Երևանյան «Ոսկե ծիրանը» ընդլայնում է ձևաչափը

11.07.2011, 15:08
Երևանյան «Ոսկե ծիրանը» ընդլայնում է ձևաչափը
Երևանյան «Ոսկե ծիրանը» ընդլայնում է ձևաչափը

ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. «Ոսկե ծիրան» երևանյան ութերորդ միջազգային կինոփառատոնը, որը մեկնարկել է կիրակի և կտևի մեկ շաբաթ, էականորեն ընդլայնել է իր ձևաչափը, ասել է փառատոնի տնօրեն, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը:

Բացի երեք ավանդական անվանակարգերից՝ «Հայկական համայնապատկեր», «Վավերագրական կինո» և «Խաղարկային կինո», փառատոնի շրջանակներում հայտնվել է «Կորիզ» նոր անվանակարգը, որը նախատեսված է սկսնակ, երիտասարդ ռեժիսորների համար:

Նոր անվանակարգում ներառված են երիտասարդ հայ ռեժիսորների 25 կարճամետրաժ ֆիլմեր:

Սակայն սա միակ նորությունը չէ՝ կապված փառատոնի ընդլայնված ծրագրի հետ: Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Լեհաստանի, Բրազիլիայի, Իտալիայի դեսպանատների կողմից փառատոնին տրամադրված օտարերկրյա ֆիլմերից բացի, այս տարի Հայաստանում ՌԴ դեսպանատունն ու ԱՊՀ երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը կներկայացնեն նոր ծրագիր՝ «ԱՊՀ երկրների կինոն. անկախության 20 տարի» նոր ծրագիրը:

Ինչպես նշել է փառատոնի գեղարվեստական տնօրեն Սուսաննա Հարությունյանը, ծրագրի շրջանակներում կցուցադրվեն ԱՊՀ երկրների տասը լավագույն ֆիլմերը, որոնք նկարահանվել են վերջին երկու տարվա ընթացքում:

Հատկանշական է նաև այն փաստը, որ փառատոնի շրջանակներում կցուցադրվեն օտարերկրյա կինոդպրոցների, մասնավորապես՝ լեհական «Անջեյ Վայդայի» կինոդպրոցի ֆիլմերը, ոլորտի խոշորագույն վարպետները վարպետության դասեր կանցկացնեն ոչ միայն կինոսցենարների և ռեժիսուրայի, այլև մշակութային մենեջմենտի թեմայով:

Պակաս տպավորիչ չէ նաև փառատոնի հյուրերի ցանկն ու «Երևանյան պրեմիերաներ» ծրագրում ընդգրկված ֆիլմերի ծրագիրը:

Այս տարի փառատոնի պատվավոր հյուրերն են հիասքանչ կինոաստղ Ֆաննի Արդանը, հայտնի իրանցի ռեժիսոր Աբբաս Քիառոստամին, հունգարացի կինոդասական Բելա Տարն ու Կաննի կինոփառատոնի դափնեկիր, թուրք ռեժիսոր Նուրի Բիլգե Ջեյլանը:

Ինչ վերաբերում է «Երևանյան պրեմիերաներին», ապա նրա շրջանակներում կցուցադրվեն տարվա ամենաաղմկահարուց ֆիլմերը՝ Թերենս Մալիքի «Կենաց ծառ», Լարս ֆոն Թրիերի «Մելանխոլիա», Նուրի Բիլգե Ջեյլանի «Մի անգամ Անատոլիայում», ամերիկացի ռեժիսոր Քինգ Բրեյդենի «Այտեղ», ռուս ռեժիսոր Պավել Կոստոմարովի «Ես քեզ սիրում եմ» և ֆրանսիահայ ռեժիսոր Սերժ Ավետիքյանի «Շների պատմությունը» ֆիլմերը:

Փառատոնի շրջանակներում կցուցադրվի Բելա Տարի «Թուրինյան ձին» ֆիլմը, իսկ փառատոնը մեկնարկել է Աբբաս Քիառոսթամիի «Վավերացված պատճենը» ֆիլմով:

Ֆիլմերը կցուցադրվեն ոչ միան «Մոսկվա» կինոթատրոնում, այլև «Նաիրի» կինոթատրոնում, որը կրկին իր դռներն է բացել հանդիսատեսի առաջ:

Կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը նշել է, որ կազմակերպիչներն այս տարի ևս չեն հրաժարվի ծիրանի ավանդական օրհնությունից և «Մոսկվա» կինոթատրոնին հարակից Ազնավուրի Հրապարակում ամեն երեկո կազմակերպվելիք ջազային համերգից:-0-