Հայաստան - Ռուսաստան. սպասում ենք, հուսով ենք, հավատում ենք...
Հաղթանակների կարոտած հայ երկրպագուները հասկանալի անհամբերությամբ և մեծ հույսերով են սպասում սիրելի թիմի հաջող ելույթին: Եվրո-2012-ի ընտրական փուլի շրջանակներում Հայաստան - Ռուսաստան սպասված հանդիպմանը շատ քիչ ժամանակ է մնացել, հանդիպումը տեղի կունենա Երևանի հանրապետական մարզադաշտում:
В խմբում առաջատարի դիրքում է Ռուսաստանի հավաքականը, որը 4 հանդիպման արդյունքում վաստակել է 9 միավոր: Հայաստանի հավաքականը 4 հանդիպումից հետո վաստակել է 7 միավոր, նույնքան միավոր ունեն Իռլանդիայի և Սլովակիայի թիմերը: Չորս միավորով 5-րդ տեղում են մակեդոնացիները, իսկ Անդորրայի թիմը 0 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը:
Աննախադեպ իրարանցում
Հարկ է նշել, որ այս խաղի նկատմամբ հետաքրքրությունը կապված է հայկական թիմի ակնհայտ առաջընթացի հետ մարտավարական պայքարի և առանձին խաղացողների բարձր վարպետության համատեքստում:
Բացի այդ, Հայաստանի հավաքականը խփած և բաց թողած գնդակների լավագույն ցուցանիշներն ունի՝ 9-4: Միաժամանակ հայ ֆուտբոլիստները խմբում ամենաշատ թվով գնդակներն են խփել:
Հատկանշական է, որ հանդիպման բոլոր տոմսերն ամբողջությամբ վաճառվել են խաղից երկու շաբաթ առաջ: Որոշ տվյալների համաձայն՝ այսօրվա դրությամբ «սև շուկայում» տոմսերի գինը կրկնապատկվել է տասը և ավելի անգամ:
Ստեղծված իրավիճակում Երևանի քաղաքապետարանը ստիպված էր աննախադեպ որոշում ընդունել՝ ապահովել խաղի հեռարձակումը Երևանի կենտրոնում գտնվող Ֆրանսիայի հրապարակում տեղադրված մեծ էկրանով: Դա թույլ կտա մովատորապես տասը հազար հանդիսատեսի դիտել խաղը, ընդ որում Հանրապետական մարզադաշտը տեղավորում է 15 հազարից ավելի հանդիսատես:
Ռուսաստանի և Հայաստանի ֆուտբոլը. մրցակցություն՝ հանուն բարեկամության
Երկու երկրների հավաքականների հեռանկարները գնահատել են վետերանները: սպորտի վաստակավոր վարպետ, վաստակավոր մարզիչ, Օլիմպիական խաղերի հաղթող Անատոլի Բիշովեցը կարծում է, որ Հայաստանի ֆուտբոլի հավաքականը վերջերս դիմադրողականություն և բնավորություն է ձեռք բերել:
«Հայկական թիմերը միշտ ստեղծագործական մոտեցում են ցուցաբերել, ունեցել են խաղի իրենց ոճը, սակայն այսօր երիտասարդ ֆուտբոլիստների գալուց հետո հավաքականում որոշակի փոփոխություն է տեղի ունեցել, այժմ Հայաստանը երիտասարդության և փորձի միաձուլում է», - ասել է Բիշովեցը «Ռուսաստանի և Հայաստանի ֆուտբոլը. մրցակցություն հանուն բարեկամության» թեմայով Երևան-Մոսկվա տեսակամուրջի ընթացքում:
Միաժամանակ ԽՍՀՄ չեմպիոն և գավաթակիր, Ֆուտբոլի վետերանների միության նախագահ Սերգեյ Պողոսյանը կարծում է, որ Հայաստանի ֆուտբոլի հավաքականն ունի Ռուսաստանի հավաքականին հաղթելու բոլոր հնարավորությունները:
