Հայկական բանակի օրն ու ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումը. նախորդ շաբաթը Հայաստանում
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Նախորդ շաբաթ անկախ Հայաստանի Հանրապետության բանակը նշեց իր կազմավորման 19-ամյակը: Պատերազմի տարիներին ծնված բանակն անկայուն խաղաղության պայմաններում մինչ օրս պաշտպանում է հայ ժողովրդին թշնամու ոտնձգություններից և պահում է իր մարտական հոգին:
«Ուսադիր կրելն ու Հայրենիքին ծառայելն իսկական տղամարդու գործ է, իսկ ուսադիր կրելն ու Հայրենիքին լավ ծառայելը` շատ պատվաբեր», - Բանակի օրվա առթիվ զինծայառողների պարգևատրման արարողության ընթացքում ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
«Խորապես արդարացված է հայկական բանակի նկատմամբ մեր ժողովրդի հավատն ու հարգանքը, քանի որ հայկական բանակում ծառայում են բազմաթիվ մարդիկ, ովքեր իրենց նվիրել են մեր հայրենիքին», - ասել է նախագահը՝ շնորհավորելով պարգևատրվողներին:
Պարգևատրման արարողությունից հետո ՀՀ նախագահը աննախադեպ քայլ կատարեց՝ մոտեցավ և զրուցեց բանակում զոհված զինծառայողների ծնողների հետ, ովքեր բողոքի ակցիա էին անցկացնում ՀՀ նախագահի նստավայրի առջև: Զոհված զինծառայողների ծնողները բացականչում էին՝ պահանջելով բացահայտել պարտադիր զինծառայության զորակոչված իրենց որդիների մահվան դեպքերի պատճառները:
«Ես այս ամենը լսում եմ արդեն 20 տարի, այնպես որ փորձեք հանգիստ բացատրել ձեր պահանջները: Նշանակվել է զինվորական նոր դատախազ, որը ժամը 16:00-ին կգա այստեղ: Եթե ցանկանում եք, սպասեք այստեղ, նա կկանչի ձեզ, կլսի և կներկայացնի իր մոտեցումները: Այս գործերի բոլոր հանգամանքների բացահայտման գործում ամենաշահագրգռված մարդը ես եմ», - ասել է նախագահը բողոքող ծնողների հետ զրուցելիս:
ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումը
Նախորդ շաբաթ քաղաքական կյանքի կենտրոնում կրկին ղարաբաղյան հակամարտության գործընթացն էր: Երկուշաբթի Մոսկվայում տեղի ունեցավ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի, Սերգեյ Լավրովի և Էլմար Մամեդյարովի հերթական հանդիպումը, որի օրակարգում ղարաբաղյան հակամարտության կարգավորումն էր:
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը: Եռակողմ հանդիպման արդյունքները» թեմայով կազմակերպված Երևան-Մոսկվա տեսակամուրջի մասնակիցները մանրամասն քննարկեցին հակամարտության կարգավորման գործընթացը՝ հերթական անգամ ընդգծելով, որ խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի:
Ռուս փորձագետ, Քաղաքական կոնյունկտուրայի կենտրոնի գլխավոր տնօրեն Սերգեյ Միխեևը կարծում է, որ ղարաբաղյան խնդիրը չպետք է ռազմական լուծում ունենա, քանի որ դա կհանգենցի աղետի:
«Իմ կարծիքով՝ կայծակնային, այս խնդրի կարծեցյալ հնարավոր ռազմական լուծմանը կողմերին մղելու, նրանց բորբոքելու փորձերը, այս լուծման օգտին որևէ փաստարկի ներկայացման փորձերն աղետի կհանգեցնեն», - ասաց Միխեևը
Ռուսաստանցի դիվանագետների ասոցիացիայի նախագահի առաջին տեղակալ, Արտակարգ և լիազոր դեսպան, ԵԱՀԿ ՄԽ նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովն ընդգծեց, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը դանդաղ և քմահաճ է առաջ ընթանում:
