2011 թ.-ին ամենալայն արձագանք ստացած տասը մարզական իրադարձությունները՝ ըստ «Նովոստի-Արմենիա» գործակալության
1. Ֆուտբոլ. Պայքար Եվրոյի համար
Եվրո-2012-ի ընտրական փուլի արդյունքները բեկումնային դարձան Հայաստանի հավաքականի համար, որը 17 միավորով զբաղեցրեց երրորդ տեղը ընտրական երկրորդ խմբում: Սա հայկական ֆուտբոլի ժամանակակից պատմության մեջ լավագույն արդյունքն է: Բացի այդ, Հայաստանը խփած 22 գնդակով ընդգրկվեց ընտրական փուլի ամենաարդյունավետ հավաքականների վեցնյակում:
Սակայն մեր ֆուտբոլիստներին շատ քիչ էր մնացել լիարժեք երջանկության համար: Իռլանդիայի դեմ վերջին հանդիպումը, որը Հայաստանի հավաքականն անցկացնում էր հոկտեմբերի 11-ին Դուբլինում Եվրո-2012-ի ընտրական փուլի շրջանակներում, բացասական երանգ ստացավ իսպանացի մրցավար Էդուարդո Գոնսալեսի կոպիտ սխալների պատճառով, ով զրկեց հայ ֆուտբոլիստներին Եվրոպայի առաջնության եզրափակիչ դուրս գալու հնարավորությունից:
Մրցավարի սխալի պատճառով, որը ճակատագրական դարձավ մեր թիմի համար, հայ ֆուտբոլիստները համառ պայքարում զիջեցին 2:1 հաշվով: Այլանդակ մրցավարության մասին Հայաստանում խոսում էին բոլորը՝ մարզասերները, բլոգերները, փորձագետները: Այնուամենայնիվ, ֆուտբոլիստները, երկրպագուներն ու ֆուտբոլի մասնագետները համոզված են, որ հայկական թիմը հիանալի ապագա ունի և կարելի է չմտահոգվել ազգային հավաքականի ապագա խաղերի համար:
2. Հայաստանի շախմատի հավաքական. Փառահեղ հաղթանակ Չինաստանում
Հայաստանի շախմատի հավաքականը, որը նվաճեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը հուլիսի 26-ին Չինաստանի Նինբո քաղաքում անցկացված առաջնությունում, փառահեղ հաղթանակով վերադարձավ Երևան: «Զվարթնոց» օդանավակայանում, որտեղ աշխարհի առաջնության հաղթողներին սպասում էր պատվո պահակախումբը, նրանց դիմավորեցին հարյուրավոր երկրպագուներ և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ով գլխավորում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:
Հայ շախմատիստները պատմության մեջ առաջին անգամ նվաճեցին աշխարհի թիմային առաջնության «ոսկին»: Վերջին փուլում նրանք, 2:2 հաշվով ոչ-ոքի գրանցեցին ուկրաինացիների հետ և վաստակելով 14 միավոր, անհասանելի դարձան մոտ կանգնած մրցակցի՝ Չինաստանի հավաքականի համար:
Հայկական հավաքականը ներկայացնում էին Լևոն Արոնյանը, Սերգեյ Մովսիսյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանն ու մարզիչ Արշակ Պետրոսյանը: Հայկական հավաքականի փայլուն հաղթանակի կապակցությամբ Հայաստանի կառավարությունը օգոստոսին որոշում ընդունեց հավաքականի մարզչին և չեմպիոնական հնգյակին պարգևատրել դրամական մրցանակով՝ 7, 5 միլիոնական դրամ (20,4 հազարական դոլար):
3. Բռնցքամարտ. «Հայաստանն ընդդեմ աշխարհի»
«Հայաստանն ընդդեմ աշխարհի» աննախադեպ միջոցառում կայացավ սեպտեմբերի 3-ին Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Հայ բռնցքամարտիկներին երկրպագելու էին եկել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը: Բռնցքամարտի առաջնությունը վերածվեց գունագեղ շոուի՝ բազմահազար հանդիսատեսի մասնակցությամբ, մարզահամերգային համալիրի տրիբունաները լի էին հանդիսականներով: Երեկոն մեկնարկեց երեք մենամարտով՝ Հովհաննես Ժամկոչյան-Միխայիլ Գոգաշվիլի (Վրաստան, 60 կգ), Ազատ Հովհաննիսյան – Սերգեյ Կասիմով (Էստոնիա, 55,5 կգ) և Գաբրիել Թոլմաջյան – Եվգենի Ֆյոդորով (Լատվիա, 59 կգ): Բոլոր երեք մենամարտերն ավարտվեցին հայ բռնցքամարտիկների հաղթանակով:
Երեկոյի գլխավոր մենամարտում պայքարում էին Վիկ (Վախթանգ) Դարչինյանն ու հարավաֆրիկացի բռնցքամարտիկ Էվանս Մբամբան, մենամարտը տևեց 12 ռաունդ: «Կատաղի ցուլ» Դարչինյանը հաղթեց միավորների առավելությամբ՝ պաշտպանելով IBO վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը:
Դարչինյանը մենամարտից հետո հանդիսականների բուռն գոչյունների ուղեկցությամբ անձամբ հանձնեց չեմպիոնական գոտին ՀՀ նախագահին: Մենամարտից հետո հայ բռնցքամարտիկը լրագրողներին հայտարարեց, որ հաղթանակը նվիրում է Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակին:
4. Համահայկական հինգերորդ խաղերը՝ «Միասնություն սպորտի միջոցով»
Օգոստոսի 13-ին մեկնարկած Համահայկականի հինգերորդ խաղերն անցան «Միասնություն սպորտի միջոցով» նշանաբանի ներքո և տևեցին մինչև օգոստոսի 21-ը: Խաղի խորհրդանիշը արծիվն էր: 50 կոմպլեկտ մեդալներից ամենաշատը նվաճեցին Երևանը ներկայացնող մարզիկները՝ 18 ոսկե, 12 արծաթե և 11 բրոնզե մեդալ: Համահայկական խաղերն անցկացվում են տասը մարզաձևով, որոնց թվում են թիմայինները՝ ֆուտբոլ, բասկետբոլ, վոլեյբոլ, ֆուտզալ, անհատական մարզաձևերը՝ թենիս, սեղանի թենիս, շախմատ, բադմինթոն, լող, աթլետիկա: Մրցումներին հիմնականում մասնակցում էին ոչ պրոֆեսիոնալ մարզիկներ:
Համահայկական խաղերի ավարտից հետո ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խաղերի մասնակիցներին հանձնեց հատուկ մրցանակներ: Մասնավորապես՝ «Լավագույն մարզական պատվիրակություն» ճանաչվեց Բուենոս Այրեսի թիմը, «Արդար խաղ» մրցանակին արժանացան Իրանի Ուրմիա քաղաքի ներկայացուցիչները, «Տոկունության և հաղթական ոգու դրսևորման համար» մրցանակին արժանացավ Ռուսաստանի Չալտիր քաղաքի մարզական պատվիրակությունը:
«Տարվա բացահայտում» մրցականը հանձնվեց պատամական Սասունի (ժամանակակից Թուրքիայի տարածք) մարզական պատվիրակությանը: Համահայկական հինգերորդ խաղերի ամենագեղեցիկ մարզուհի ճանաչվեց Երուսաղեմը ներկայացնող Քրիստինե Նաջարյանը, երկրորդ տեղը զբաղեցրեցին Ստամբուլը ներկայացնող Դելֆին Դեմիրճյանն ու Բուենոս Այրեսը ներկայացնող Մարինե Թոփոլյանը:
5. Բռնցքամարտ. Անհյուրընկալ Բաքուն
