Հայ-ադրբեջանական փոխանակումները և նախարարություններին ուղղված ջախջախիչ քննադատությունը. շաբաթը Հայաստանում
Նախորդ շաբաթվա կարևոր իրադարձությունը դարձավ պաշտոնական Բաքվի կողմից Հայաստանին Ադրբեջանի գերության մեջ զոհված հայ հովվի՝ Մանվել Սարիբեկյանի մարմնի հանձնումը՝ նախորդ տարվա դեկտեմբերին հայ-ադրբեջանական սահմանը հատած Ադրբեջանի քաղաքացի Հելդար Տագիևի փոխարեն: Փոխանակումը տեղի ունեցավ Կարմիր Խաչի Միջազգային Կազմակերպության միջնորդությամբ:
Փոխանակման գործընթացը տեղի ունեցավ հայ-ադրբեջանական շփման գծի հյուսիս-արևելքում գտնվող Իջևան-Քասախ ճանապարհահատվածի վրա և իրականացվեց ի կատարումն 2010 թ.-ի հոկտեմբերի 27-ին Աստրախանում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների միջև ստորագրված համաձայնագրի:
Ինչպես նշել էր ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը, ՀՀ պաշտպանության նախարարությունը կատարեց ռազմագերիների փոխանակման շուրջ Աստրախանում ձեռք բերված պայմանավորվածությունները և ակնկալում է, որ Ադրբեջանը ևս նման վճռականություն կդրսևորի և մոտ ժամանակներում կվերադարձնի գերի ընկած ՀՀ քաղաքացիներին:
Միաժամանակ Կարապետյանն ընդգծել էր, որ Հայաստանի տարածքում ադրբեջանցի ռազմագերիներ չկան, սակայն Լեռնային Ղարաբաղի Հազարապետության սահմանը հատած և դիվերսիոն գործողություններ իրականացրած երկու ադրբեջանցիները գտնվում են Ղարաբաղի տարածքում, և նրանց վերադարձնելու հարցը Ղարաբաղի իշխանությունների լիազորությունների մեջ է մտնում:
ՀՀ ՊՆ-ի տվյալների համաձայն, այս պահին Ադրբեջանում գերության մեջ է գտնվում վեց հայ զինծառայող և մեկ ընտանիք:
Կարապետյանը տեղեկացրել էր նաև, որ մեկ ամիս առաջ ադրբեջանական գերության մեջ զոհված հայ հովիվ Մանվել Սարիբեկյանի մարմինը կենթարկվի դատաբժշկական փորձաքննության, որի արդյունքները կներկայացվեն հասարակությանը առավելագույնս կարճ ժամկետներում:
Ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդագրության համաձայն, սեպտեմբերի 11-ին գերի վերցված Մանվել Սարիբեկյանն իբր կախվել էր հոկտեմբերի 5-ին։ Ավելի վաղ ադրբեջանական ԶԼՄ-ները տեղեկատվություն էին տարածել, որում փորձել են մոլորված հայ հովվին որպես «դիվերսիոն խմբի անդամ» ներկայացնել: Երևանում գերիների հետ Բաքվի իշխանությունների վերաբերմունքը համեմատել են ահաբեկչական կազմակերպությունների աշխատանքի մեթոդների հետ:
Իսկ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) հաստատում է հավատարմությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև ռազմագերիների և զոհվածների փոխանակման գործընթացին: Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ԿԽՄԿ գործողությունների ղեկավար Պասկալ Մեժ Վագները ողջունել է 2010 թվականի հոկտեմբերին Աստրախանում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունը ռազմագերիներին և զոհվածների աճյունները փոխանակելու վերաբերյալ:
«Մենք ցանկանում ենք հաստատել չեզոք միջնորդ հանդիսացող մեր կազմակերպության պատրաստակամությունը հայրենադարձումներ իրականացնելու գործում: Սակայն հարկ եմ համարում նշել, որ ԿԽՄԿ-ն հայրենադարձում է ազատ արձակված գերիներին միայն համոզվելուց հետո, որ նրանք վերադառնում են հայրենիք իրենց հոժար կամքով», - ասել է Վագները:
Ջախջախիչ քննադատություն
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նախորդ շաբաթ այցելել է Բագրատաշենի մաքսակետ, որտեղ հատուկ խորհրդակցություն է անցկացրել: ՀՀ նախագահը փաստել է, որ Հայաստանում հարկերի հավաքագրման մակարդակը դանդաղ, բայց աճում է: ՀՀ նախագահը ընդգծել է, որ պետության գլխավոր նպատակը պետք է լինի` առավելագույնս բարելավել հարկահավաքման գործընթացը և ունենալ նվազագույն քանակի բողոքներ:
Սարգսյանի խոսքերով՝ տևական ժամանակ կատարված աշխատանքը` և՛ անցյալ տարի, և՛ այս տարի, իհարկե, հնարավորություն է տվել ազդել մի կողմից երկրի մակրոտնտեսական ցուցանիշների վրա, մյուս կողմից, որ ամենակարևորն է` ֆինանսավորել մեր զինված ուժերը, վճարել թոշակները, աշխատավարձերը, լուծել սոցիալական խնդիրներ:
Հարկահավաքությունը համարելով ծանր ու դժվարին աշխատանք՝ ՀՀ նախագահը, այնուամենայնիվ, ընդգծել է, որ առաջին հերթին հարկային և մաքսային ծառայության ղեկավարների խնդիրը պետք է լինի հենց օբյեկտիվ դժգոհությունները տարբերակել սուբյեկտիվից, սատար կանգնել բոլոր ազնիվ աշխատողներին, պարտաճանաչ ծառայողներին, մյուս կողմից էլ` զսպել բոլոր նրանց, ովքեր անընդունելի մոտեցումներով փորձում են, այսպես կոչված` պլան կատարել, հարկ հավաքել:
«Մենք պետք է կարողանանք ձեր օգնությամբ կատարել մեր ամենակարևոր խնդիրներից մեկը` Հայաստանի Հանրապետությունում գործարար միջավայրի բարելավումը: Պետք է կարողանանք թեթևացնել հարկային վարչարարության բեռը: Խոսքը հարկատեսակների, մաքսավճարների նվազեցման մասին չէ, այլ` հենց վարչարարության բեռի նվազեցման», - նշել է Սարգսյանը:
Նրա խոսքերով՝ միջազգային բազմաթիվ կառույցներ ուսումնասիրություններ են անցկացնում Հայաստանում, և փորձագետների տվյալներով, Հայաստանի միջին գործարարը իր հարկային պարտականությունները կատարելու համար ծախսում է տարեկան 985 ժամ: Դա շուրջ 123 աշխատանքային օր է: Սա չափազանց բարձր ցուցանիշ է: Նախագահը նշել է բարեփոխումների իրականացման կարևորությունը, որպեսզի մարդիկ իրենց վրա զգան այդ աշխատանքի արդյունքները:
Հինգշաբթի ՀՀ կառավարության նիստի ժամանակ շարունակելով բարեփոխումների թեման՝ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը բավականին կտրուկ կերպով մի շարք նախարարություններում պահանջել է կադրային լուրջ փոփոխություններ: Տասնօրյա ժամկետում փոփոխությունների և կադրային վերադասավորությունների մասին իրենց առաջարկները ներկայացնել պարտավոր գերատեսչությունների թվում են գյուղատնտեսության, ֆինանսների, առողջապահության, կրթության և գիտություններ նախարարությունները:
«Եթե մենք ինքներս լռենք մեր խնդիրների մասին, ապա դրանք երբեք չեն լուծվի: Մենք պետք է ազնիվ լինենք մեր ժողովրդի առջև, քանի որ դա մեր խնդիրների լուծման երաշխիքն է: Մյուս կողմից կյանքը շարունակվում է, և մենք շատ նվաճումներ ունենք», - ասել է Սարգսյանը:
Միջազգային համագործակցություն
Նախորդ շաբաթ ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն այցելել է Լեհաստան, որտեղ հանդիպել է Լեհաստանի նախագահի և գործընկերոջ հետ: Հայաստանն ու Լեհաստանը անվտանգության հարցերում համագործակցության հուշագիր են ստորագրել, պայմանավորվել են պաշտպանության և ոստիկանության ոլորտներում համագործակցելու մասին: Լեհաստանի ազգային անվտանգության բյուրոյի ղեկավար Ստանիսլավ Կոզեի հետ հանդիպման ժամանակ կողմերը հայտարարել են ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտության մասին:
Բաղդասարյանն ու Կոզեյը քննարկել են նաև հայ-լեհական համագործակցության հետագա զարգացման հնարավորությունները, կարևորել են երկխոսությունը տարածաշրջանային և միջազգային անվտանգության ապահովման գործում՝ ընդգծելով գոյություն ունեցող տարաձայնությունները բանակցությունների միջոցով լուծելու անհրաժեշտությունը: Կողմերը ընդգծել են, որ Հայաստանի ազգային անվտանգության խորհուրդն ու Լեհաստանի ազգային անվտանգության բյուրոն կհամագործակցեն միջազգային և տարածաշրջանային անվտանգության ուղղությամբ՝ ընդլայնելով համագործակցությունը միջազգային կազմակերպությունների շրջանակներում:
Բաղդասարյանի և Լեհաստանի ներքին գործերի նախարար Ադամ Ռապացկու միջև տեղի ունեցած հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել մի շարք ուղղություններով երկու երկրների ոստիկանությունների միջև համագործակցության մասին, ինչի արդյունքում մոտ ժամանակներում Հայաստանի Ոստիկանության և Լեհաստանի Ներքին գործերի նախարարության միջև համագործակցության համաձայնագիր կստորագրվի:
Այս կապակցությամբ Լեհաստանի ՆԳՆ պատվիրակությունը կայցելի Հայաստան՝ ոստիկանությունում իրագործվող լայնամասշտաբ բարեփոխումների և համատեղ ծրագրերի իրագործման հնարավորությունների հետ ծանոթանալու համար:
Բաղդասարյանի և Լեհաստանի պաշտպանության նախարար Բոգդան Կլիխի միջև տեղի ունեցած հանդիպման ժամանակ քննարկվել են պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերը: Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ լեհական կողմն աջակցություն կցուցաբերի պաշտպանության ոլորտում Հայաստանում իրագործվող բարեփոխումներին ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի հետ համագործակցության շրջանակներում: Նախատեսված են հայ և լեհ փորձագետների և պաշտպանության ոլորտում բարեփոխման հարցերով զբաղվող պաշտոնատար անձանց փոխայցելությունները: Կողմերը պայմանավորվել են նաև համագործակցության մասին ռազմաարդյունաբերական ոլորտում:
ՀՀ ԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի և Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու միջև տեղի ունեցած հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել 2011 թ.-ին Կոմորովսկու Հայաստան կայանալիք պաշտոնական այցի մասին: Հանդիպման ընթացքում Արթուր Բաղդասարյանը շնորհակալություն է հայտնել Լեհաստանի նախագահին` Հայոց ցեղասպանությունը ճանաչելու, ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում հավասարակշռված դիրքորոշում ցուցաբերելու համար:-0-

