«Բարև, բարև ձեզ, ես եմ». «Կինոաշունը» Հայաստանում
«Բարև, բարև ձեզ, ես եմ», հենց այսպես կինոէկրանը ողջունեց հայ հանդիսատեսին այդ երեկո՝ հոկտեմբերի 11-ին, երբ Հայաստանի ազգային կինոկենտրոնը տվեց կինեմատոգրաֆիական առաջին միամսյակի կամ պարզապես «Կինոաշունի» մեկնարկը: Նոյեմբերի 10-ին այս նույն խոսքերով էլ ավարտվեց միամսյակը: Էկրանը կենդանացավ, խոսեց հանդիսատեսի հետ՝ տանելով անցյալ՝ 20-ական թվականների սկիզբ, երբ հայտնվեցին առաջին հայկական ժապավենները: Դա նոստալգիկ լեզու էր՝ լի պայծառ թախիծով, ինչպիսին և պետք է լինի իսկական աշունը:
Վերածննդի հույս. առաջիկայի ծրագրեր
«Կինոաշունի» շրջանակներում Հայաստանում տարբեր ժամանակների շուրջ 100 հայրենական ֆիլմեր ցուցադրվեցին՝ սկսած 1925 թ.-ին հայկական կինոյի հիմնադիր Համո Բեկնազարյանի նկարահանած «Նամուս» ֆիլմից և վերջացրած ժամանակակից տաղանդավոր ռեժիսորներ Ալբերտ Մկրտչյանի, Հարություն Խաչատրյանի, Էդգար Բաղդասարյանի, Վիգեն Չալդրանյանի, Սուրեն Բաբայանի ֆիլմերով:
Ինչպես նշեց Հայաստանի ազգային կինոկենտրենի տնօրեն Գևորգ Գևորգյանը, միամսյակի կազմակերպիչներին հաջողվեց հասնել հիմնական նպատակին՝ վերադարձնել հայկական կինոն հանդիսատեսին: Նրա խոսքերով՝ օր չկար, երբ ֆիլմերի դիտումների ժամանակ դահլիճում քիչ հանդիսատես լիներ:
Գևորգյանը նշեց, որ կինոկենտրոնին հաջողվեց հասնել ավելիին՝ նոր ֆիլմերի ցուցադրություններ կազմակերպել Գեղարքունիքի, Շիրակի, Կոտայքի, Արմավիրի մարզերում և 12 զորամասերում:
Ազգային կինոկենտրոնի ղեկավարն ընդգծեց, որ 2011 թ.-ին ծրագրվում է հայկական ֆիլմեր ցուցադրել երկրի բոլոր տասը մարզերում:
Միաժամանակ Գևորգյանը նշեց, որ հաջորդ տարի նախատեսվում է բացել Հայ կինոգործիչների համաժողով, որի բազայի հիման վրա կարելի կլինի հայ կինեմատոգրաֆիստների բանկ ստեղծել:
«Կինոաշունի» առաջին պտուղները. գրախոսականների մրցույթի արդյունքները
Միամսյակի շրջանակներում կինոդիտումներից բացի անցկացվել է նաև հայկական ժամանակակից ֆիլմերի գրախոսականների մրցույթ: Մրցույթին հիմնականում մասնակցել են լրագրողներ ու Երևանի պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի և Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողները:
Ինչպես «Կինոաշունի» բացման հանդիսավոր արարողության ժամանակ հայտարարեց կինոգետ Դավիթ Մուրադյանը, մրցույթին 14 հեղինակների 17 աշխատանք է ներկայացվել:
Սակայն նրանցից ոչ մեկը չի արժանացել առաջին տեղի և 100 հազար դրամ (շուրջ 300 ԱՄՆ դոլար) մրցանակի: Երկրորդ տեղը կիսել են Լիանա Ստեփանյանը, Գայանե Մկրտչյանն ու Րաֆֆի Մովսիսյանը, որոնց 75 հազարական դրամ (ավելի քան 200 դոլար) գումար հանձնվեց: Երրորդ տեղին արժանացան Սուրեն Ստեփանյանը, Արթուր Վարդիկյանն ու Գայանե Առաքելյանը, ովքեր 50 հազարական դրամ (շուրջ 140 դոլար) գումար ստացան:
