Սոչի. օլիմպիական շինարարություն՝ ապագայի հեռանկարով
Խոսելով Սոչիում կառուցվող օլիմպիական օբյեկտների մասին՝ փորձագետները և լրագրողներին հաճախ օգտագործում են այնպիսի մակդիրներ, ինչպիսիք են «բացառիկ» և «աննախադեպ»: Հին ու բարի հանգստավայրը դարձել է հսկայական շինհրապարակ, երկրորդ շնչառություն է ստացել և հնարավորություն` լուծելու կուտակված խնդիրները: Սոչիում իրականացվող օլիմպիական շինարարությունը հեռանկարային բնույթ է կրում, նոր ենթակառուցվածքն ապահովելու է հանգստավայրի կենսագործունեությունը ամբողջ տարին: Այս ամենում համոզվել են «ՌԻԱ Նովոստիի» կողմից կազմակերպված պրես-տուրի շրջանակներում Սոչի այցելած ԱՊՀ և Բալթյան երկրների լրագրողները:
Լեռներից ավելի լավ միայն լեռներն են
Լեռնային կլաստերի մարզական օբյեկտների մեծամասնությունը շահագործման կհանձնվի 2011թ.-ին: Լեռներում կանցկացվեն դահուկավազի, բիաթլոնի, բոբսլեի, ցատկ տրամպլինից, սնոուբորդի և ֆրիսթայլի մրցումները: Լեռնադահուկային կենտրոն տանող ճանապարհն ունի ավելի քան 10 կմ երկարություն: Լեռներում նախատեսվում է նաև կառուցել մեդիագյուղ, օլիմպիական գյուղեր: Ընթանում է հյուրանոցների շինարարություն: Բացի բոբսլեի սահուղուց, լեռնային կլաստերում գտնվող բոլոր օբյեկտները կառուցվում են ներդրողների միջոցների հաշվին:
Բոբսլեի կառուցվող սահուղու վրա կանցկացվեն սահնակասպորտի, բոբսլեի և սկելետոնի մրցումներ: Սահուղին կտեղակայվի Այիբգա լեռնաշղթայի հյուսիսային լանջին՝ «Ալպիկա-Սերվիս» լեռնադահուկային հանգստավայրի տարածքում: Օլիմպիադայից հետո այն կվերածվի մարզական կենտրոնի:
Բիաթլոնի և դահուկային համալիրում կանցկացվեն դահուկային մրցավազքի, դահուկային երկամարտի և բիաթլոնի մրցումներ: Վազքուղիների ընդհանուր երկարությունը կկազմի ավելի քան 15 կիլոմետր: Համալիրը գտնվում է Կրասնայա Պոլյանա գյուղից 6,5-10 կմ դեպի հյուսիս-արևելք՝ Պսեխակո լեռնաշղթայի կատարին և լանջերին:
«Ռոզա Խուտոր» հանգստավայրի տարածքում գտնվող լեռնադահուկային նոր համալիրը կընդունի սրընթաց վայրէջքի, սլալոմի, սրընթաց վայրէջք-սլալոմի, սլալոմ-սուպերգիգանտի և մեծ սլալոմի մրցումների մասնակիցներին: Բացի այդ, «Ռոզա Խուտորում» կառուցվում են սնոուբորդի պուրակ և ֆրիսթայլ-կենտրոն, որտեղ Օլիմպիադայի ժամանակ կանցկացվեն կրոսի, մագուլի, ակրոբատիկայի, հայ-փայփի, զուգահեռ մեծ սլալոմի և սնոուբորդ-քրոսի մրցումները:
Ցատկ տրամպլինից և դահուկային երկամարտի մրցումները կանցկացվեն Այիբգա լեռնաշղթային հյուսիսային լանջին կառուցված տրամպլինների համալիրում: Այս վայրը հատուկ ընտրվել է միջազգային փորձագետների կողմից երկու լեռնաշղթաների միացման վայրում: Տրամպլինները ներդաշնակվում են շրջակա լանդշաֆտի հետ, իսկ մարզիկները պաշտպանված կլինեն կողային քամուց:
