Ռուս փորձագետները դրական են գնահատում Հայաստանի և Ռուսաստանի նախագահների հանդիպման արդյունքները
ԵՐԵՎԱՆ, 1 մարի. /Նովոստի-Արմենիա/. Երկուշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում կազմակերպված «Ռուս-հայկական հարաբերությունները ժամանակակից փուլում» թեմայով Երևան-Մոսկվա տեսակամուրջի ընթացքում Ռուս փորձագետները դրական գնահատեցին փետրվարի 15-ին Սանկտ Պետերբուրգում կայացած՝ Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Դմիտրի Մեդվեդևի հանդիպումը:
«Անձամբ ինձ համար մեր երկրի և Հայաստանի հարաբերություններն այնքան կայուն ու դրական երևույթ են, որ մեր երկրների նախագահների նոր հանդիպումը կարող է ընդամենը մի քանի նոր դրական գծեր ավելացնել այդ ընդհանուր պատկերում»,- ասաց Ռուս դիվանագետների ասոցիացիայի նախագահ, Արտակարգ և Լիազոր դեսպան Վլադիմիր Կազիմիրովը:
Նրա խոսքով՝ ուրախալի է նաև այն փոքր իրողությունը, որը հանդիպման արդյունք է, իսկ ավելի կոնկրետ Հայաստանում 2011 թվականի ընթացքում ռուսական գազի կայուն գնի վերաբերյալ պայմանավորվածությունը, ինչը կարևոր նշանակություն կունենա հանրապետության բնակչության համար:
«Ես կարծում եմ, որ ընտանիքների, տնային տնտեսուհիների համար դա վատ նորություն չէր»,- ասա Կազիմիրովը:
Նրա կարծիքով՝ հանդիպման ընթացքում մեծ տեղ էր հատկացվել նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ տիրող իրավիճակին:
«Երկու նախագահների նման հանդիպումները խիստ անհրաժեշտ են, և լավ է, որ դրանք անցնում են աշխատանքային ռեժիմով, լավ է նաև այն, որ տեղեկությունը դուրս չի գալիս բանակցությունների սրահից, այլապես միանգամից ի հայտ են գալիս մի շարք մարդիկ, որոնք սկսում են յուրովի մեկնաբանել ամեն խոսքն ու արտահայտությունը»,- իր հերթին ասաց Սևծովյան-Կասպյան տարածաշրջանի քաղաքական և սոցիալական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Զախարովը:
Ըստ նրա, ամենալավ նորությունը Ռուսաստանի առաջարկն էր՝ Հայաստանի համար գազի գների սառեցման մասին:
«Դա շատ լավ է նաև հայ գազասպառողների համար»,- ասաց Զախարովը:
Նա հիշեցրեց նաև, որ Սարգսյանի և Մեդվեդևի բանակցություններն անցան Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների՝ մարտի 5-ին նախատեսվող հանդիպումից առաջ:
«Այդ պատճառով էլ մնացած ողջ տեղեկությունը կադրի հետևում մնաց: Ես կարծում եմ, որ դա շատ լավ է: Տեսնենք՝ ինչ կլինի մարտի 5-ից հետո»,- ասաց Զախարովը:
ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի և Կովկասի ուսումնասիրման կենտրոնի գիտաշխատող Անդրեյ Արեշևի կարծիքով՝ հանդիպման տնտեսական աստառը դրական իրադարձություն դարձավ հայ հասարակության համար:
«Գաղտնիք չէ, որ Հայաստանում բավական բարդ սոցիալ-տնտեսական իրավիճակ է: Բայց Ռուսաստանի համար էլ է կարևոր Հայաստանի հետ դրական և բարեկամական հարաբերությունների պահպանումը, որովհետև այս երկիրը, բազում անգամներ ասվել է, որ հարավկովկասյան տարածաշրջանում Ռուսաստանի միակ ռազմավարական, ռազմաքաղաքական դաշնակիցն է»,- ասաց փորձագետը:
Քաղաքականությունից խոսելիս՝ Արեշևը հիշեցրեց, որ Հայաստանը լուրջ խնդիր ունի՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը: Նրա խոսքով՝ իրավիճակը Ղարաբաղում վատանալու լուրջ միտում ունի:
«Այս պայմաններում շատ փորձագետներ խոսում են բանակցային գործընթացի՝ եթե ոչ տապալման, ապա լրջորեն արգելակվելու մասին: Այս համատեքստում մարտի 5-ի հանդիպումը չափազանց կարևոր է, որովհետև այն նպատակ ունի եթե ոչ խթանել բանակցային գործընթացը, որի հակակշիռը կարող է լինել ռազմական գործողությունների վերսկսումը, գոնե կանխել ամենավատ սցենարի ուղղությամբ սահքը»,- ասաց Արեշևը:
Նրա խոսքով՝ մնում է հուսալ, որ կհաստատվի դիրքորոշում, որն ուղղված կլինի հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ երկկողմանի զիջումների ճանապարհով:
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

