Հայերի բացարձակ մեծամասնությունն իր հանգիստը կազմակերպում է առանց տուրգործակալությունների միջնորդության

09.06.2011, 14:48
Հայերի բացարձակ մեծամասնությունն իր հանգիստը կազմակերպում է առանց տուրգործակալությունների միջնորդության
Հայերի բացարձակ մեծամասնությունն իր հանգիստը կազմակերպում է առանց տուրգործակալությունների միջնորդության

Արտասահման հանգստի մեկնող գրեթե բոլոր ՀՀ քաղաքացիները նախընտրում են չօգտվել տուրօպերատորների ծառայություններից։

Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, նրանց թիվը կազմել է 2011 թվականի առաջին եռամսյակում երկրի սահմաններից դուրս մեկնող բոլոր քաղաքացիների 99 տոկոսը, ինչը կազմում է 114 517 մարդ։ Միաժամանակ զբոսաշրջային գործակալությունների միջնորդությամբ մեկնել է 1551 մարդ կամ մեկնող զբոսաշրջիկների ընդհանուր հոսքի 1,3 տոկոսը։

«Էդալեքս» զբոսաշրջային ընկերության տուր-մենեջեր Քրիստինա Ղևոնդյանը նման անհավասարակշռությունը բացատրեց նրանով, որ տուրգործակալություն դիմող մարդու համար ուղեգիրն ավելի թանկ է, քանի որ դրանում ընդգրկված են նաև հարկերը, որոնցից Ինտերնետի միջոցով ուղեգիր վերցնող զբոսաշրջիկն ազատված է։

Նա միաժամանակ նախազգուշացրեց, որ այդ դեպքում զբոսաշրջիկն ինքն է պատասխանատվություն կրում հնարավոր ռիսկերի համար, որոնք, մասնավորապես, կապված են հյուրանոցի ամրագրման, տոմսերի գնման և ելքի արտոնագրի ստացման հետ։

Սակայն ոչ բոլոր տուրօպերատորներն են համաձայն բերված պաշտոնական վիճակագրության հետ և 1,3 տոկոս թիվը շատ ցածր են համարում։ Օրինակ, այդպես են կարծում  «Տրիումֆ» տուրիստական ընկերության տնօրեն Գայանե Բոգդանովան և նրա գործընկեր, «Տուրիզմ Պարբերական» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Արթուր Ոսկանյանը։

Բոգդանովայի կարծիքով, զբոսաշրջիկներն ավելի քիչ են դիմում տուրգործակալություններին տնտեսելու նպատակով։ Իսկ Ոսկանյանը կարծում է, որ անհատական զբոսաշրջություն կազմակերպելու հնարավոր պատճառներ կարող են լինել այդ թվում առանձին տուրօպերատորների նկատմամբ անվստահությունը։
Հատկանշական է, որ արտերկիր մեկնած հայ զբոսաշրջիկների թիվը 2011 թվականի արդեն առաջին եռամսյակում, 2010 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, ԱՎԾ-ի տվյալներով, աճել է 27,6 տոկոսով՝ կազմելով 116 068 մարդ, ինչը գերազանցում է նախաճգնաժամային ցուցանիշը։

Հայերի մեծամասնությունը, հայրենական զբոսաշրջային ընկերությունների տվյալներով, առաջին երեք ամիսներին լքել է երկիրը հանգստի նպատակով։ ԱՎԾ-ի համաձայն, նրանց բաժին է ընկնում բոլոր մեկնողների մոտ 26,4 տոկոսը կամ, ավելի հստակ ասած, նրանք ընդամենը 409 հոգի են եղել։

Միաժամանակ 117 մարդ նույն ժամանակահատվածում արտասահման են մեկնել բիզնեսի գործերով։ Հայաստանից տուրուղեգրերով մեկնածների ընդհանուր հոսքում նրանց բաժին է ընկել 11,4 տոկոսը։
Կրթություն ստանալու նպատակով 2011 թվականի առաջին եռամսյակում հանրապետությունը լքել է 4 մարդ կամ տուրգործակալությունների միջոցով մեկնածների 0,3 տոկոսը։ Մնացած 61,9 տոկոսը կամ 961 հոգին մեկնել է այլ պատճառներով։

Ընդհանուր առմամբ, հայ զբոսաշրջիկները նախընրում են ճանապարհորդել Եվրոպայի երկրներով։ Ասիան և Աֆրիկան նրանց ավելի քիչ են գրավում։ Չի թուլանում հետաքրքրությունը նաև Թուրքիայի հանգստավայրերի նկատմամբ, շատերին գրավում է Վրաստանի Սևծովյան ափը, իսկ վերջերս այցելությունների դրական վիճակագրություն է նկատվում Բուլղարիայի ուղղությամբ։

Տուրօպերատորների խոսքով՝ թեև զբոսաշրջային սեզոնը դեռ առջևում է, բայց նրանք արդեն հաճախորդների բազայի աճ են գրանցել։ Ընկերությունները լի են լավատեսությամբ, քանի որ մարդկանց ձգտումը դեպի ճանապարհորդությունը երբեք չի թուլանում, իսկ չէ՞ որ պահանջարկը միշտ խթանում է առաջարկը, հատկապես եթե այն համատեղում է հաճելին ու օգտակարը մատչելի գնով։ -0-