Երիտասարդ «հայ Թայսոնը» Մոսկվայում է մարզվում
Ղազախստանում կայացած (հուլիսի 20-31-ը) պատանի մարզիկների բռնցքամարտի աշխարհի առաջնության ժամանակ Ռուսաստանի հավաքականը առաջին տեղն է զբաղեցրել: Հաղթողներից մեկն է ճանաչվել Լենդրուշ Հակոբյանը, նա մինչև 70 կգ քաշային կարգում ոսկի է նվաճել: Ռուսաստանի հայկական համայնքի մեկ այլ ներկայացուցիչ Արտյոմ Մելքոնյանը բրոնզե մրցանակակիր է դարձել մինչև 54 կգ քաշային կարգում:
Եզրափակիչ հանդիպմանը Լենդրուշ Հակոբյանը համոզիչ հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցիչ Օրհան Մայիվլի նկատմամբ: Այդ հետաքրքիր մրցապայքարը չափազանց զգացմունքային էր: Լենդրուշի հարվածներից հակառակորդը նկատելիորեն ընկրկեց առաջին իսկ ռաունդում, բայց կանգնած մնաց և նույնպես եռանդով սկսեց հարվածել հակառակորդին: Ըստ փորձագետների, երիտասարդ ռուս մարզիկը տեխնիկապես «մի գլուխ ավելի բարձր էր» հակառակորդից, ինչը պայքարում նրան հաղթանակ բերեց:
ՌԻԱ Նովոստիի թղթակիցը հանդիպել է պատանի մարզիկների թիմի հավաքականի անդամների և նրանց մարզչի հետ՝ Մոսկվայի №1 օլիմպիական հերթափոխի ուսումնարանում:
«Մրցապայքարի ընթացքում, մասնավորապես Աշխարհի առաջնության պայքարում բավականաչափ սխալներ են եղել,- ասել է հաղթողի անձնական մարզիչ Վագիֆ Շիրինովը: -Իհարկե, նրանք նաև իմ և հենց մարզիկի կողմից են նկատվել, և դա մեզ աշխատելու նոր հարթակ է տալիս: Սակայն այդ մրցակցությունների ժամանակ Լենդրուշին շատերն են «հայ Թայսոն» կոչել:
Նախորդ առաջնության ընթացքում իր քաշային կարգում (մինչև 70 կգ) Լենդրուշ Հակոբյանն ամենակրտսերն է եղել:
Լենդրուշը ծնվել է 1995թ.-ին Հայաստանում: Մեծացել է Ռուսաստանում, որտեղ և սկսել է իր մարզական կարիերան: Ամեն ամառ մարզիկն իր հարազատների հետ լինում է իր հայրենի քաղաք Կապանում:
Զարմանալի է, որ պատանի մարզիկների շրջանում 2011 թվականի աշխարհի առաջնության տիտղոսի դափնեկիրը միայն երկու տարի առաջ է սկսել մարզվել, իսկ Օլիմպիական հերթափոխի ուսումնարանի կատարելագործված մարզումները սկսել է միայն 2010թ.-ի աշնանը: Բռնցքամարտի Ռուսաստանի առաջնության ընթացքում հաջող ելույթն այս տարի Լենդրուշին հնարավորություն է տվել դառնալ պատանի մարզիկների հավաքականի անդամ: Ոչ սպորտի բնագավառում քիչ փորձ ունենալը, ոչ հակառակորդների տարիքային առավելությունը չի խանգարել ռուսաստանաբնակ հային փայլուն կերպով նվաճել չեմպիոնի տիտղոսը:
«Լենդրուշն ինքն է դրան եկել, նա ինքնուրույն է սկսել սպորտով զբաղվել, առավոտյան վազել, մկաններ զարգացրել, - ասում է Մինաս Հակոբյանը՝ չեմպիոնի հայրը: - Շուրջ երկու տարի առաջ որդին սկսել է մարզվել ԲԿՄԱ մարզական դպրոցում, բայց մարզումները շատ շուտ սկսեցին չբավարարել: Միաժամանակ մեկ տարի անց նրան արդեն մեկ այլ, առավել լուրջ պատրաստվածության մակարդակ էր հարկավոր»:
Օլիմպիական հերթափոխի ուսումնարանի մարզումների ռեժիմն, իհարկե, առավել բարդ էր: Բայց չնայած նրան, որ մարզիկները օրվա մեծ մասը դահլիճում են անցկացնում, Լենդրուշը, միևնույն է, շարունակում է նույնիսկ ինքնուրույն մարզվել: Այդ տաղանդավոր երիտասարդ մարզիկն ընդամենը 26 մրցապայքար է անցել, բայց արդեն հաջողացրել է հաղթանակներ տանել շրջանային և միջազգային առաջնություններում, պատմել է Վագիֆ Շիրինովը:
«Լենդրուշը բոլոր հատկանիշներն ունի, որոնք պետք են հաջողակ մարզիկին և պրոֆեսիոնալ բռնցքամարտիկին,- կարծում է մարզիչը: - Նրա ներքին հավասարակշռվածությունը, հանգստությունը, համբերատարությունը, մարզումների ժամանակ ցուցաբերած ջանասիրությունն օգնում են աշխատել սեփական անձի վրա: Մարզիկը մեծ հեռանկարներ ունի, և ես վստահ եմ, որ նա օլիմպիական չեմպիոն դառնալու բոլոր հնարավորություններն ունի»:
Մոսկովյան մարզական ուսումնարանում Լենդրուշի հետ մարզվում են տարբեր տարիքի և ազգության մարզիկներ: Այն հարցին, թե արդյո՞ք դժվարություններ կան միջազգային հավաքականի հետ աշխատանքում, ադրբեջանցի մարզիչը պատասխանում է, որ նման բան չկա և չի կարող լինել:
«Այստեղ բոլորս Ռուսաստանն ենք ներկայացնում,- ասում է Շիրինովը: - Չեչենները, հայերը, ադրբեջանցիները, չերկեսները՝ մենք բոլորս ռուսներ ենք, և մեր հաղթանակը հենց Ռուսաստանին ենք նվիրում: Սպորտում, կարծում եմ, ազգություններ չկան: Կա պրոֆեսիոնալիզմ և միմյանց հանդեպ հարգանք, իսկ ազգային թշնամանքը պետք է ռինգից դուրս մնա»:
Երիտասարդ չեմպիոնի անձնական ծրագրերում է Օլիմպիադայի մասնակցությունն ու հաղթանակը: Առջևում հերթական առաջնություններն են՝ մրցակցություններն ու Ռուսաստանի առաջնությունները և մեծահասակների կարգ դուրս գալը:
Այսօր Լենդրուշի համար սպորտն առաջին տեղում է. «Բռնցքամարտն ինձ համար ամեն ինչ է, ես արդեն չեմ կարող առանց սպորտի: Բռնցքամարտը կյանք է»: -0-
Օլեսյա Կուլինչիկ (ՌԻԱ Նովոստի)՝ հատուկ «Նովոստի-Արմենիա» գործակալության համար
Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ

