ԵԽԽՎ գարնանային նստաշրջանը և հայկական ոստիկանության 10-ամյակը. շաբաթը Հայաստանում
Անցած շաբաթ Հայաստանի համար կարևոր արտաքին քաղաքական իրադարձություններից մեկը Եվրոպայի Խրհրդի Խորհրդարանական Վեհաժողովի գարնանային նստաշրջանն էր։ Երկրի ներքաղաքական կյանքը նշանավորվել է Ոստիկանության 10-ամյա հոբելյանով և համակարգում անցկացվող բարեփոխումների վերաբերյալ հայտարարություններով։
ԵԽԽՎ նստաշրջանը
ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի ժամանակ հայկական պատվիրակությունը կասկածի տակ է դրել ԼՂՀ հարցով հատուկ հանձնաժողովի վերակազմավորման դրդապատճառների անկեղծությունը, անկողմնակալությունն ու ազնվությունը։
Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի հայկական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը հայտարարել է, որ Հայաստանը կործանիչ է համարում Ղարաբաղի հարցով ԵԽԽՎ ենթահանձնաժողովի գործունեության վերսկսումը և բազմիցս դեմ է արտահայտվել դրա գործունեության վերսկսման մասին որոշման ընդունմանը։ Պատգամավորը ԵԽԽՎ բյուրոյի նախագահին մեղադրել է որոշման կայացման գործընթացում հայկական պատվիրակության ձայնն անտեսելու մեջ։
Հարությունյանի խոսքով՝ առաջին նվազագույն քայլերը, որոնք կարող են օգուտ բերել հասարակությունների հաշտեցման հարցում, կարող են լինել պատվիրակությունների միջև առկա լարվածության կրճատմանն ուղղված քայլերը, ինչի կապակցությամբ հայկական պատվիրակության ներկայացված կոնկրետ առաջարկներն առայսօր «ուժի մեջ են մնում»։
Նոր համազգեստով և մաքուր խղճով. Ոստիկանության 10 տարին
Հայաստանի Ոստիկանության 10-ամյա հոբելյանին նվիրված հանդիսավոր նիստի ընթացքում ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն իր աշխատակիցներին հորդորեց չվախենալ «ինքնամաքրումից»:
«Քաղաքացին պետք է ոստիկանի մեջ տեսնի ոչ միայն հանրային կարգի պաշտպանի, այլ նաև պարկեշտության, քաղաքավարության և պրոֆեսիոնալիզմի լավագույն օրինակ»,- ասաց Սարգսյանը:
Նա միաժամանակ բարձր գնահատեց իրավապահ մարմինների գործունեությունը անցած տասը տարիների ընթացքում՝ նշելով դրանց նշանակությունն իրավական դաշտի կայացման և ամրապնդման գործում։
Ասես հոբելյանի առթիվ՝ կառավարությունը նախորդ շաբաթ որոշում ընդունեց, ըստ որի՝ Հայաստանի Ոստիկանության որոշ ստորաբաժանումներ, մասնավորապես, կանխարգելիչ, օպերատիվ ծառայությունների, Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները շուտով նոր համազգեստ կունենան։ Իրենց համազգեստը կկրեն նաև Ոստիկանության Զորքերի ծառայողները։ Հին նմուշի համազգեստը կպահպանվի Ոստիկանության վարչությունում։
Ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի կարծիքով՝ ժողովուրդը ոստիկանների նոր համազգեստի տակ մարդկային հոգի պետք է տեսնի։
«Բայց ամենակարևորը համազգեստը չէ, այլ ժողովրդի վերաբերմունքը։ Մենք փորձում ենք փոխել հին կարծրատիպը, որպեսզի ոստիկանին ընկալեն որպես ժողովրդի մի մասնիկի, որպեսզի համազգեստի տակ մարդկային հոգի տեսնեն, մարդկանց, ովքեր ապացուցում են իրենց հավատարմությունը ժողովրդին և երկրին հայրենասիրաբար ծառայելու միջոցով»,- ասաց Սարգսյանը։
Ոստիկաններին շնորհավորեց նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ նշելով, որ շատ հարցերում հայ ոստիկանների շնորհիվ Երևանն այսօր աշխարհի ամենաանվտանգ մայրաքաղաքաներից մեկն է։
«Քաղաքացիների իրավունքների և ունեցվածքի պաշտպանությունը, ինչպես նաև պայքարը հանցավորության դեմ մեր ոստիկանությունն իրականացնում է հիմնականում արդյունավետ կերպով: Սա փաստ է: Մենք միշտ հպարտորեն նշում ենք, որ Երևանը աշխարհի ամենաապահով մայրաքաղաքներից է: Սա առաջին հերթին բխում է մեր ժողովրդի և հասարակության նկարագրից, բայց սա նաև մեր ոստիկանության արժանիքն է»,- ասել է Սարգսյանը:
Համանախագահների այցի արդյունքները
Ապրիլի 11-14-ը տարածաշրջանային այցով Երևան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ), Իգոր Պոպովը (Ռուսաստան) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը այցելեցին Երևան, Բաքու և Լեռնային Ղարաբաղ՝ հանդիպումներ ունենալով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, Ադրբեջանի նախագահ Ւլհամ Ալիևի և ԼՂՀ ղեկավարության հետ: Ապրիլի 13-ին համանախագահները եղել են շփման գծում, որպեսզի ընդգծեն հրադադարի ռեժիմին հետևելու կարևորությունը։
Հիմնվելով համատեղ հայտարարության վրա, որն ընդունվել է մարտի 5-ին՝ Սոչիում կայացած ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո, համանախագահները կողմերին ներկայացրել են բոլոր կողմերի մասնակցությամբ շփման գծում տեղի ունեցած միջադեպերի հետաքննության մեխանիզմների հնարավոր տարբերակը։
Համանախագահները հավաստիացրեցին, որ կշարունակեն աշխատել կողմերի հետ՝ հետաքննության գործընթացն առավելագույնս թափանցիկ և օբյեկտիվ կազմակերպելու, անվտանգություն ապահովելու և մարդկային կյանքները պահպանելու նպատակով։ Նրանք նաև միջազգային կոնվենցիաներին հետևելու կոչ են արել՝ Ստեփանակերտի օդանավակայանի ծրագրված բացման կապակցությամբ։ Նրանք ողջունեցին կողմերի՝ քաղաքացիական ավիացիայի օդանավերին սպառնալու կամ ցանկացած ոտնձգությանը վերջ դնելու հավաստիացումները։
Համանախագահների հետ հանդիպման ժամանակ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նշել է, որ միջնորդների խաղարարար ջանքերին հակառակ՝ Ադրբեջանը շարունակում է խոչընդոտել փոխվստահության մթնոլորտի ձևավորմանը կողմերի միջև:
ԼՂՀ ղեկավարը նշել է, որ միջնորդների խաղարարար ջանքերին հակառակ՝ Ադրբեջանը շարունակում է իրականացնել այնպիսի քաղաքականություն, որը խոչընդոտում է ոչ միայն հակամարտության կարգավորմանը, այլ առհասարակ փոխվստահության մթնոլորտի ձևավորմանը կողմերի միջև:--0--

