Գերտերությունները շեշտադրումներ արեցին. Ղարաբաղում պատերազմն անթույլատրելի է
Նախօրեին ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահների՝ Դմիտրի Մեդվեդևի, Բարաք Օբամայի և Նիկոլա Սարկոզիի կողմից Դովիլում «Մեծ ութնյակի» գագաթնաժողովի շրջանակներում արված համատեղ հայտարարությունը, որը վերաբերվում է ղարաբաղյան խնդրին, տարբերվում է այլ նմանատիպ փաստաթղթերից հստակ կոնկրետությամբ և միանշանակ նախազգուշացմամբ չմտածված գործողություններից և արկածախնդրություններից:
Փաստաթղթում հստակ ուրվագծված են թույլատրելիի սահմանները և որպես օրինակ՝ գունեղ նկարագրված են ռազմատենչ հռետորականությունն ու «նյարդերի պատերազմն» իրական ռազմական գործողությունների վերափոխելու փորձերի հետևանքները: Ընդ որում ադրբեջանական քարոզի վրա հարվածը հասցվում է միանգամից մի քանի ուղղություններով: Առաջին հերթին այն վերաբերվում է պատերազմ ծավալելու և միջազգային իրավունքին հենվելու իրավասության մասին Բաքվի պնդումներին: Գերտերությունների առաջնորդները մատչելի կերպով բացատրել են Ադրբեջանին, որ ուժի կրկնակի կիրառումը կդատապարտվի միջազգային հանրության կողմից, հետևաբար Բաքվի իշխանությունները պետք է կշռադատեն իրավիճակի սրմանն ուղված իրենց բոլոր քայլերը՝ մերժված-երկրի աննախանձելի ճակատագրից խուսափելու համար:
Բացի այդ, ԵԱՀՄ ՄԽ համանախագահ-երկրների նախագահները, ըստ էության, ցրել են Ադրբեջանի ևս մեկ, թվում է, թե առանցքային քարոզչական հնարքը, որը վերաբերում է, այսպես կոչված, «օկուպացված տարածքներին»:
«Ուժի կիրառումը հանգեցրել է առճակատման և անկայունության ներկա իրավիճակի ծագմանը», - նշվում է նախագահների հայտարարության մեջ: Փաստորեն Մեդվեդևը, Օբաման և Սարկոզին ընդունում են, որ ստեղծված իրավիճակը պատերազի հետևանք է, որի համար պատասխանատվությունը կրում է պատերազմը ծավալած կողմը: Հայտարարությունից պարզ է դառնում, որ պաշտոնական Բաքվի գործունեությունը, որն ուղղված է «հայկական ագրեսիան» ապացուցելուն և նոր գաղութատիրական պատերազմի արդարացմանը, ձախողվեց, իսկ հայատյացության քարոզի հերթական չափաբաժինը հասարակության շրջանում մշտապես տարածելու միջոցով հասարակական համախմբման մակարդակի պահպանումը միայն տարակուսանք է առաջացնում աշխարհում:
Հարևան ժողովրդի նկատմամբ թշնամանք առաջացնելու նմանատիպ պրակտիկան է ստիպել Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահներին հանդես գալ հակամարտող կողմերի առաջնորդներին ուղղված կոչով՝ բնակչությանը պատրաստել խաղաղության, այլ ոչ թե պատերազմի: Չնայած այս կոչի հասցեատերը, ըստ էության, մեկն է:
Երեք երկրների առաջնորդները հայտարարել են նաև, որ եկել է ժամանակը, երբ ղարաբաղյան հակամարտության բոլոր կողմերը պետք է վճռորոշ քայլ կատարեն դեպի խաղաղ կարգավորում: Նման ձևակերպումն՝ առանց կողմերին կոնկրետ մատնանշելու, հիմք է տալիս ենթադրելու, որ միջազգային հանրությունն անուղղակիորեն ճանաչում է Ղարաբաղը որպես հակամարտող կողմ, առանց որի կարծիքը հաշվի առնելու անօգուտ է խոսել կարգավորման մասին:
Եռյակի առաջնորդների հայտարարությունը Հայաստանում դրական արձագանք է ստացել:
«Մենք բարձր ենք գնահատում նախագահներ Մեդվեդևի, Օբամայի և Սարկոզիի ջանքերն՝ ուղղված ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը: ԵԱՀԿ ՄԽ համանախագահ-երկրների՝ ՌԴ-ի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի նախագահների ընդունած հայտարարությունը կարևոր ուղերձներ է պարունակում և կարող է խթան հանդիսանալ ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծման համար», - հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:
ՀՀԿ-ի խորհրդարանական խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովի խոսքերով՝ երեք նախագահների հայտարարությունը հիմնականում համահունչ է Հայաստանի դիրքորոշման հետ և Ադրբեջանին ուղղված հստակ ուղերձ է:
«Հայտարարության մեջ ընդգծվում է ուժի կիրառման անթույլատրելիությունը, ինչի մասին բազմիցս խոսել են հայկական երկու կողմերը՝ Հայաստանն ու Արցախը», - ասաց Շարմազանովը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը:
Դովիլում նախօրեին ընդունված փաստաթղթի նկատմամբ Բաքվի պաշտոնական արձագանքի մասին դեռ ոչինչ հայտնի չէ, սակայն արդեն պարզ է, որ Ադրբեջանը ստիպված կլինի հաշվի նստել գերտերությունների առաջնորդների առաջարկների հետ:
Միջազգային հանրության դիրքորոշումների անտեսումը հանգեցնում է աղետալի հետևանքների չափից ինքնավստահ երկրների համար, որոնք հավատում են իրենց ամենաթողությանը: Ինչպես ցույց է տալիս փորձը, նման երկրներին չեն օգնում նույնիսկ տպավորիչ ածխաջրածնային պաշարները:-0-
Գագիկ Բաղդասարյան, «Նովոստի-Արմենիա» գործակալության մեկնաբան
Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ

