Աստրախանյան կոնսիլիում. ադրբեջանաղարաբաղյան հակամարտության կարգավորման արհեստական շնչառության համակարգը չի անջատվել
Հոկտեմբերի 27-ին Աստրախանում տեղի ունեցած Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի Դաշնության նախագահների հանդիպումն արդեն որոշակի իրարանցում է առաջացրել, հատկապես ՌԴ նախագահ Մեդվեդևի հայտարարությունից հետո այն մասին, որ «... մենք որոշակի ճանապարհ ենք անցել, որը հիմք է տալիս հուսալ, որ այն դեպքում, եթե կողմերը լավ աշխատեն առաջիկա ամսում՝ իսկ նման հանձնարարական մենք մեր արտգործնախարարներին կտանք, ապա դեկտեմբերի 1-2-ը Ղազախստանում ԵԱՀԿ գագաթնաժողովի անցկացմանը մենք կկարողանանք կարգավորման ընդհանուր սկզբունքների համաձայնեցված տարբերակ ունենալ»։
Սակայն հարկավոր է մի կողմ թողնել հուզական բաղադրիչները և ավելի սթափ ու սառնասրտորեն վերլուծել որևէ առաջընթացի ձեռքբերման հնարավորությունները: Այնուամենայնիվ, նախքան այս կանխատեսման քաղաքական կողմին անցնելը հարկավոր է նշել, որ Աստրախանի հանդիպումը, այդուհանդերձ, դրական տեղաշարժեր է գրանցել: Մասնավորապես, խոսքն այն մասին է, որ կողմերը պայմանավորվել են ռազմագերիների փոխանակում իրականացնել: Այս պահին հենց սա կարելի է հանդիպման հիմնական արդյունք համարել: Չնայած բացառված չէ, որ Ադրբեջանը կրկին չի կատարի ստանձնած պարտավորությունները:
Ինչ վերաբերում է կարգավորման ընդհանուր սկզբունքների հնարավոր համաձայնեցված տարբերակի ի հայտ գալուն, ապա այստեղ հարկավոր է երեք հիմնական պահ նշել: Առաջին հերթին, եթե նույնիսկ նման փաստաթուղթ հայտնվի, ապա նրանում կարտացոլվեն այնպիսի հիմնարար սկզբունքներ, ինչպիսիք են հակամարտության խաղաղ կարգավորումը, ազգերի ինքնորոշման, տարածքային ամբողջականության իրավունքը և այլն: Այստեղ դժվար թե խոսքը որևէ կոնկրետ սցենարների մասին լինի: Երկրորդը, Մեդվեդևն իր խոսքում օգտագործեց «կարող էինք» կախարդական բառը: Նման ձևակերպումն այստեղ շատ բանի մասին է խոսում: Այո, կարող էինք, բայց...
Եվ երրորդը, Աստրախանի բանակցությունների էության մասին ավելի հստակ պատկերացում կազմելու համար անհրաժեշտ է ներկայացնել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ վերջին միտումների ընդհանուր պատկերը: Այստեղ ակնհայտ է, որ կարգավորման՝ առանց այն էլ լեթարգիական վիճակում գտնվող գործընթացը դեպի կոլապս է թեքվել: Այդ ամենը թույլ չտալու նպատակով տարբեր տեսակի մեթոդների են դիմում: Ամենքի համար հասկանալի է, կողմերը տրամագծորեն հակադիր մոտեցումներ ունեն հակամարտության կարգավորման նկատմամբ, որոնք բացարձակապես չեն փոխվել վերջին 20 տարվա ընթացքում:
Եթե այդ մոտեցումները չեն փոխվել այսքան երկար ժամանակատվածում, ապա չափազանց վաղաժամ է դեկտեմբերի սկզբին հրաշքի սպասել: Սակայն բոլորը շահագրգռված են պահպանել ստատուս-քվոն, ինչն այս իրավիճակում առավել ընդունելի տարբերակն է: Իսկ դա կարելի է անել միայն գործընթացը շարունակելու միջոցով: Չէ՞ որ գործընթացը կարելի է շարունակել՝ նրան որևէ ազդակ հաղորդելով, այսինքն պատկերավոր ասած՝ չանջատել լեթարգիական վիճակում գտնվող գործընթացի արհեստական շնչառության համակարգը:
Այսօրվա դրությամբ այս ամենը կատարելու համար առավել նպատակահարմար մեխանիզմ է հռչակագրային բնույթ ունեցող «դեղամիջոցների» ներարկումը, որոնք ոմանց հույս կներշչեն և ինչ-որ տեղ իրարանցում կստեղծեն: Դրանից ստացված ազդակը պետք է որոշ ժամանակ պահի գործընթացը: Այսպես արվել է պարբերաբար, և Աստրախանում պարզապես դիմեցին արդեն փորձված և արդյունավետություն ցույց տված միջոցին:
Դավիթ Բաբայան, քաղաքագետ
Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության կարծիքի հետ

