ի գործողություններն ինձ տարան դեպի ճշմարտություն։ Դա առաջին ցավն էր»,– պատմեց նա։
Ահմեդ Ջեմալն ընդգծեց, որ չնայած ինքնակենսագրական որոշ պահերի` գիրքը գրել է ոչ որպես Ջեմալ փաշայի թոռը։
«Ամեն ինչ սկսվեց դեռևս ուսանողական տարիներին, երբ ես սկսեցի կասկածել մեզ դասավանդվող` մեր երկրի պաշտոնական պատմությանը։ Ամեն օրվա հետ իմ մեջ նորանոր հարցեր էին ծնվում։ 80–ականներին` բեռլինյան պատը քանդելուց հետո, ես սկսեցի վերանայել պատմությունը»,– ասաց նա։
Իսկ այնուհետև Ջեմալը ծանոթացել է «Ագոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի հետ, ով սպանվեց 2007 թվականի հունվարին Ստամբուլում։
«Ուզում եմ ընդգծել, որ ինձ այստեղ բերեց իմ սիրելի Հրանտ Դինքի ցավը, ինձ այստեղ բերեցին նրա ցավերը, որոնցից գլխավորը Ցեղասպանության ցավն է։Սիրելի Հրանտ եղբորս մեծ ցավը պատճառ դարձավ, որ ես գրեմ այս գիրքը «1915. Հայոց ցեղասպանությունը»։Ցավերը հասունացնում են…. և՛ մարդկանց, և՛ ժողովուրդներին։Սիրելի եղբայրս՝ Հրանտը, կյանքով վճարեց և կարողացավ տեղաշարժել կարևոր քարերը, որոնց օգնությամբ կարող են հաղթահարվել թուրքերի և հայերի պատմական ցավերը»,– ընդգծեց նա։
Ջեմալն ավելացրեց, որ չկա ավելի սարսափելի բան, քան պետական գաղափարախոսության աստիճանի բարձրացված ազգայնականությունը։ «Պետությունում տիրող ազգայնականությունը ամենավտանգավոր վիրուսն է, հաճախ երկրներին կարող է թվալ, որ իրենց ազգայնականությունը լավն է, բայց դա այդպես չէ։ Եթե այսօր մենք Թուրքիայում ժողովրդավարության հետ կապված խնդիրներ ունենք, ապա այդ ամենը երիտթուրքերի կառավարության իշխանավարման օրերի հետևանքն է»,– ընդգծեց նա։
«1915. Հայոց ցեղասպանություն» գիրքը լույս է տեսել, երբ հեղինակն արդեն 68 տարեկան էր։ «Քչերն են ողջ իմ բազմանդամ ընտանիքից, ում կարող էր ինչ–որ կերպ վիրավորել իմ գիրքը։ Սակայն իմ ընկերները, համակուրսեցիները, որոնց մեծամասնությունն այսօր դիվանագիտական պաշտոններ է զբաղեցնում, չափազանց բացասաբար վերաբերվեց դրան։ Ես հասկանում եմ, որ ամեն ինչի համար պետք է վճարել, ամեն ինչ իր գինն ունի»,– նշեց Ջեմալը։
«Պատմությունն այն գիշերային սարսափն է, որից միշտ ուզում ես արթնանալ»,– Ջեյմս Ջոյսի «Ուլիս» վեպից մեջբերեց Ջեմալը` ավելացնելով, որ հայ և թուրք ժողովուրդները միասին պարտավոր են պատմությունը ազատել այդ գիշերային սարսափից։
«Մենք չպետք է կառչենք մահից, այլ պետք է կառչենք կյանքից։ Եկեք չվախենանք անցյալից ։ Որ անցյալը գեղեցիկ ապագայի ճանապարհին չկարողանա բռնել մեր փեշերից, կամ չթողնենք պատմությանը, որ մեզ գերի վերցնի։ Հին հունական ասացվածքն ասում է՝ քանի գիշերը քեզ չի պատել, վառի՛ր մոմդ։Հրանտ եղբայրս մի մոմ վառեց։ Հիմա հերթը մերն է՝ հայ, թուրք, մեր բոլորինը»,– ասաց նա։
Հանդիպման շրջանակում կայացավ նաև Ջեմալի «1915. Հայոց ցեղասպանություն» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը։ -0-

