Իշխանությունների և ընդդիմության հարաբերությունների լիցքաթափումը և ԵՄ-ի հետ համագործակցության մասին հռչակագիրը. Հայաստանը՝ շաբաթվա կտրվածքով

02.05.2011, 17:58
Իշխանությունների և ընդդիմության հարաբերությունների լիցքաթափումը և ԵՄ-ի հետ համագործակցության մասին հռչակագիրը. Հայաստանը՝ շաբաթվա կտրվածքով
Իշխանությունների և ընդդիմության հարաբերությունների լիցքաթափումը և ԵՄ-ի հետ համագործակցության մասին հռչակագիրը. Հայաստանը՝ շաբաթվա կտրվածքով

Անցյալ ուրբաթ ՀՀ կառավարության և Եվրահանձնաժողովի միջև համագործակցության մասին համատեղ հռչակագիր է ստորագրվել։ ԵՄ հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն և ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ստորագրել են ՀՀ կառավարության և Եվրոպական հանձնաժողովի միջև համատեղ հռչակագիրը, որով կողմերը ողջունում են ԵՄ-Հայաստան Ասոցացման համաձայնագրի բանակցություններում գրանցված լավ առաջընթացը և շեշտում ապագա Ասոցացման համաձայնագրի շրջանակում երկկողմ` խորը և համապարփակ ազատ առևտրի գոտի հիմնելու շուրջ բանակցությունների մեկնարկի համար անհրաժեշտ պայմանների ապահովմանը ուղղված` Հայաստանի Հանրապետության հետագա քայլերի կարևորությունը:

Փաստաթղթով ՀՀ կառավարությունը և Եվրահանձնաժողովը նաև ստանձնում են հանձնառություն` ավելի ակտիվորեն հետամուտ լինել Եվրոպական հարևանության քաղաքական ուղենիշներին, ինչը կամրագրվի Հայաստանի Հանրապետության կառավարության և Եվրոպական Հանձնաժողովի կողմից համատեղ մշակվելիք` բարեփոխումներին միտված գործընկերության շրջանակներում:

Հռչակագրի համաձայն, դրանք կուրվագծեն համագործակցության այն ոլորտները, որոնք կարող են լինել մեր հարաբերությունների կիզակետում` ԵՄ գործիքների և միջոցների օգնությամբ: Հռչակագրով վերահաստատվում է Հայաստանի Հանրապետության հստակ հանձնառությունը շարունակելու բարեփոխումների գործընթացը և ընդգծվում Եվրոպական Հանձնաժողովի պատրաստակամությունը՝ տրամադրելու ավելի մեծ աջակցություն բարեփոխումների իրականացման համար, ներառյալ բյուջետային աջակցության և Հայաստանի Հանրապետության կառավարության և Եվրոպական հանձնաժողովի միջև համաձայնեցված` Պետական կառավարման մարմինների զարգացման համապարփակ ծրագրի միջոցով:

Ֆյուլեի հետ հանդիպման ընթացքում Սարգսյանը նշել է, որ վերջին մեկ տարվա ընթացքում տեղի ունեցած բարձր մակարդակի հանդիպումներն ու քննարկումները, ինչպես նաև այսօր ստորագրվելիք հռչակագիրը խոսում են Հայաստան-Եվրամիություն դինամիկ զարգացող հարաբերությունների մասին:

Եվրամիության ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատարը նշել է, որ համատեղ ակտիվ աշխատանքով 2011 թ. կարելի է դարձնել Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին նոր որակ հաղորդելու ժամանակաշրջան:

Անդրադառնալով ՀՀ կառավարության և Եվրոպական հանձնաժողովի միջև ստորագրվելիք համատեղ հռչակագրին` Շտեֆան Ֆյուլեն ընդգծել է, որ հռչակագրի նպատակն է Հայաստանն ավելի մոտեցնել Եվրամիությանը` աջակցելով իրականացվող բարեփոխումներին: