Գալիք 2012 թվականն ինտելեկտուալների տարի է լինելու. հայ աստղաբան

19.12.2011, 12:54
Գալիք 2012 թվականն ինտելեկտուալների տարի է լինելու. հայ աստղաբան
Գալիք 2012 թվականն ինտելեկտուալների տարի է լինելու. հայ աստղաբան

ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Գալիք տարին խոստանում է հաջող լինել ստեղծագործական մասնագիտությունների տեր մարդկանց և ինտելեկտուալների համար, «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է աստղաբան Գուրգեն Հովհաննիսյանը:

«Չնայած մարդկանց մեծամասնությունը Նոր տարին նշում է հունվարի 1-ին, արևելյան օրացույցի համաձայն՝ 2012 թվականը կսկսվի հունվարի 23-ին, իսկ Կենդանակերպի տարին կսկսվի մարտի 21-ին: Գալիք տարին խոստանում է ինտելեկտուալների տարի լինել, իսկ մտածել չսիրող մարդկանց համար տարին բավականին բարդ կլինի»,- ասել է աստղաբանը:

Նրա խոսքերով՝ եթե այդ օրերը մարդիկ անցկացնեն բարձր տրամադրությամբ և այդ տարվան բնորոշ գույնի հագուստով, ապա այդ ամենն իռացիոնալ կերպով պարտադիր կազդի ողջ տարվա մթնոլորտի վրա:

«Ըստ հայկական օրացույցի՝ գալիք տարին Խեցգետնի տարի է, իսկ Արևելյան հորոսկոպի համաձայն՝ գալիք տարին սև, ջրային Վիշապի տարի է, ինչը ներդաշնակ է Հայաստանի հետ, քանի որ դարեր ի վեր հայ ժողովուրդի համար պաշտամունքի առարկա է եղել վիշապը», - ասել է Հովհաննիսյանը:

Աստղաբանի խոսքերով՝ 2012 թվականը բաժանված է չորս ժամանակահատվածի, որոնցից ամենածանրը հունիս-սեպտեմբերն է և դեկտեմբեր-մարտը: Այդ ընթացքում, ինչպես կարծում է աստղաբանը, մեծ է աղետների ու անկայունության հնարավորությունը:

«2012 թ.-ի հիմնական գույներն են սպիտակը, դեղինը, կանաչն ու կարմիրը, իսկ երկրորդական են կրեմագույնը, բաց կապույտն ու վարդագույնը: Տարածված կարծիքին ի հակառակ՝ սև Վիշապի տարում հարկավոր է խուսափել սև և մոխրագույն գույներից: Տարվա հաջողակ թվերն են 2-ն ու 7-ը, մետաղը արծաթն է», - հայտարարել է Հովհաննիսյանը:

Տարվա թանկարժեք քարերից աստղաբանը նշեց մարգարիտը, վագրի աչքն ու լուսնաքարը:

Աստղաբանը չմոռացավ խոսել նաև սննդի մասին: Նրա խոսքերով՝ տոնական սեղանին պետք է գերակշռեն ծովային ուտեստներն ու ձիթապտուղը:

Հովհաննիսյանը ներկայացրեց նաև Կենդանակերպի 12 նշանների համար 2012 թվականի կանխատեսումները:

«2012 թ.-ին  իրենց մտավոր կարողություններով կտարբերվեն հատկապես Խոյերը, Ցուլերը, Կույսերը, Այծեղջյուրներն ու Աղեղնավորները: Տարին հաղթական կլինի Երկվորյակների, Խեցգետինների, Առյուծների, Կշեռքների և Ձկների համար», - կարծում է աստղաբանը:

Աստղաբանի կանխատեսումների համաձայն՝ Խոյերի համար տարին կլինի ուրախ և հաջող կյանքի բոլոր ոլորտներում, նշանի հովանավոր գույնը կարմիրն է: Ակտիվ և արկածներով լի տարի է սպասում Ցուլերին, և սեփական վախերը հաղթահարելու դեպքում նրանք կհասնեն հաջողության, Ցուլերի համար հաջող գույն է կանաչն ու դեղնականաչը:

Հաջողության հասնելու համար Երկվորյակները պետք է ռիսկի դիմեն: Հարկավոր է հրաժարվել հին մեթոդներից և տեսակետներից, հակառակ դեպքում նրանց ստեղծագործական ճգնաժամ է սպասում, Երկվորյակների գույնը նարնջագույնն է:

Խեցգետիններին սպասվում են երջանկության և հաղթանակների երկարատև պահեր, տարվա գույներն են սպիտակն ու դեղինը: Առյուծներն իրենց երջանիկ կզգան ֆինանսական և ընտանեկան ոլորտում: Տղամարդ առյուծները պետք է դրսևորեն իրենց բոլոր կամային որակները, իսկ կանայք՝ մտածեն օջախ ստեղծելու մասին: Առյուծի համար հաջողակ գույներն են ոսկեգույնն ու վառ նարնջագույնը:

Աստղաբանը Կույսերին խորհուրդ է տալիս վերահսկել սեփական էմոցիաները՝ ծանր հետևանքներից խուսափելու նպատակով, նրանց գույներն են կապույտն ու բաց կանաչը: Կշեռքներին սպասում են հաճելի ճանապարհորդություններ և բարեփոխումներ, տարին հաջող կլինի նաև ամուսնության համար:  Հաջող գույներն են վարդագույնն ու մարգարտագույնը:

Կարիճներին բավականին բարդ տարի է սպասվում, հատկապես առողջական ոլորտում: Նրանք քաղելու են 2011 թ.-ին կատարած իրենց քայլերի պտուղները: Կարիճների համար հաջողակ գույներն են կարմիրն ու վառ նարնջագույնը:

Գալիք տարում Աղեղնավորները հաջողության կհասնեն սիրային գործերում և կարիերայում, տարին լի է հեռանկարներով: Նրանց հաջողակ գույներն են մանուշակագույնն ու օխրան:

Գալիք տարում Այծեղջյուրները համբերության կարիք կունենան, նրանք պետք է վստահություն դրսևորեն: Հովանավոր գույներն են սևն ու շագանակագույնը:

Ջրհոսները 2012 թ.-ին առողջական խնդիրներ կունենան, սակայն միաժամանակ տարին կարիերայի հետ կապված բազմաթիվ հեռանկարներ է խոստանում: Այս նշանի ներկայացուցիչների համար հաջող գույներն են սևն ու շագանակագույնը:

Ձկների համար 2012 թվականն ավելի դյուրին կլինի, քան 2011-ը, սակայն նրանք պետք է հրաժարվեն մտածելակերպի հին կարծրատիպերից: Այս նշանի ներկայացուցիչները պետք է 2012 թ.-ին բավականին ուշադրություն դարձնեն մտավոր գործունեությանը: Ձկների հաջողակ գույներն են բաց կանաչն ու բաց կապույտը:-0-