«Դանդաղ, չափազանց դանդաղ է ընթանում, միլիմետրերով քմահաճ առաջընթաց, ես դրանում խորապես համոզված եմ։ Իհարկե, մեզ դա չի գոհացնում, մենք կցանկանայինք արագ և արդար (թեև ամեն մեկը յուրովի է արդարությունը հասկանում) որոշում։ Բայց դա անհնար է, սա այն գործընթացն ու այն հակամարտությունն է, որն անխուսափելիորեն մեծ համբերություն և ոչ քիչ ժամանակ է պահանջում կարգավորման համար»,- նշեց Կազիմիրովը։
«Հազվադեպ հակամարտություն է այնքան ստով խեղաթյուրված, որքան ղարաբաղյանը։ Ես աշխատել եմ Աֆրիկայում և Լատինական Ամերիկայում, բայց նման ճահիճ, ստի առատություն ոչ մի այլ հակամարտությունում չկա։ Ես քաղաքագետներին կառաջարկեի մի համաժողով անցկացնել, թե ինչպես պայքարել հակամարտության մեջ առկա ստի դեմ թեմայով»,- ասաց Կազիմիրովը։
Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը կարծում է, որ Ղարաբաղյան խնդիրը կողմերի միջև հավասարակշռության և անվստահության խնդիր է:
«Դա «մեկ երկիր՝ երկու ժողովուրդ» խնդիրն է, դա անկարողության և միմյանց հետ փոխզիջման գնալու ցանկության բացակայությունն է»,- ասաց նա։ Միաժամանակ Իսկանդարյանը նշեց, որ դա բոլորովին չի նշանակում, որ պետք չէ գիտակժողովներ անցկացնել և ուսումնասիրել իրավիճակը, և ընդգծեց, որ ամենաշատը պարզ որոշումներից է վախենում։
Նախագահը շեշտադրումներ է արել
ՀՀ նախագահը հարցազրույց է տվել «Էխո Մոսկվի» ռադիոկայանին, որում անդրադարձել է Հայաստանի արտաքին քաղաքականության կարևորագույն թեմաներին:
ՀՀ նախագահը մասնավորապես անդրադարձել է ղարաբաղյան հակամարտությանն ու հայ-թուրքական հարաբերություններին: «Ադրբեջանը պարզապես չի ցանկանում բանակցություններ վարել Լեռնային Ղարաբաղի հետ, և Հայաստանն է վարում բանակցությունները, քանի որ այլ ելք չկա», - հայտարարել է Սարգսյանը:
«Սակայն դա չի նշանակում, որ Լեռնային Ղարաբաղը չի մասնակցում բանակցային գործընթացին: Քանի որ ամեն անգամ տարածաշրջան այցելելիս համանախագահներն այցելում են Լեռնային Ղարաբաղ, հանդիպում Ղարաբաղի ղեկավարության հետ», - ասել է նա:
Նախագահը նշել է, որ հարկավոր է հասկանալ, որ ցանկացած որոշում պետք է երկարատև խաղաղության հանգեցնի: «Եվ դրա պատճառով փոխզիջումներ են հարկավոր: Իհարկե, հարկավոր են նաև այն բանի երաշխիքները, որ երկարատև խաղաղությունն իրականում կհաստատվի: Այլ ոչ թե ադրբեջանցիների ձևով, ովքեր ասում են՝ թող Ղարաբաղը վերադարձնի ամեն ինչ, հետո կխոսենք Ղարաբաղի ճակատագրի մասին: Այդպես չի լինում», - ասել է նախագահը:
Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններին, ապա նախագահը նշել է, որ հայկական կողմը պատրաստ չէ փոփոխություններ մտցնել հայ-թուրքական արձանագրություններում: Նրա խոսքերով՝ հայ-թուրքական գործընթացի շարունակությունը միայն այն դեպքում է հնարավոր, եթե թուրքերն առանց որևէ նախապայմանների վավերացնեն այդ արձանագրությունները։
«Քանի որ նրանք միջազգային պարտավորություններ ունեն, ստորագրված համաձայնագրերը պետք է վավերացվեն և իրագործվեն։ Մենք պատրաստ չենք նոր բանակցությունների կամ ինչ-ինչ փոփոխությունների այդ արձանագրություններում։ Այսինքն, ուզում եմ ասել, որ պատրաստ չենք միակողմանի կարգով։ Եթե թուրքերն ինչ-որ բան փորձեն մտցնել այնտեղ, բնականաբար, մենք նույնպես կփորձենք», - ասել է Սարգսյանը:-0-