Ադրբեջանի մայրաքաղաքը, որտեղ անցկացվեց բռնցքամարտի աշխարհի առաջնությունը, մեր մարզիկների համար անհյուրընկալ էր: Հայաստանի բռնցքամարտի հավաքականը մնաց առանց մեդալի: Առաջնության քառորդ եզրափակչում հայտնված միակ հայ բռնցքամարտիկը՝ Անդրանիկ Հակոբյանը (75 կգ) զիջեց Ռումինիան ներկայացնող Բոգդան Ջուրատոնիին:
Սեպտեմբերի 22-ից հոկտեմբերի 10-ը Բաքվում անցկացված աշխարհի առաջնությանը մասնակցեց ութ հայ մարզիկ՝ Հովհաննես Դանիելյան (49 կգ քաշային կարգ), Հովհաննես Բոչկով (56 կգ), Վլադիմիր Սարուխանյան (60 կգ), Հրաչիկ Ջավախյան (64 կգ), Սամվել Մաթևոսյան (69 կգ), Անդրանիկ Հակոբյան (75 կգ), Արթուր Խաչատրյան (81 կգ) և Արմեն Սիմոնյան (91+):
Որոշ հայկական ԶԼՄ-ներ, հղում անելով ադրբեջանական կայքերին, տեղեկացրեցին, որ այսպես կոչված «Ղարաբաղի ազատագրման կազմակերպության» ակտիվիստները, ներխուժելով Հեյդար Ալիևի անվան մարզահամալիր, քարեր են նետել հայ մարզիկների ուղղությամբ, ինչից հետո բռնցքամարտիկներն իբր հեռացել են համալիրից: Սակայն Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան հերքել է այս տեղեկատվությունը: Ադրբեջանում հայ մարզիկների անհաջողության հետևանք դարձավ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆիկ Մեհրաբյանին փոխարինելու մասին ֆեդերացիայի գործկոմի որոշումը, այդ պաշտոնում նշանակվեց վաստակավոր մարզիչ Կարեն Աղամալյանը:
6. Հայաստանի ֆուտբոլի առաջնություն
Հայաստանի ֆուտբոլի ազգային առաջնությունն այս տարի անակնկալ մատուցեց, Հայաստանի առաջնության չեմպիոնի տիտղոսը 13 անգամ նվաճած Երևանի «Փյունիկ» ակումբը առաջին տեղը զիջեց Երևանի «Ուլիս» ակումբին:
«Ուլիսը», վճռորոշ խաղում 2:1 հաշվով հաղթանակ տանելով բարձրագույն լիգայից դուրս մնացած «Արարատ» ակումբի նկատմամբ, առաջնության ավարտից երկու փուլ առաջ ապահովեց Հայաստանի ֆուտբոլի առաջնության ոսկե մեդալը: «Ուլիսը» վաստակեց 52 միավոր և անհասանելի դարձավ երկրորդ և երրորդ տեղը զբաղեցրած «Փունիկի» և Կապանի «Գանձասարի» համար: Մրցաշարային աղյուսակը եզրափակեց Երևանի «Արարատ» ակումբը:
7. Նոր հեծանվահրապարակը
Սեպտեմբերի 15-ին Երևանում տեղի ունեցավ ժամանակակից հեծանվահրապարակի բացման պաշտոնական արարողությունը, որի շինարարությունը մեկ տարվա ընթացքում իրականացնում էր իտալական «Ռենկո» ընկերությունը: 250 մետր երկարություն ունեցող հեծանվահրապարակն ամբողջովին համապատասխանում է համաշխարհային չափորոշիչներին, ինչը թույլ է տալիս այստեղ կազմակերպել միջազգային բարձր մակարդակի մրցումներ: Հանդիսականների տրիբունան կարող է տեղավորել 3200 մարդ: Հեծանվահրապարակի բացումը տեղի ունեցավ ՀՀ անկախության 20-ամյակին նվիրված մի շարք միջոցառումների շրջանակներում:
8. Անհաջող տարի հայ ծանրամարտիկների համար
Փարիզում անցկացված ծանրամարտի աշխարհի առաջնությանը Հայաստանը ներկայացնում էր տասը ծանրամարտիկ, մեր երկիրը կարողացավ նվաճել միայն մեկ փոքր «բրոնզ»: Սա, անկասկած, շատ վատ արդյունք է մեր հավաքականի համար, որը ոչ վաղ անցյալում եղել է Եվրոպայի, աշխարհի և Օլիմպիական խաղերի չեմպիոն:
Միաժամանակ, ինչպես հայտարարել է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանն, ամփոփելով 2011 թ.-ի արդյունքները, հայ ծանրամարտիկները տարբեր առաջնություններում նվաճել են 55 մեդալ, որոնցից՝ 17 ոսկե, 13 արծաթե և 25 բրոնզե մեդալ: Նրա խոսքերով՝ 2010 թ.-ին մեր ծանրամարտիկները նվաճել են 70 մեդալ, սակայն հարկավոր է հաշվի առնել, որ Օլիմպիական խաղերին նախորդող տարվա ընթացքում մարզիկների մոտ միշտ որոշակի լարվածություն է զգացվում:
Ֆեդերացիայի նախագահը նաև նշել է, որ 2011 թ.-ին հայ ծանրամարտիկները երկու աննախադեպ հաղթանակ են տարել՝ առաջին անգամ Գոռ Մինասյանը դարձել է երիտասարդների շրջանում անցկացվող ծանրամարտի աշխարհի առաջնության չեմպիոն, և Հայաստանը հաղթել է Համաշխարհային ուսանողական խաղերի ժամանակ:
9. Հայ երիտասարդները՝ Եվրո-2013-ի ընտրական ցիկլի էլիտ փուլում
Հայ ֆուտբոլիստները հոկտեմբերի 26-ին նվազագույն հաշվով Անդորրայի հավաքականի նկատմամբ հաղթանակ տանելուց հետո ապահովել են Եվրոպայի առաջնության ընտրական ցիկլի երկրորդ փուլի (էլիտ փուլ) ուղեգիրը: Իտալիայում 2012 թ.-ի մայիսի 23-28-ը կայանալիք էլիտ փուլում Հայաստանի պատանեկան հավաքականը (մինչև 19 տարեկան) ուժերը կչափի իտալացիների, իսպանացիների և բելգիացիների հետ: Էլիտ փուլում հանդես կգա ընտրական փուլն անցած 25 թիմ և ամենաբարձր վարկանիշն ունեցող երեք հավաքական: Այդ թիմերը կկազմեն յոթ մինի-խմբեր՝ յուրաքանչյուրում չորսական մասնակից: Խմբերի յոթ հաղթողները կմիանան տերերին եզրափակիչ փուլում:
10. Երիտասարդ հայ շախմատիստը՝ աշխարհի չեմպիոն
Հայ շախմատիստ Սամվել Տեր-Սահակյանը նոյեմբերին հաղթանակ է տարել Բրազիլիայի Կալդաս-Նովաս քաղաքում կայացած աշխարհի երիտասարդական առաջնությունում: Հայ գրոսմայստերը վերջին՝ 9-րդ փուլում ոչ-ոքի է խաղացել հնդիկ Դաս Դեբաշիսի հետ և վաստակել է 8 միավոր՝ առաջ անցնելով Դեբաշիսից և ռուսաստանցի Վլադիմիր Ֆեդոսեևից: Ինչպես հաղորդում է armchess.am կայքը, տարիքային նույն խմբում Ռոբերտ Աղասարյանը 6 միավորով զբաղեցրել է 14-րդ տեղը: Տասնվեց տարեկանների խմբում Հովհաննես Գաբուզյանը վերջին փուլում պարտության է մատնել Կադրիկին (Բոսնիա և Հերցեգովինա) և 6,5 միավորով ավարտել է պայքարը՝ զբաղեցնելով 4-րդ տեղը: Կարեն Գրիգորյանը 6 միավորով զբաղեցրել է 14-րդ տեղը:
Մրցաշարն անցկացվել է շվեյցարական համակարգով՝ ինը փուլով: Մրցաշարին մասնակցել է ավելի քան հազար երիտասարդ շախմատիստ աշխարհի 72 երկրից: Շախմատիստներն ուժերը չափել են տարիքային վեց կատեգորիաներում՝ մինչև 8, մինչև 10, մինչև 12, մինչև 14, մինչև 16 և մինչև 18 տարեկան:-0-

