Ադրբեջանական անօդաչու սարքի կործանումը: Ծնվել էր սողալու համար. թռչել չստացվեց

15.09.2011, 11:40
Ադրբեջանական անօդաչու սարքի կործանումը: Ծնվել էր սողալու համար. թռչել չստացվեց
Ադրբեջանական անօդաչու սարքի կործանումը: Ծնվել էր սողալու համար. թռչել չստացվեց

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանական բանակի մամուլի ծառայությունը նախօրեին հրապարակել էր Ղարաբաղի օդային տարածք ներխուժած ադրբեջանական անօդաչու թռչող սարքի կործանման՝ ԼՂՀ ՊԲ ՀՕՊ և ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումների կողմից իրականացված հատուկ միջոցառումների մանրամասները:

Վաղուց էր խոսվում այն մասին, թե Լեռնային Ղարաբաղի հակաօդային պաշտպանության համակարգը տարածաշրջանի լավագույններից մեկն է, և այս շաբաթ ղարաբաղյան «երկնքի պաշտպանները» պարզապես հաստատեցին բոլորին քաջ հայտնի այդ փաստը:

Հատկանշական է, որ անօդաչու սարքի կործանման մասին տեղեկությունը ստացվեց ԱՊՀ երկրների ՀՕՊ զորքերի համատեղ զորավարժություններում Հայաստանի մասնակցության բարձր գնահատականների ֆոնի ներքո: Հայկական մարտական հաշվարկներն այս զորավարժություններին հարյուրտոկոսանոց արդյունք ցույց տվեցին, և դրանց դիմացկունությունն իրական պայմաններում ստուգել կարող էին միայն անտեղի և անհիմն ինքնահավանությամբ տառապողները:

Ամայի տարածքում այս ու այն կողմ ընկած թռչող սարքի բեկորների լուսանկարներից պարզ է դառնում, որ նման ինքնավստահ մարդիկ, այնուամենայնիվ, գտնվեցին: 
Բոլոր փորձագետներն առանց բացառության վստահեցնում են, որ անօդաչու սարքերի կործանումը հակաօդային պաշտպանության ուժերի բարդ խնդիրներից է համարվում, և այդ խնդրի հաջող լուծումը ՀՕՊ-ի գերհուսալի համակարգի վկայությունն է: Եվ հենց դա ցուցադրվեց Ադրբեջանին՝ առանց երկիմաստության ու  հասկանալի ձևով:

Սակայն արդեն սենսացիա դարձած միջադեպը ոչ միայն ամբողջովին փշրեց Բաքվի փայփայած «երկնքի հսկողության» հնարավորության նվիրական պատրանքը, այլ նաև փշրեց այն առասպելը «ադրբեջանական զենքի հզորության» մասին, որը գնվել էր նավթադոլարներով այն երկրներում, որտեղ դեմ չեն կրակի հետ խաղալ հանուն շահի:

Ի դեպ «ընկնող» անօդաչուների մատակարարների մասին... Փորձագետները չեն կասկածում, որ դրանք Իսրայելից են եկել, որը Ադրբեջանում զենքի համարյա թե գլխավոր մատակարարն է համարվում: Բաքվին ակտիվորեն զինում են նաև որոշ հետխորհրդային երկրներ: Ըստ խոսակցությունների, այդ երկրներից մի քանիսը նույնիսկ ՀԱՊԿ-ի կազմում են՝ լինելով Հայաստանի ռազմաքաղաքական համախոհ: Ասում են նաև, որ մահաբեր ապրանքի փոխանակումը նավթադոլարով բացառապես առևտրական-երկրների բիզնես-շահերից է բխում, սակայն դա նրանց վրայից չի հանում առանց այդ էլ պայթյունավտանգ տարածաշրջանում իրավիճակը սրելու պատասխանատվությունը:

Ամեն դեպքում, անօդաչու սարքի հետ կապված պատմությունը ցույց տվեց, որ Ադրբեջանը պարզապես փողերը քամուն է տալիս՝ գնելով շատ թանկ տեխնիկա, որն այնուհետև հեշտորեն մետաղի է վերածվում: Ադրբեջանական պաշտպանական գերատեսչության ձգձգված դադարից դատելով, որը ոչ մի մեկնաբանություն չի տալիս կործանված սարքի վերաբերյալ, հնարավոր է, որ Բաքվում լրջորեն մտածում են արտասահմանյան զինվորական «խաղալիքների» մեջ «ներդրումներ» կատարելու արդյունավետության վերաբերյալ:

Գագիկ Բաղդասարյան, «Նովոստի-Արմենիա» գործակալության տեսաբան
Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ-0-