Հայ լրագրողները ներկայացրել են Վանի Սուրբ Խաչ եկեղեցի այցի տպավորությունները
Հինգշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում հայ լրագրողները ներկայացրեցին Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցու պատարագից իրենց տպավորությունները։
Հայ լրագրողները Թուրքիա էին այցելել լուսաբանելու պատարագը թուրքական կողմի հրավերով՝ «Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը» նախագծի շրջանակներում, որը Հայաստանի և Թուրքիայի միջև լրագրողական, հասարակական և բիզնես հարաբերություններ հաստատելու նպատակ ունի։ Այդ երկու երկրների միջև սահմանը փակ է 1993թ.-ից՝ Թուրքիայի նախաձեռնությամբ։
Սուրբ Խաչ եկեղեցին հայկական միջնադարյան ճարտարապետության ակնառու հուշարձաններից է: Այն կառուցվել է Վասպուրականի թագավորության ծաղկման ժամանակաշրջանում՝ 915-921 թթ.-ին՝ ճարտարապետ Մանվելի կողմից՝ Հայոց Գագիկ Արծրունի թագավորի գահակալության տարիներին: Թուրքիան հայկական Սբ. Խաչ եկեղեցու վերականգնումը սկսել է միջազգային հանրության ճնշման ներքո: Դրա վերականգնման համար թուրքական իշխանությունները հատկացրել էին 1,5 մլն դոլար:
Գրեթե հարյուրամյա դադարից հետո առաջին հայկական ժամերգությունն անցկացվել է սեպտեմբերի 19-ին Սուրբ Խաչ եկեղեցում։
Պատարագի արարողության ժամանակ, ըստ Internews-ի լրագրող Արմեն Սարգսյանի՝ շուրջ մեկուկես հազար մարդ կար, որոնցից մոտավորապես 300 լրագրող և 400 հայ՝ ի հակառակ թուրքական իշխանությունների սպասումների, որոնք պատրաստվել էին մոտ 10 հազար մարդու ժամանման։
«Պատարագը հրաշալի էր, դա հայկական ոգու թրթիռն էր այդ վայրերում՝ այդքան տարի անց»,- տպավորությունները բարձրաձայնեց «Ազգ» թերթի թղթակից Մարիետա Խաչատրյանը։
Ըստ «Առավոտ» թերթի աշխատակից Գոհար Հակոբյանի՝ եղան մարդիկ, ովքեր մոտեցել են իրենց և իմանալով, որ նրանք Հայաստանից ժամանած լրագրողներ են, խոստովանել են իրենց հայկական ծագումը։
Ի սկբանե նախատեսվում էր, որ Սուրբ Խաչ եկեղեցու գմբեթին օծված խաչ կտեղադրվի, սակայն ավելի ուշ թուրքական իշխանությունները՝ նշելով տեխնիկական խնդիրները, չեղյալ համարեցին այդ որոշումը, ինչը հայկական հասարակության և Հայ Առաքելական Եկեղեցու վրդովմունքն առաջացրեց։ Հայ Առաքելական Եկեղեցին որոշում ընդունեց չմասնակցել պատարագյին այն բանից հետո, երբ պարզվեց, որ եկեղեցու գմբեթին խաչ չի տեղադրվելու։
Եկեղեցու գմբեթին խաչի բացակայության փաստին որպես բողոքի նշան՝ հայ լրագրողները փայտե խաչեր են պատրաստել (ողջ նյութը իր ուղեբեռում տարել էր Panorama.am կայքի թղթակից Հասմիկ Համբարձումյանը) և պահել են դրանք պատարագի ժամանակ, ինչն անմիջապես գրավել է արտասահմանյան ԶԼՄ-ների ուշադրությունը։
«Թուրքական օդանավակայանում, երբ կարդում ես հին հայկական քաղաքների անվանումները՝ Վան, Էրզրում, Բիթլիս... ներսումդ ամեն ինչ տակնուվրա է լինում, քանի որ դրանք հարազատ անուններ են, և զգում ես, որ քո տանն ես, բայց այն այլևս քեզ չի պատկանում»,- ասաց Համբարձումյանը։
Հայկական լրագրողների պատվիրակությունն այցի շրջանակներում հինգ օր Ստամբուլում է անցկացրել, որտեղ հանդիպել է թուրքական մամուլի ներկայացուցիչների և պետական պաշտոնյաների հետ։ Որից հետո հայ լրագրողներն ուղևորվել են Վան՝ Սուրբ Խաչ եկեղեցու պատարագի արարողությանը։
Ըստ լրագրողների՝ իրենք ապարդյուն են Վանում հայկական հետքեր փնտրել։ Հաջողվել է միայն երկու՝ արդեն գրեթե քանդված հայկական տուն գտնել, որոնցից մեկի ճակատին «1907» տարեթիվն էր։ Այս տարիների ընթացքում թուրքերը հիմնավորապես մաքրել են քաղաքում հայերի երբեմնի գոյության հետքերը։
Ամենից շատ լրագրողներին զարմացրել է այն, որ նույնիսկ զբոսաշրջիկների համար Վան քաղաքի բուկլետներում բացարձակ չի հիշատակվում հայերի մասին։
Ինչպես ասաց Խաչատրյանը, այդ բուկլետներում չի ասվում այն, որ Վանը հայերն են կառուցել, որ դա հին հայկական Ուրարտու պետության մայրաքաղաքն է և ընդհանրապես, որ այդտեղ հայեր են ապրել։
«Բուկլետում գրված է, որ Վանը հիմնել է ասորի Շամիրամ թագուհին և որ Ուրարտուն քրդական պետություն է»,- ասաց նա։
Համբարձումյանը նաև պատմեց, որ պատարագի նախորդ օրը լրագրողներն այցելել են Սուրբ Խաչ եկեղեցի և վրդովվել են թուրք անվտանգության աշխատակիցների վերաբերմունքից։ Քանի որ եկեղեցին որպես թանգարան է գործում, այն բաց է միայն առավոտյան ժամը ինից մինչև երեկոյան ժամը վեցը։
«Երբ մենք ցանկացանք ժամը վեցից հետո ևս մի քիչ մնալ եկեղեցում, մեզ կոպիտ ձևով դուրս արեցին»,- ասաց նա։ -0-