«Հայաստանի թիմն այսօր վերելք է ապրում, այն երիտասարդ է, իմ ունեցած տվյալների համաձայն՝ թիմում տիրում է բավականին բարի և լավ մթնոլորտ, թիմում խաղում է երկու փորձառու ֆուտբոլիստ՝ Ռոման Բերեզովսկին և Սարգիս Հովսեփյանը: Սակայն հայտնվել են նաև տաղանդավոր ֆուտբոլիստներ, դա առաջին հերթին Հենրիխ Մխիթարյանն է, Յուրա Մովսիսյանը և այլ ֆուտբոլիստներ», - ասել է Պողոսյանը:
Հետաքրքիր է նաև Ռուսաստանի հավաքականի ավագ մարզիչ Դիկ Ադվոկատի կարծիքը, ով հայտարարել է, որ հայկական թիմն ագրեսիվ ֆուտբոլ է խաղում:
«Մենք Հայաստանի հավաքականի խաղերի մի քանի տեսագրություն ենք դիտել: Սա կլինի նրանց չորրորդ հանդիպումը սեփական հարկի տակ: Թիմն ագրեսիվ ֆուտբոլ է խաղում, ինչը ենթադրում է, որ մենք ևս պետք է ագրեսիվ խաղ ցուցադրենք: Մենք ցանկանում ենք հաղթել այս մրցապայքարում», - ասել է Ադվոկատը:
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն իր հերթին նշել է, որ հայկական թիմը վերաբերվում է խաղին այն բանի գիտակցմամբ, որ կարող է հաղթել:
«Մենք խաղին վերաբերվում ենք այն բանի գիտակցմամբ, որ կարող ենք հաղթել: Սակայն կարևոր է հաղթել՝ միաժամանակ ցուցադրելով լավ խաղ: Հայկական թիմի համար Ռուսաստանի հավաքականի հետ հանդիպումը աշխարհի վերջը չէ, մենք հանգիստ կվերաբերվենք և հաղթանակին, և պարտությանը: Կվերլուծենք և կշարժվենք առաջ», - ընդգծել է Մինասյանը:
Բուքմեյքերների կանխատեսումները
Համաշխարհային բուքմեյքերական գրասենյակները կարծում են, որ Եվրո-2012-ի ընտրական փուլի Հայաստան-Ռուսաստան հանդիպման ֆավորիտը Ռուսաստանի հավաքականն է:
Այսպես, Williamhill հայտնի բուքմեյքերական գրասենյակն ընդունում է Ռուսաստանի հավաքականի հաղթանակի խաղադրույքները 4/7 (1,57) գործակցով, ոչ-ոքին՝ 13/5 (3,6) գործակցով, Հայաստանի հավաքականի հաղթանակը՝ 6/1 (7) գործակցով:
«Մարաֆոն» ռուսական բուքմեյքերական գրասենյակը փոքր-ինչ քիչ է համոզված ռուսների հաղթանակում: Հայերի հաղթանակի գործակիցը 6,3-է, ոչ-ոքին՝4, իսկ Ռուսաստանի հավաքականի հաղթանակի գործակիցը՝ 1,54:
Հայաստանի խոշորագույն բուքմեյքերական գրասենյակում՝ «Վիվարոյում» ևս այնքան էլ չեն հավատում Հայաստանի հավաքականի հաղթանակին: Նրանք ռուսների հաղթանակը գնահատել են 1,5 գործակցով, ոչ-ոքին՝ 3,65, իսկ Հայաստանի հավաքականի հաղթանակը՝ 7:
«Թող մասնագետները ֆավորիտ համարեն Ռուսաստանին: Վիճակագրությունը, ՖԻՖԱ-ի վարկանիշը նրանց օգտին են, խաղացողների մակարդակը... Սակայն ժամանակակից ֆուտբոլում այս ամենը միշտ չէ, որ հաջողություն է բերում», - կարծում է Մինասյանը:
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզի խոսքերով՝ հաջողությունը կուղեկցի այն թիմին, որը ավելի լատ պատրաստ կլինի գործնական, հոգեբանական տեսակետից և ով ավելի հաջողակ կգտնվի:
«Շատ բան պետք է համընկնի», - հայտարարել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզը:
Հաղթանակի տրամադրվածություն, լիքը տրիբունաներ, դաշտի լավ վիճակ, օդերևութաբանների խոստացած լավ եղանակ. մի՞թե այս ամենը համընկնում չէ ...