Մրցույթի մյուս ութ մասնակիցներին հանձնվեցին դիպլոմներ:
Մուրադյանը նշեց, որ գրախոսականների մրցույթը կոչված էր զարգացնել կինեմատոգրաֆի վերլուծական միտքը, քանի որ այն մշտական շրջանառության և գաղափարների փոխանակման կարիք ունի:
Բացի այդ, այս ամենը ապացուցում է, որ Հայաստանում կարող է և պետք է կինոքննադատություն լինի՝ հակառակ դրա բացակայության մասին հնչող հոռետեսական ձայներին:
Հոբելյարների փառահեղ համաստեղություն
«Կինոաշունի» շրջանակներում պատվել են մեծանուն հայ հոբելյար-կինոգործիչներին, մասնավորապես նշվել է ռեժիսոր, սցենարիստ և դերասան Հենրիկ Մարգարյանի և Հենրիկ Մալյանի 85-ամյակը, թատրոնի և կինոյի դերասան Մհեր Մկրտչյանի և կինոռեժիսոր Լևոն Աթոյանցի 80-ամյակը, կինոօպերատոր Ալբերտ Յավուրյանի 75-ամյակը, Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ, ռեժիսոր Ռուբեն Գևորգյանցի 65-ամյակը, ռեժիսորներ Սուրեն Բաբայանի և Գայանե Մարտիրոսյանի 60-ամյակը:
Փառահեղ համաստեղությունն արժանացավ Հայաստանի ազգային կինոկենտրոնի պատվո մրցանակների: Հոբելյարներից չորսը՝ Մհեր Մկրտչյանը, Ալբերտ Յավուրյանը, Ռոբերտ Սահակյանցն ու Հենրիկ Մալյանն արժանացան մրցանակների հետմահու:
«Մենք նշեցինք ութ հոբելյան, և նրանցից յուրաքանչյուրն առանձնահատուկ էր», - ասաց Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանցը՝ հանձնելով մրցանակները հոբելյարներին և նրանց մտերիմներին:
Միամսյակի եզրափակիչ մասում կինոէկրանը լուսավորվեց մեծանուն և անմոռանալի գործիչների վառ խճանկարով՝ Մհեր Մկրտչյան, Ֆրունզե Դովլաթյան, Համո Բեկնազարյան, Էդմոնդ Քյոսայան, Հենրիկ Մալյան, Սերգեյ Փարաջանով և շատ այլ ուրիշներ, որոնք արդեն պայծառ և ինքնատիպ հայկական կինոյի պատմության սեփականությունն են:
Հարկավոր է ազնվորեն խոստովանել, որ հայկական կինոն այսօր այնքան էլ լավ ժամանակներ չի ապրում: Սակայն քանի դեռ հիշողության մեջ ապրում են հռչակավոր վարպետների՝ Մհեր Մկրտչյանի, Ֆրունզե Դովլաթյանի, Համո Բեկնազարյանի, Էդմոնդ Քյոսայանի, Հենրիկ Մալյանի, Սերգեյ Փարաջանովի անունները, և քանի դեռ երիտասարդ ռեժիսորներն ուսումնասիրում են նրանց ստեղծագործությունները, ազգային ինքնատիպ կինոյի վերածննդի և զարգացման հույս կա:
Հանարավոր է՝ իր աշակերտներին մրցանակներ հանձնելիս Սուրեն Բաբայանը զուր չի ասել. «Ես կապրեմ այնքան երկար, որպեսզի տեսնեմ, թե ինչպես եք դուք այն հանձնում հաջորդ սերունդներին»:-0-

