Հայ և ռուս բլոգերները ցնծում են Եվրո-2012-ի ընտրական փուլի շրջանակներում սլովակների նկատմամբ 4:0 հաշվով Հայաստանի հավաքականի նախօրեին տարած հաղթանակի կապակցությամբ:
Vozni հայտնի բլոգերն ինչպես միշտ հումորով վերաբերվեց հաղթանակին: «Ինչպես պարզվեց, Յան Մուխային (Սլովակիայի հավաքականի դարպասապահը) չորս անգամ սպանեցին հայկական ճանճասպանով», - գրում է նա՝ չմոռանալով ներկայացնել հղում, որտեղ գրված են ռուսների երախտագիտական խոսքերն՝ ուղղված հայ գործընկերներին:
«Երևանը ողջ գիշեր չի քնել, Սլովակիա-Հայաստան 0:4», -գրում է arm_enikendskij բլոգերը:
Հայկական բլոգոսֆերայի բնակիչներից շատերն ավելի էմոցիոնալ էին իրենց գնահատականներում:
Այսպես, iza1976 հայտնի բլոգերը «Հայաստան-Սլովակիա 4:0!!!» վերնագրով գրառման մեջ գրում է՝ «Մեռնում եմ երջանկությունից!!! Ջախջախեցինք սլովակներին!!!»:
«Ես հայ եմ, և ես հպարտ եմ: Բոլորին բարի գիշեր», - «Словакия/Армения 0/4» վերնագրով գրառման մեջ գրել է silentium_x բլոգերը Հայաստանի հավաքականի հաղթանակից հետո:
Սակայն ոչ միայն հայկական բլոգոսֆերան էր ցնծում ուրախությունից, նրան միացան նաև «Live Journal»-ի ռուսաստանյան «բնակիչները»:
«Շնորհավորում եմ բոլոր հայ ընկերներին և ողջ Հայաստանին փայլուն հաղթանակի կապակցությամբ»: Այսօր դուք ողջ աշխարհին ցույց տվեցիք, թե ինչպես է պետք ֆուտբոլ խաղալ, ես գիտեի, հավատում էի ձեզ: Այսպես ցուցադրական կերպով ջախջախել Սլովակիայի հավաքականին, այն էլ արտագնա խաղում, նրա երկրպագուների առջև, սա բարձր ֆուտբոլային վարպետություն է:Ապրեք, տղերք», - գրում է oleg-d7 ռուսաստանցի բլոգերը:
Հայաստանի հավաքականի հաղթանակը բարելավեց խմբից դուրս գալու Ռուսաստանի հավաքականի հնարավորությունները:
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը երրորդ տեղն է զբաղեցնում Եվրո-2012 «В» ընտրական խմբում՝ 4։0 հաշվով սլովակների հանդեպ տարած սենսացիոն հաղթանակից հետո՝ պահպանելով մրցաշարի եզրափակիչ դուրս գալու իրական հնարավորությունները
Հայ ֆուտբոլիստները 14 միավոր են հավաքել և մեկ միավորով զիջում են երկրորդ տեղը զբաղեցրած իռլանդացիներին։ 17 միավորով խմբի միանձնյա առաջատարը ռուսներն են։
Սլովակները նույնպես 14 միավոր ունեն, բայց նրանք զիջում են հայ ֆուտբոլիստներին անմիջական հանդիպումների արդյունքներով։
Մակեդոնացիներն Անդորրայի նկատմամբ նվազագույն 1։0 հաշվով տարած այսօրվա հաղթանակից հետո 7 միավոր են հավաքել և զբաղեցնում են հինգերորդ տեղը։ Անդորրացիները, տանուլ տալով իրենց բոլոր հանդիպումները, փակում են մրցաշարային աղյուսակը։ Բոլոր թիմերն ութական հանդիպում են խաղացել։ Միաժամանակ հայ ֆուտբոլիստները խփած և բաց թողած գնդակների լավագույն տարբերությունն ունեն՝ -17-7։
Հոկտեմբերի 7-ին հայ ֆուտբոլիստները մակեդոնացիների հետ սեփական հարկի տակ հանդիպում կանցկացնեն։ Հոկտեմբերի 11-ին Իռլանդիայում, հնարավոր է, հայ և իռլանդացի ֆուտբոլիստների միջև որոշիչ հանդիպում անցկացվի։ -0-