Հայոց ցեղասպանությունը կարող է դիտարկվել որպես ճնշման լծակ Թուրքիայի վրա. փորձագետ
Հայոց ցեղասպանության ճանաչումը կարող է ԱՄՆ-ի կողմից Թուրքիայի վրա որպես ճնշման լծակ դիտարկվել, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց Կովկասի ինստիտուտի տնօրեն, հայ քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը՝ մեկնաբանելով «Hurriyet Daily News» թերթում հրապարակված հոդվածը:
«Hurriyet Daily News» թերթն օրերս տեղեկացրել էր, որ ԱՄՆ-ն կճանաչի հայոց ցեղասպանությունը, եթե Թուրքիան չհամաձայնի սեփական տարածքում հակահրթիռային պաշտպանության համակարգեր տեղադրել: Ըստ թերթի, Վաշիգտոնն Անկարայի առջև պայման է դրել Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորումը: Թերթի կարծիքով, Վաշինգտոնի մտադրությունները չափազանց լուրջ են, և Անկարան ստիպված կլինի առաջիկայում լուծումներ գտնել այդ հարցերի շուրջ:
«Այժմ ԱՄՆ-ում որոշակի սիմպոզիում է անցկացվում, որն անցկացվում է ամեն տարի 29 տարի շարունակ: Դա ամերիկյան և թուրքական շրջանակների և զինվորական, գործարար, կառավարական վերնախավերի ներկայացուցիչների սիմպոզիում է, որտեղ քննարկվում են թուրք-ամերիկյան փոխհարաբերությունները: Ես կարող եմ հավատալ, որ ցեղասպանության ճանաչման հարցը քննարկվել է այս համատեքստում, դա բավականին իրատեսական է»,- ասաց Իսկանդարյանը:
Միաժամանակ քաղաքագետը կասկած հայտնեց, թե ԱՄՆ-ն կարողացել է կանգնեցնել Թուրքիային այդպիսի կոշտ ընտրության առջև:
«Այդքան կոպիտ ամերիկյան քաղաքականությունը սովորաբար չի աշխատում, բայց այն, որ դա ասվել է, բավական իրատեսական է»,- ասաց քաղաքագետը:
Իսկանդարյանը նշեց, որ այս տարի սիմպոզիումը պետք է անցկացվեր գարնանը, սակայն հետաձգվել է ցեղասպանության ճանաչման մասին հարցի պատճառով:
«ՀՀՊ հարցը վաղուց է քննարկում, արդեն ոչ առաջին տարին: Թուրքիան դիմադրում է՝ նա չի ցանկանում իր տարածքում ՀՀՊ տեղակայել, և հասկանալի է ինչու: Նրանց քաղաքական ուղղությունն այսօր այլ է, նրանք հարաբերություններ են հաստատում հարևան երկրների հետ՝ «զրո խնդիր հարևանների հետ» բանաձևով, այդ թվում՝ Իրանի հետ լուրջ, քաղաքական և տնտեսական հարաբերություններ են կառուցվում, և նրանց ձեռնտու չէ ՀՀՊ տեղակայումն այսօր, որը միանշանակ ուղղված է Իրանի դեմ»,- ասաց նա:
Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։
Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ -0-