Սառցե կղզյակ Սև ծովի ափին
Մերձափնյա կլաստերը տեղակայված է Իմերեթական ցածրավայրի մերձծովյան գոտում: Այն նախատեսված է սառցե մարզաձևերի համար: Մերձափնյա կլաստերում են գտնվելու Օլիմպիական գյուղը, մամուլի կենտրոնն ու հեռուստակենտրոնը:
Օլիմպիական պուրակն ընդգրկում է սպորտային վեց ասպարեզ՝ Սպորտի սառցե պալատ, Չմշկավազքի փակ կենտրոն, Սառցե ասպարեզ կեռլինգի համար, Սառցե Մեծ հրապարակ, Սառցե փոքր ասպարեզ և Կենտրոնական մարզադաշտ, որտեղ կանցկացվի Օլիմպիադայի բացման և փակման արարողությունը։
Ձմեռային օլիմպիական խաղերի համար Օլիմպիական պուրակն առհասարակ բնոորոշ չէ, իսկ այստեղ սառցե հարթակները կողք կողքի են, և, բացի այդ, դրանք շատ մոտ են դասավորված:
Բացի այդ, չմշկային փակ կենտրոնը Օլիմպիադայինց հետո կօգտագործվի որպես ցուցահանդեսային համալիր:
Ինչու՞ Դավոս, եթե կա Սոչին
Օլիմպիական խաղերը ազդակ կդառնան Սոչի նկատմամբ զբոսաշրջիկների հետաքրքրության բարձրացման համար, համոզված են քաղաքի բնակիչները: Սև ծովը, լեռնադահուկային հանգստավայրերը և բոլորին հայտնի բնական բուժիչ գործոնները, որոնցով հայտնի է Սոչին որպես խոշորագույն առողջարան, կառուցվող գերժամանակակից ենթակառուցվածքների, հյուրանոցների, տրանսպորտային բարդ հանգույցների, հանգուցալուծումների, իրենց բարդությամբ աննախադեպ ավտոմոբոլիային և երկաթուղային համատեղված ճանապարհների ֆոնի ներքո, քաղաքը դարձնում են գրավիչ և հարմարավետ տարվա ցանկացած ժամանակ:
Արդեն այսօր բազմաթիվ զբոսաշրջիկներ հրաժարվում են հանգստանալ եվրոպական երկրներում՝ նախընտրելով այցելել սևծովյան հանգստավայր, որը ավելի մատչելի գներով առաջարկում է ոչ պակաս գրավիչ պայմաններ:
Օլիմպիադան ազդակ հաղորդեց նաև լեգենդար հանգստավայրի սոցիալական զարգացմանը: Կառուցվում են նոր դպրոցներ, մանկապարտեզներ, ժամանակակից բուժկենտրոններ, ջրամատակարարման և ջրահեռացման համակարգեր, մաքրիչ կառույցներ, թափոնների վերամշակման համալիրներ:
Աննախադեպ կարճ ժամանակահատվածում գրեթե ամբողջովին փոխվում է քաղաքի կոմունալ, ինժեներական և տրանսպորտային ենթակառուցվածքը, լուծվում է էներգիայի և բնական գազի դեֆիցիտի առանցքային խնդիրը, իրագործվում են այնպիսի նախագծեր, ինչպիսիք են «Ջուբգա-Լազարևսկոյե-Սոչի» գազատարի կառուցումը, 19 էլեկտրակայանների, չորս ՋԷԿ-երի, մեկ ՀԷԿ-ի և բաշխիչ էլեկտրացանցերի փոփոխությամբ մեկ ՋԷԿ-ի կառուցման նախագծերը:
«Սոչին Ռուսաստանի գլխավոր հանգստավայրն է, այդ պատճառով այն պետք է լինի ամենաբարեկարգն ու անվտանգը, հյուրընկալն ու հարմարավետը բնակություն հաստատելու և բիզնես գործունեություն ծավալելու համար», - կարծում է Սոչիի քաղաքապետ Անատոլի Պախոմովը:
Գագիկ Բաղդասարյան, ԱՄԻ «Նովոստի-Արմենիա», Երևան-Սոչի-Երևան

