Ուկրաինացի սահմանապահներն արգելել են ռուս լրագրողների մուտքը
ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Ուկրաինացի սահմանապահները երեքշաբթի արգելել են երկիր մտնել միանգամից մի քանի ռուսական ԶԼՄ–ների ներկայացուցիչների։ Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունից հայտարարել են, որ «Ուկրաինայում ԶԼՄ–ների ազատության հետ կապված վատացող իրավիճակն անհանգստություն է առաջացնում», հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
ԵԱՀԿ–ի ԶԼՄ–ների ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը, ով ապրիլի 15–ին կմեկնի Ուկրաինա, երեքշաբթի կոչ է արել Կիևի իշխանություններին ձեռնարկել «վճռորոշ միջոցներ մեդիա հանրության» նկատմամբ սպառնալիքին վերջ դնելու համար։
Ուկրաինայի արևելքում` Դոնեցկում, Խարկովում և Լուգանսկում, վերջին երկու օրերին ռուսական դրոշների ներքո դաշնայնացման կողմնակիցների հանրահավաքներ են անցկացվում, որոնց մասնակիցները պահանջում են իրենց կարգավիճակի վերաբերյալ հանրաքվե անցկացնել։ Ամեն հանգստյան օրերին բողոքի ակցիաներ են անցկացվում Ուկրաինայի արևելքում, որոնց մասնակիցները չեն ճանաչում նոր մարզպետների լեգիտիմությունը, որոնք նշանակվել են նախագահ Վիկտոր Յանուկովիչի` իշխանությունից հեռացնելուց հետո և երկրի դաշնայնացում են պահանջում։ Երկուշաբթի Խարկովում և Դոնեցկում դաշնայնացման կողմնակիցները հայտարարել են «Խարկովի ժողովրդական հանրապետություն» և «Դոնեցկի ժողովրդական հանրապետություն» ստեղծելու մասին։ Հաճախ ցուցարարներին հաջողվում է վարչական շենքերի ժամանակավոր վերահսկողություն սահմանել։
Կենտրոնական իշխանությունները կարծում են, որ մարզերում իրավիճակը սրում են անջատողականները։ Ինչպես երեքշաբթի հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ուկրաինայի մարզերում տեղի ունեցող իրադարձությունները` Կիևն իշխանության զավթումից հետո որևէ դրական քայլ չի արել երկրի հարավ–արևելքի նկատմամբ, որտեղ կարծում են, որ իրենց շահերն անտեսում են։ Ավելի վաղ նա արդեն կոչ էր արել Կիևին հաշվի առնել ժողովրդի օրինական պահանջները, ով Կիևից ցանկանում է «բոլոր հարցերի հասկանալի պատասխան» լսել։
Երեքշաբթի մի քանի ռուս լրագրողների վտարել են Ուկրաինայի տարածքից` առանց որևէ բացատրության։ Նրանց թվում է նաև ՌԻԱ Նովոստիի թղթակից Անդրեյ Մալիշկինը, ով գնացքով Մոսկվայից Լուգանսկ էր ուղևորվում այդ քաղաքում տեղի ունեցող իրադարձությունները լուսաբանելու համար։ Լուգանսկում վերջին օրերին իրավիճակը լարված է։ Սահմանին զննում անցնելիս ուկրաինացի սահմանապահները նրա մոտ փաստաթղթեր են հայտնաբերել, որոնք հաստատում են լրագրողական գործունեությունը, որոնց թվում են լրագրողական քարտն ու գործուղման վկայագիրը։ Նրանք նաև ստուգել են, թե որքան գումար ունի Մալիշևը։ Սահմանային ծառայության աշխատակիցները հաշվել են թղթակցի փողերն ու ասել, թե գումարը բավարար չէ։ Ըստ կանոնների` Ուկրաինա ժամանող ցանկացած անձ պետք է իր մոտ ունենա օրական 810 գրիվեն (մոտ 70 դոլար) գումար։
Սահմանապահները ՌԻԱ Նովոստիի թղթակցին մերժման փաստաթուղթ են տվել, որտեղ նշված է, թե մերժման պատճառը «Ուկրաինա ժամանելու նպատակը հաստատված չէ»։

